Ի՞նչ
արժե մանանեխի սերմի հատիկի չափ հավատքը: Թերևս այն անգին է, քանի որ նման հավատքն
ի զորու է անհնարինը հնարավոր դարձնելու: Խելացի քեռիների կամ մորաքույրների համար,
օգտագործեմ «սեկուլյար» կամ սեկուլյարիզացիա տերմինները: Իսկ հասու լեզվով, այն
նշանակում է աշխարհիկացում: Մեծերից մեկն ասել է «Աշխարհը դառել է եկեղեցական իսկ
եկեղեցին աշխարհիկ»: Թերևս սա ամենավտանգավորն է, որը կարող էր սպառնալ հավատավորի
հավատքին կամ եկեղեցու՝ ինչպես այսօր են անվանում՝ ինստիտուտին:
Որպես հավատացյալ,
ես եկեղեցին չեմ համարում ինստիտուտ՝ լոկ այն պարզ պատճառով, որ չեմ ցանկանում այն
հավասարեցնել մնացած ինստիտուտներին, որոնք կոչված են բարոյահոգեբանական դաստիարակություն
տալու կամ լուծելու հասարակության տարբեր բնույթի խնդիրները:
Ես, եկեղեցին համարում եմ դրանցից վեր, քանի որ պատճառը, որի համար նա գոյություն
ունի, ավելին է քան հասարակության դաստիարակությունը: Չեմ բացառում նաև այն
պարտավորությունները և առաքելությունները, որոնք եկեղեցին նույնպես իր առջև է դրել իրականացնելու համար: Հազարամյակների գոյության ընթացքում, նա բախվել
է բազմաթիվ խնդիրների և միշտ էլ ընդունել է իր ժամանակի մարտահրավերները և
հաղթանակած դուրս եկել դրանցից: Որպեսզի խոսքերս չնդունվեն լոկ «հավատացյալի» խոսքեր՝ ինչպես այսօր ընդունված է կոչել նրանց, ովքեր հավատում
են ոչ միայն տրամաբանությամբ՝ այլև հոգով և
զգացմունքներով, փորձեմ խոսքերս համեմել և հաստատել՝ ցիտելով մի քանի Աստվածաշնչյան
ճշմարտություններ: Օրինակ, Հիսուսն ասաց Պետրոսին, որ Նա կառուցելու է իր եկեղեցին
այն ճշմարտության վրա, որը Հայր Աստված բացեց՝ հայտնեց Պետրոսին, այսինքն՝ եկեղեցին կառուցվելու էր Հիսուսի Աստվածության գաղափարի
վրա: Հիսուսը մի առիթով ասաց, որ նույնիսկ դժողքի դարպասները չեն կարող հաղթահարել
եկեղեցուն և նրա գոյության պատմության մեջ, մենք տեսնում ենք, որ աշխարհի ոչ մի
կառավարություն և իշխանություններ, ինչպես նաև կայսրներ և թագավորներ, չեն կարողացել սպանել եկեղեցին կամ
այն հոգին, որը առկա էր նրա հավատացյալների մեջ: Իր պատմության մեջ, եկեղեցին
ունեցել է և լավ և վատ կղերականություն, ունեցել է փառքի օրեր և նաև ունեցել է
հալածանքների տարիներ, սակայն մենք տեսել ենք, որ ոչ մի բան չի կարողացել
արմատախիլ անել եկեղեցին և դա այն պարզ պատճառով, որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է
և ինչպես Պողոս առաքյալն էր գրում, Քրիստոսն է նրա գլուխը: Անշուշտ, եկեղեցին ունեցել
է և լավ, տաղանդավոր և վատ և հարստահարող
ղեկավարություն, սակայն, այն ամենևին չի նսեմացրել եկեղեցու արժեքը և նշանակությունը
մարդու՝ հասարակության կյանքում: Բոլոր մարդիկ փրկության կարիք ունեն, հաճախ մարդը
չի գիտակցում այս բառի նշանակությունը, թե ի՞նչից կամ ի՞նչու պետք է նա փրկվի և
այդ պատճառով, ոմանք սխալ պատկերացում ունեն եկեղեցու և հավատքի վերաբերյալ:
Անշուշտ հավատքի մանանեխի հատիկը, անհասու է դառնում շատերին, քանի որ նրանք,
ովքեր կոչված են այդ հատը պարարտ հողի մեջ գցելու՝ ընդհակառակը գողանում են այն,
զրկելով մարդուն՝ իսկ եթե գլոբալ արտահայտվեմ՝ մարդկությանը, իր վտանգված գոյության
փրկությունից: Կարճատես կամ կույր պետք է լինել, ես նույնիսկ կավելացնեի խուլ, որ
չտեսնեինք կամ չլսեինք այն բոլոր ահազանգները, որոնք տաիս է այս երկրագունդը կամ
բնությունը՝ ցնցելով և թոթափելով մարդկային ստրկատիրական հակումների
դրսևորումները, փորձելով ազատվել այն լուծից, որով մարդը ցանկանում է հագուրդ տալ
իր սպառողական նկրտումներին և ագահությանը, ոչնչացնելով ամեն ինչ և սպանելով ամեն
բան, այդ թվում և պարզ հավատքը: Անշուշտ, մարդը կանգ չի առնում ոչ մի բանի առջև և
պատրաստ է ամեն ինչի և ամենին զոհաբերելու հանուն սեփական բարորության և
գոյության, ապահովելով իր գենի գոյությունը և զարգացումը:
Չեմ
ցանկանում ընդհանհրական խոսել, կամ մտնել գիտական, սոցիոլոգիական, հոգեբանական և
այլ –ականների կամ բանաձևերի և ուսումնասիրությունների մեջ, և այդ իսկ պատճառով
ցանկանում եմ դիտարկումներս լոկալացնել Հայաստանյան իրականության սահմանների
շրջանակներում և քանի որ, այսօրվա ընթերցողը սովորել է sms-ային հաղորդագրութունների, այսինք չի սիրում կարդալ և
նախընտրում է կարճ հաղորդագրությունները, այդ իսկ պատճառով ստիպված եմ ասելիքս մաքսիմումի
սահմաններում կարճել, որովհետև ցանկանում եմ այն հասանելի և մատչելի դարձնել
բոլորին:
Շատերն
են այսօր վիճարկում, թերագնահատում, մեղադրում կամ չափից ավել կարևորում Հայ
Առաքելական եկեղեցու դերակատարումն ու ներդրումը հայ ժողովրդի գոյության,
պատմության, կյանքի և զարգացման մեջ: Որպես հավատացյալ, ես գնահատողների շարքերում
եմ, բայց ոչ երբեք թերագնահատողների կամ գերագնահատողների: Բնականաբար կան
անվիճելի փաստեր, թե ինչպես է եկեղեցին արգելք հանդիսացել այս գործնթացի մեջ, կամ
հակառակը, ինչպես է այն նպաստել հայ ազգի գոյության պահպանմանը: Համամիտ չեմ, որ
եկեղեցին է հանդիսացել մեր մշակույթի կրողը, քանի որ մշակույթը ազգը կրել է
իրենում, սակայն ապահովության համար երբեմն ապաստարան է գտել նրա ներսում, քանի որ
եկեղեցին բոլոր ժամանակներում կարողացել է լեզու գտնել՝ թե զավթիչների և թե այլ
կրոնների կամ իշխանությունների հետ՝ ապահովելով
սեփական անկախ գոյությունը: Գոյություն ունի տարածված մի սխալ ըմբռնում: Հաճախ
հասարակությունը ասոցացնում է եկեղեցին և կղերականությունը, չզատելով երկուսն
իրարից, թերևս դա այդպես էլ պետք է լիներ, եթե գոյություն չունենար մի բայցը, որը
երբեմն տարանջատում է երկուսին: Դա կղերականության աշխարհիկացումն է, որով
ստվերվում է եկեղեցու գոյության բուն նպատակը: Այսինքն, կղերականության մշտական
ձգտումը, ապրելու աշխարհիկ կյանք և օգտվելու աշխարհիկ բարքերից՝ ինչպես դա անում
են այն մարդիկ, ում հավատքը սահմանափակվում է լոկ տաղավար տոներին սեփական
ներկայությունն ու հավատքի ձևական արտահայտումն ապահովելով: Ես ի նկատի ունեմ «նոմինալ»
քրիստոնյաներին, այսինքն նրանց, ովքեր ջանք են դնում համատեղելու անհավատ աշխարհիկ
կյանքն ու ճշմարիտ հավատքի սկզբունքները: Սրանք երկու տարբեր ծայրահեղություններ
են և դրանց դրսևորումը մենք տեսնում ենք այսօրվա Հայաստանյան՝ թե հոգևորական և թե
իշխանական դասի և ինչու չէ՝ շարքային քաղաքացիների մոտ: «Հավատքի» նման դրսևորումը, քաջալերում է Ավետարանի ճշմարիտ սկզբունքների աղավաղումը, որն
էլ իր հեթին քայքայում և հանգեցնում է առողջ հասարակություն կերտելու՝ Ավետարանի
ապարդյուն ջանքերին:
Ըստ
Հայաստանի սահմանադրության, եկեղեցին և պետությունը առանձին են և կողմերից ոչ մեկը
իրավասու չէ միջամտելու մյուսի գործունեությանը, սակայն, կղերականության պատճառով,
այսօր եկեղեցի կառույցը ներքաշվել է պետություն և կղերականություն սերտաճման
գործնթացի մեջ, որը հանգեցրել է եկեղեցու հավատացյալ այցելուների օտարացմանը
եկեղեցուց: Թերևս, սա չի վերաբերվում եկեղեցու պատմության մեջ երբևէ եղած
հոգևորականությանը, և որպես բացառություն, հարկ է նշել, որ եկեղեցին ունեցել է
ճշմարիտ հավատացյալ՝ հոգևոր սպասավորներ և
այդպիսիները կան նաև մեր օրերում և մեր եկեղեցիներում: Այսօր, հայ առաքելական
եկեղեցու սպասավորներից շատերը, բռնել են աշխարհիկացման ուղին, որի պատճառով
եկեղեցին հայտնվել է ժամանակի պահանջներից և մարտահրավերներից դուրս, չդրսևորելով
այն ճկունությունը, որը նրան հասու է դարձնում տվյալ ժամանակի հասարակությանը:
Օրինակ՝ ավանդապաշտ եկեղեցի և զարգացող գիտություն, աշխարհիկ կղերականություն և
եկեղեցու շարքային այցելու-հավատացյալ օտարացում, Եկեղեցու՝ Ավետարանի հավատքի
հիմքերից օտարացում, հոգևոր դաշտի մոնոպոլիզացիա, իշխանական լծակների գործածում
հանուն սեփական շահերի, որի պատճառով եկեղեցին զրկվում է իշխանություններին «ճշմարիտ
ուղղու» վրա բերելու իր իրավունքից և այլև և այլ խնդիրներ:
Հիսուսն
ասում էր, « վայ ձեզ, դպիրներ և Փարիսեցիներ՝ կեղծավորներ, որ փակում եք երկնքի
արքայությունը մարդկանց առաջին, որ ինքներդ չեք
մտնում, և մտնողներին էլ թույլ չեք տալիս մտնել» Մատևոս 23:13հ:
Եկեղեցին,
ունակ չլինելով բացատրել այսօրվա աղանդների՝ սնկի պես աճը և իր այցելուների
կորուստը, իր մեղքը գցում է ժողովրդի վրա, փոխարեն որ կարիք ունի բարեփոխումների:
Մարդիկ բախվելով հավատքի և փրկության փակ դռներին, հարում են այլևայլ կրոնական
կազմակերպությունների, քանի որ ենթագիկացաբար կամ գիտակցաբար, փնտրում են փրկության
այլ՝ բաց դռներ, հաճախ հայտնվելով սատանայի և կեղծ ուսմունքների ճիրաններում,
ովքեր իրենց հերթին մտնում են իրեմց
հետևորդների՝ արդեն իսկ ծակ և դատարկ գրպանները:
Բոլոր
եկամուտ հետապնդող կառույցներն ու կազմակերպությունները, միշտ էլ նպատակ են
հետապնդել մտնել քաղաքացու՝ իսկ այս դեպքում՝
հավատացյալի գրպանը և դատարկելու նրա պարունակությունը՝ եթե այն իսկապես լիքն է
եղել և այդ նպատակին հասնելու համար, նրանք գործածել են և գործածում են տարբեր
հնարքներ, գովազդներ և արտադրել են սպառողի համար անհրաժեշտ ցանկացած առարկա և իր:
Մարդիկ տգետ և բութ չեն և միջնադարի խավարը վաղուց է անցել և հասարակությունը ի զորու է զանազանել բարին՝
չարից, սուտը և կեղծիքը՝ ճշմարտությունից և եկեղեցին, կամ ավելի շուտ այսօրվա մեր
կղերականությունը, պետք է սա հասկանալով, հրաժարվի իր բիզնեսմենի հոգեբանությունից
և դադարի մարդուն դիտելու որպես իր եկամուտի աղբյուրի: Ֆեոդալ կղերականները (ես չեմ ասում եկեղեցին, քանի որ
եկեղեցու սեփականությունը պատկանում է հավատացյալներին և ոչ թե կղերականներին) պետք է հասկանան, որ իրենց գերակա շահը, պետք է լինի
մարդկային հոգիների փրկությունը և ոչ թե «միամիտ» հավատացյալների գրպանի
պարունակությունը: Շատ կփափագեի, որ հերթական այս ահազանգը լսելի դառնար, քանի որ,
եթե այսօր, եկեղեցին չորդեգրի բարեփոխումների ուղղին, ապա նա դատապարտված է
մահվան:
Մանանեխի մի հատիկ սերմի չափ հավատք: Այո, հավատացյալը
պատրաստ է զոհելու իր ամենա թանկարժեքը՝ միայն թե այդ սերմը իր առջև բացի երկնքի արքայության դարպասները:
Հրապարակվել
է 7or.am կայքերում
Комментариев нет:
Отправить комментарий