суббота, 11 мая 2013 г.

Ի՞նչպես ազատվել արտագաղթելու ցանկությունից


Օրեց օր, Հայաստանում դժվարանում է կյանքը: Կյանքի բոլոր ոլորտներում անկում է: Անշուշտ, շատերն են պայքարում արտագաղթելու գայթակղության դեմ, սակայն ապրելը թանկ հաճույք է և ապրելու համար հարկավոր է աշխատել: Ավելի շատ պատճառներ կան հեռանալու համար, քան թե մնալու: Դժվար չէ հեռանալու ցանկություն ունցողին հասկանալը, պարզապես հարկավոր է քննադատելու վատ սովորությունը թողնել և դուրս գալ սեփական հարմարավետությունից ու փորձել ապրել սեփական ինքնուրույն և հասուն կյանքը: Ինձ բարկացնում են այն հոդվածները, որոնցում նորավարտ և կայանալ ցանկացող գեղեցիկ, մանկահասակ, պապայի ու մամայի քնքուշ բալիկ՝ աղջնակ-լրագրողուհին, իր պսեվդոհայրենասիրությամբ քննադատում է ամիսներով կիսաքաղց ու անճար ընտանիքներին, ովքեր բալեքին իրենց կտուցներում վերցրած՝ գլխիկոր, թողնում են տուն տեղ ու հեռանում հայրենիքից:

Ի՞նչպես է ապրում աղքատ ընտանիքը: Ի՞նչ ասել է տարիներով յոլա գնալ ցամաք հաց և ջրիկ ճաշով, երբ համով և կուշտ փորով ուտելը՝ լոկ երազանք է: Իսկ հիմա փորձեք պատկերացնել հարուստի կենցաղը, երբ նրա խեղճ աղախինը մոլորվում է, թե ի՞նչ եփել այսօր, որ պարոնի քիմքին հաճելի լինի: Ի՞նչու եմ խոսում այս երկու կոնտրաստների մասին, դե պարզապես այն պատճառով, որ գոյություն չունի միջին խավ, որ ասեինք, թե աղքատ ընտանիքներն այնքան քիչ են, որ կարելի է նրանց մատների վրա հաշվել: Այս երկրի համար, սարսափելին հենց այն է, որ միջին խավ վաղուց գոյություն չունի և ներկայիս իշխանությունները պետք լուրջ մտջահոգվեն և քայլեր ձեռնարկեն միջին խավ ձևավորելու համար, եթե ոչ, ապա այս խնդրի հետզհետե մեծացող ճեղքվածքը մի օր կպայթի:
Հետաքրքիրն այն է, որ երբ ցանկացա կեսկատակ խոսել այս մասին, քանի որ գտնվում էի Գյումրի -Երևան գնացքի մեջ և հենց երեք ժամ տևող ճամփորդությունս խոստանում էր հետաքրքիր լինել՝ մտքովս չէր էլ անցնում, որ գնացք նստելու ցանկությունս կարող էր հիասթափության վերածվել, քանի որ վագոններում տեղադրված նստարանները շատ չորը դուրս եկան ու երեք ժամ այդ նստարանին տառապելով փորձում էի անհարամարավետության զգացողությունս ցրել: Գնացքի անիվների ռիթմիկ թակոցները  մտքերի մեջ խորասուզեցին ինձ: Նայում էի մարդկանց՝ ամեն մեկն իր բանին էր, հոգնած դեմքեր, ծեր և հյուծված կանայք, ժամանակից շուտ հոգեպես ծերացած՝ սպիտակամազ երիտասարդներ, զույգեր իրենց երեխաների հետ, մի անառակ ու իսկապես թեթևաբարո կին, ով արդեն վաղուց է, որ թառամել էր, սակայն կյանքը ստիպում էր նրան շարունակել այդ մասնագիտությամբ զբաղվելը և ահա, նա արդեն իր ցանցն է առել մի ջահելի, ով ուրախ - ուրախ փորձում էր ժամանակի հոսքն արագացնել դատարկաբանությամբ՝ վարկյան առաջ տեղ հասնելու ու պառաված սիրո պտուղները վայելելու համար: Ահա  առևտրականները, ովքեր գիշեր ցերեկ քաշ են գալիս վագոնից՝ վագոն, աղերսելով, որ ուղևորները սիգարետ, ձողիկներ կամ տղամարդու գուլպաներ գնեն:
Մարդիկ այնքան տարբեր են իրարից, մեկը դժգոհ է իր կյանքից ու անիծում է իր բախտը, մյուսը գոհ է, իսկ էն մեկելը երևի թե չի էլ մտածում այդ մասին: Մտքիս թելը կտրվում էր այն պահին, երբ հերթական կանգառում՝ աշխուժ գնացք էին բարձրանում  նոր ուղևորներ՝ դառնալով իմ ուսումնասիրության առարկան: Ասեմ, որ շատ արագ փոշմանեցի գնացք նստելուս համար, սակայն մի կողմից բացահայտեցի արտագաղթելու ցանկությունից ազատվելու գաղտնիքը: Նստեք Գյումրի-Երևան և այնուհետև հետադարձ գնացքը և իսկապես կհրաժարվեք արտագաղթելու մտքից, իսկ եթե արտագաղթելու անհրաժեշտությունն իսկապես օրհասական խնդիր է, ապա չեմ էլ համոզի, կյանքը կարճ է, որպեսզի այն փուճ երազանքների վրա վատնեք: Կյանքն այսօր թելադրում է «Որտեղ հաց՝ էնտեղ կաց»: Չեմ քաջալերում արտագաղթը, անձամբ դրա մասին շատ եմ խոսում, բարձրաձայնում, գրում եմ իմ հոդվածներում:
Հետաքրքիր է, ե՞րբ է դադարելու արտագաղթը: Բոլորին, անշուշտ այս հարցն է հետաքրքրում ու այն դարձել է ռիտորիկ: Մի կողմից գիտենք պատասխանը, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է, մի՞գուցե այս անգամ պատասխանը այլ լինի, քան այն, որը մենք գիտենք:

Հրապարակվել է blognews.am կայքում 

Комментариев нет:

Отправить комментарий