понедельник, 1 сентября 2014 г.

PR կոմպանիա՞, թե՞ բարեգործություն Հիսուսի անունով

Երկար ժամանակ է, ինչ մի հարց է ինձ անհանգստացնում և երկար ժամանակ մտածում էի, արժե արդյո՞ք այդ հարցին անրադառնալ, թե կարող եմ սխալ հասկացվել, բայց շարունակական աճող այդ տենդենցը, ակամա ինձ ուղղորդեց այս հոդվածը գրելու:
Նկարում պատկերված է աղքատ մի ընտանիք: Առաջին հայացքից սրտացավություն ու կարեկցանք ես զգում. ժամանակից շուտ ծերացած կին և տղամարդ, մի քանի երեխաներ, ովքեր գզգզված մազերով և անլվա դեմքով՝ խղճուկ աչքերով նայում են քեզ, հետին պլանում տան կիսավեր պատերն են կամ երբեմնի կահույքի մնացորդներ: Նրանք նստած են մաշված բազկաթոռին, իսկ առջևում սեղանն է, որի վրա բազմաթիվ սննդամթերքներ են դրված և ինչպես «պահանջվում» է՝ նկարին կից տեղադրված է նկարում պատկերված անձանց անձնական կյանքի և սոցիալական վիճակի մասին մի կարճ պատմությունը: Պատմությունը սրտաճմլիկ է:

Առաջին տպավորությունը, որ ստանում ես նկարը դիտելիս, ուրախությունն է, որ սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ևս մի ընտանիքի օգնության ձեռք մեկնվեց՝ գտնվում են դեռ բարի մարդիկ կամ մարդասիրական կազմակերպություններ: Սակայն, երկրորդ տպավորությունը սթափեցնող է, վիրավորական և խորհելու տեղիք տվող: Մտածում ես՝ արժե՞ արդյոք ողջ աշխարհով մեկ հրապարակել բարեգործությունը, որ կատարվել է Հիսուսի անունով և Նրա սիրուց դրդված:
Աստծո ձեռքը չի կարճացել և այսօր էլ նա կարող է հասնել կարիքավորներին և օգնել նրանց, և Նա դա անում է Իր տեսանելի մարմնի՝ եկեղեցու միջոցով: Թող տեսնեն մարդիկ: Իսկ ինչո՞ւ պետք է նրանք տեսնեն, ինչո՞ւ պետք է հանրությունը դեմքով ճանաչի նրանց, ովքեր կյանքի հարվածներից ծունկի են եկել, ջախջախվել են, գիշեր-ցերեկ աղոթել Աստծուն, որ Աստված օգնության ձեռք մեկնի, սոված պառկել քնելու, արտասուքով թրջել բարձը և, հավանաբար, երբեմն էլ Աստծուց նեղացել: Նրանք արդեն ստացել են իրենց բաժին տառապանքն ու մերժվածությունը, իսկ հիմա ստացել մի կարճատև ուրախություն կամ հույս, ուրեմն էլ ինչո՞ւ աշխարհն իմանա իրենց կյանքի պատմությունը, ինչո՞ւ դրսում ճանաչելով՝ մատնացույց անեն իրենց:
Անշուշտ, քրիստոնեական եկեղեցիներն ու կազմակերպությունները բարեգործությունները կատարում են՝ Հիսուսի պատվիրաններին հետևելով:
«Մենք Աստծո նոր ստեղծագործությունն ենք, քանի որ միացած ենք Հիսուս Քրիստոսին. ստեղծված ենք կատարելու համար այն բարի գործերը, որոնց համար Աստված սկզբից պատրաստեց մեզ, որպեսզի դրանցով լցնենք մեր կյանքերը» Նամակ Եփեսացիներին 2:10 (թարգմանություն Հայաստանի աստվածաշնչյան ընկերության, 2010թ.):
Սակայն.
Ես հասկանում եմ, որ այս նկարները, որոնք տարբեր եկեղեցիներ տեղադրում են իրենց էլեկտրոնային վեբ կայքերում, եկեղեցու կատարած աշխատանքների հաշվետվություն-ցուցադրումն է, որը նախատեսված է կոնկրետ լսարանի համար, և երբեմն այն իրենում կարող է կրել և գովազդ և անհայտ բարերարներին ներկայացվող հաշվետվություն, սակայն, քանի որ այդ կայքերը կրում են բաց և հանրայնացված տեղեկատվություն՝ ես վստահ եմ, որ կայքի այցելուները կարող են լինել ոչ հավատացյալներ, ում մոտ եկեղեցու նկատմամբ կարող են այլ տպավորություններ և կարծիքներ ձևավորվել և վանել նրանց եկեղեցուն մերձեցումից: Իմ մտահոգությունն այն է, որ նման եկեղեցիների թիվն աճում է և սա վտանգավոր է, քանի որ նրանք կամա, թե ակամա սկսում են նմանվել աշխարհիկ կառույցների, ովքեր բարեգործական ակցիաները գործածում են սեփական PR-ի և գովազդի համար, թեև անկեղծ ասած, վերջերս ինձ զարմացնում է անհատ բարերարների գաղտնի մնալու ցանկությունը, և դա գովելի է:
Սակայն խնդիրը միայն սրանում չէ, այլ այն պատվիրանի անտեսման, որով Հիսուսը մեզ կոչ է անում չհրապարակել բարեգործությունը, քանի որ այն նախատեսված չէ Աստծուն գովազդելու համար, այլ նույնացնում է մեր նմանությունը Նրա էության հետ, որ է՝ բարի և ողորմած, սիրող, հավատարիմ և կարեկից:
«Զգույշ եղեք, Աստծո հանդեպ ձեր պարտավորությունները մարդկանց ներկայությամբ մի’ կատարեք` ի ցույց նրանց, որովհետև այդ դեպքում վարձատրություն չեք ստանա ձեր երկնավոր Հորից: Երբ ցանկանաս ողորմություն անել, փող ու թմբուկով մի արա դա՝ մարդկանց ուշադրությունը գրավելու համար, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում՝ մարդկանցից փառավորվելու ակնկալությամբ: Վստահ եղեք, դա է միայն նրանց վարձատրությունը: Ընդհակառակը, երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջ ձեռքը: Այսպիսով, քո ողորմությունը ծածուկ արած կլինես, և քո Հայրը, որ անտեսանելի է և տեսնում է կատարածդ, քեզ կվարձատրի հայտնապես» Մատթեոս 6:1-4 (թարգմանություն Հայաստանի աստվածաշնչյան ընկերության, 2010թ.):
Որքանո՞վ է աջ ձեռքը իրավասու իմանալու, թե ինչ է գործում ձախ ձեռքը: Այս հարցը՝ խորհրդածության համար:
Անթաքույց է, որ յուրաքանչյուր բարերար ցանկանում է վստահ լինել, որ իր նվիրատվությունները ճիշտ են բաշխվել և հասել են հասցեատերերին: Նույնքան և վստահ եմ, որ գիտեք աշխատանքային սկզբունքներն ու մեթոդները, որոնք ձևավորում են բարերար և կազմակերպություն փոխվստահությունը: Եվ եթե չլիներ այդ փոխվստահությունը, չէր էլ լինի այն բարեգործությունը, որը կատարվել է Աստծո փառքի համար՝ ի աջակցություն կարիքավորների: Իհարկե,  այդ նկարներն ու պատմությունները կարող են քաջալերել և ոգևորել այլոց՝ մասնակցելու բարեգործությանը, այնուամենայնիվ, կան այլ կերպեր դա անելու՝ առանց հանրայնացման:  Ուստի, խնդրում եմ ձեզ դադարել շահառուների հետագա նվաստացումը և պահպանեք Հիսուսի՝ մեզ տրված պատվերը:
Աստված ձեզ առաջնորդ և օգնական:
Մամիկոն Համբարյան
Աստվածաբան, հրապարակախոս
Հրապարակվել է crossnews.am կայքում

Комментариев нет:

Отправить комментарий