Առաջիկա 3 ամիսների ընթացքում Գյումրին անձրևներից հեղեղվելու է, և գյումրեցին իր մաշկի վրա է զգալու անմխիթար փողոցների վիճակը: Լավ, մի բան է ջրմուղի կատարած անբարեխիղճ աշխատանքը, այլ բան են ընդհանրապես չկառուցապատված բակերը: Սակայն դա միակ դժբախտությունը չէ, որ մտահոգում է գյումրեցուն:
Անցած տարվանից մինչ այսօր չարաշահվում է «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» անվանումն ու արդեն անցյալում մնացած մշակութային միջոցառումները, որոնք անընդհատ ներկայացվում են որպես նոր քաղաքապետի և նրա թիմակիցների գործունեության տրիումֆ: Իսկապես, շնորհավորում եմ, շնորհակալ ենք, ապրեք, բայց հասկացանք, միգուցե այլ խնդիրների անդրադառնա՞ք: Գյումրին արժանի է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք կոչվելուն, իսկ գյումրեցիները՝ այդ տիտղոսը կրելուն, դա անվիճելի է, ուստի կխնդրեի ինձ ճիշտ հասկանալ: Ինքս ինձ համարում եմ մշակույթի մարդ և կար մի ժամանակ, որ բավական ակտիվ մասնակցություն եմ ունեցել Լենինականի մշակութային կյանքում, այդ իսկ պատճառով, ինձ իրավունք եմ վերապահում արտահայտվել, քանի որ Գյումրիին տրված տիտղոսները ոչինչ չավելացրին այդ ոլորտում գործող մարդկանց կյանքի կամ ստեղծագործելու հնարավորության և պայմանների բարելավման համար՝ բացառությամբ ձեռք բերված անձնական փորձառությունն ու մեծարումը: «Արվեստագետները միշտ էլ նեղությունների մեջ են ստեղծագործել», մի՞թե հնարավոր չէ փոխել այդ կարծրատիպը, կամ ո՞վ է ասել, որ կուշտ, ապահովված և կայուն եկամուտ ունեցող արվեստագետները չեն կարող ստեղծագործել: Շատ թե քիչ, ծանոթ եմ այդ ոլորտի մարդկանց հետ և տեղյակ եմ իրենց սոցիալական կամ աշխատանքային պայմաններին, այդ իսկ պատճառով էլ գիտեմ, թե ինչ եմ գրում: Գիտեք, մշակութային անցուդարձն իսկապես յուրահատուկ իրադարձություն էր, սակայն ոչ բոլոր գյումրեցիների համար, օբյեկտիվ լինելու համար մենք պետք է սա խոստովանենք: Համոզված եմ, որ գյումրեցիների մեծամասնության աչքին չեն երևում բարեկարգված հրապարակը, տեղադրված մի քանի հուշարձաններն ու, մանավանդ, մշակութային մայրաքաղաքի՝ մշակութային անցուդարձը: Ցածր կենսամակարդակը թույլ չի տալիս գյումրեցուն հաղորդակից լինելու մշակույթին և, ընդհանրապես, կյանքի տարաբնույթ զվարճություններին կամ ժամանցներին: Գյումրեցու համար առաջին խնդիրը եղել է ու կմնա համատարած գործազրկությունը, որի ճիրանների մեջ չզմվելով՝ ճաշակում է աղքատության, չքավորության և արտագաղթի դառնությունը, ահա, թե ինչպիսի աչքերով է գյումրեցին նայում իր քաղաքին:
Ցանկանո՞ւմ եք Գյումրին շինել, ուրեմն ստիպեք կառավարությանը, որ Շիրակի մարզի հարկային դաշտին այլ մոտեցում ցուցաբերի, հաշվի առնելով շիրակցու աղետաի վիճակը, ցուցաբերի ճկունություն, նվազեցնի փոքր և միջին բիզնեսի վրա դրված հարկերը, կամ էլ իսկապես որ, Շիրակի մարզը հայտարարեք ազատ առևտրի գոտի, մի քանի տարով թողեք, որ շիրակցին ոտքի կանգնի, բարգավաճի, թողեք փոքր և միջին բիզնեսը շունչ քաշի, ապա հետո պահանջեք հարկ վճարել: Դադարեցրեք հարկատուներին շինծու կամ աննշան խախտումների պատճառով վարչական տուգանքների ենթարկելը, էդ ի՞նչ թվեր եք կրակում: 2013 թվականին կառավարությունը հարկային բարեփոխումների անվան տակ, կարծեմ 147 օրենքներ է ենթարկել փոփոխության, յուրաքանչյուր ամսին բաժին է ընկնում գրեթե 13 օրենք: Կարծո՞ւմ եք գործարարը հասցրել է հասնել ձեր հետևից կամ հասկանալ, յուրացնել և կիրառել այդ օրենքները: Աբսուրդ է:
Գյումրիում, 40 տարեկան տղամարդն ու 35 տարեկան կինը, համարվում են պառաված, անպիտան, կամ էլ անբարետես (շատ դեպքերում դա այդպես է, կյանքի ծանրությունից՝ ժամանակից շուտ ծերացած, թափված ատամներ և այլն), ինչպես որոշ վաճառատների տնօրեններն են արտահայտվում, նրանք աշխատանքի են ընդունում միայն 20 տարեկան բարետես աղջիկների, ինչու՞, որ լքստվեն, թե նվազագույն աշխատավարձով ստրկացնեն, իսկ պետ. համակարգում, ընդհանրապես աշխատանքի ընդունվելու տարիքային շեմը 30-ն է: Ի՞նչու համապատասխան մարմինները ձեռնամուխ չեն լինում ինչ-որ քայլեր ձեռնարկելուն՝ գործարարների ամենաթողության դեմն առնելու համար: Երևանում նույն աշխատանքը կատարող անձը ստանում է 2-3 անգամ ավել, մինչդեռ գյումրեցիները, պարզապես, տրաֆիկինգի են ենթարկվում սեփական երկրում: Ինչո՞ւ ոմանք պետք է հարստանան ուրիշներին շահագործելու հաշվին: Այս պարագայում, ի՞նչ խորհուրդ կտաք գյումրեցուն, ի՞նչ անի նա:
Համացանցում, տարբեր կայքերի կողմից բարձրաձայնվում են Շիրակում բնակվող բազմազավակ ընտանիքների սոցիալական ծանր պայմանների մասին: Առիթ եմ ունեցել մի հոդվածով անդրադառնալու նրանց խնդիրներին և նույնիսկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներից մեկին, ով աշխատում էր բազմազավակ ընտանիքների մասին սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու նախագծի վրա՝ ուղարկել եմ իմ կողմից ուսումնասիրված և մշակված մի քանի առաջարկներ, որոնք ըստ իս, կարող էին թեթևացնել նրանց սոցիալական պայմաններն ու նույնիսկ հնարավորություն տալ սեփական բիզնեսը հիմնելու: Ի դեպ, զարմանալի է, որ որոշ չինովնիկներ կարծում են, որ բազմազավակ է համարվում այն ընտանիքը, որտեղ վեցից ավելի երեխաներ կան, մինչդեռ այսօր, երեք երեխա ունեցող ընտանիքն արդեն իսկ կարելի է բազմազավակ համարել, իհարկե, սա օրինականացնելու համար, հարկավոր է, որ սահամանդրության մեջ հստակեցվի, թե քանի երեխա ունեցող ընտանիքն է համարվելու բազմազավակ, որպեսզի ոմանք չառաջնորդվեն սեփական պատկերացումներով, իսկ այդ ընտանիքները ստանան կոնկրետ աջակցություն: Ձեզ թվո՞ւմ է, թե այդ ընտանիքներին դուր է գալիս աղքատության նպաստ ստանալն ու տարբեր չինովնիկների ծաղրին ենթարկվելը, նրանց համար գրեթե անհնար է աշխատանք գտնելն ու նվազագույն աշխատավարձից էլ ցածր աշխատավարձով տուն պահելը, ոչ գոյատևելը: Պարոն քաղաքապետ, իսկ ի՞նչ է անում քաղաքապետարանը այդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար, մի՞գուցե քաղաքի բյուջեն տակավին դեռ չի լցվել: Այդ դեպքում, ասենք, թե Սերժ Սարգսյանի եղբայրը, «Վերածնունդ» փառատոնի անվան տակ, 5 միլիոն դրամ պահանջեց ձեզանից և դուք չկարողացաք «խնդրանքին» ընդդիմանալ և ստիպված եղաք քաղաքային բյուջեից այդ գումարը տրամադրելու, իսկ եթե այս ընտանիքները չունեն Սերժի պես եղբայր, ուրեմն «անտերին գելն է կերե՞լ»: Նրանց երեխաները չեն սովորում երաժշտական դպրոցներում, վատ են հագնվում, վատ սնվում, չեն մասնակցում դպրոցներում կազմակերպված միջոցառումներին և ընդհանրապես, չեն էլ կարող երազել բնակարանային նորմալ պայմանների մասին, այս պարագայում մոռանանք երջանիկ մանկության կամ էլ նրանց ապագայի մասին: Ի դեպ, որքանով որ հետևում եմ ավագանու նիստերին, որտեղ քննարկվում են ֆինանսական աջակցությունների վերաբերյալ հարցեր, համոզված եմ, որ շատ անգամներ բյուջեի գումարներն աննպատակային են բաշխվում կամ ծախսվում, ցանկալի կլիներ, որ նման ընտանիքներին ցուցաբերվեր էական աջակցություն, ինչպես ասվում է՝ «մատից փուշ հանեք»:
«Մուշ 2» թաղամասում մի քանի տարի առաջ Հայ-Ռուսական բարեկամության պուրակ հիմնվեց, տնկվեցին մի քանի տասնյակ ծառեր, որոնք ապագայում իրենց հովհանու տակ են առնելու քաղաքի փոշուց ու ունայնությունից փախած ու հանգիստ որոնող քաղաքացուն, բայց մինչև այսօր այդ պուրակը չի ստացել իր տեսքն, ու մատղաշ ծառերը պարզապես խեղդվում են մոլախոտերի և փշերի մեջ, իսկ բուն թաղամասի կենտրոնում, տակավին դեռ չի ընդգծվել մեկ այլ պուրակի ուրվագիծը, և թաղամասի բնակիչների հիմնական զբոսավայրն է դառել նորակառույց շենքերի միջով անցնող միակ ասֆալտապատ փողոցը, որն արդեն դատապարտված է ջրափոսեր ունենալու ճակատագրին: Թափառող շների մասին չխոսենք, մինչև դրանք մի երեխայի չուտեն, ոչ մի քայլ չի ձեռնարկվի, հարցի լուծումը թողնենք՝ անցանկալի, բայց սպասելի միջադեպին:
Թերևս, ընթերցողին այս հոդվածը հոռետես թվա, սակայն սա գյումրեցու հանապազօրյա մտահոգությունն է, հոգսը, իսկ տարաբնույթ միջոցառումները, որոնք կարճ ժամանակով ուրախություն են պարգևում գյումրեցուն կամ գյումրեցիների մի ստվար հատվածի, պարզապես որոշ ժամանակ անց մոռացության են մատնվում: Կարծում եմ, որ գյումրեցին կարիք չունի բարեգործ, բիզնեսմեն քաղաքապետի, այլ քաղաքապետի, ով ընտրված և կոչված է քաղաքացու բարեկեցությունը ապահովելու, կենսամակարդակը բարձրացնելու, աշխատատեղեր ստեղծելու, արտագաղթի դեմն առնելու, ծնելիության մակարդակը բարձրացնելու, կոռուպցիան արմատախիլ անելու: Ձեզ պատիվ չի բերի այն, որ երբևէ ձեզ հիշեն որպես քաղաքապետ, ով «Կլկլան» մուշուրբին հուշարձան է կանգնեցրել: Կուզենայի, որ այս հոդվածում խնդիրների պատասխան առաջարկեի, թեև ինքներդ էլ լավ գիտեք դրանք. հասկանում եմ, որ դժվար է, սակայն հավատում եմ, որ իրագործելի է, քայլ առ քայլ, քիչ-քիչ, բայց հնարավոր է, սակայն, այս խնդիրները համառորեն շարունակվում են աչքաթողության մատնվել իշխանությունների կողմից, որի մի մասն էլ դուք եք կազմում՝ ընտրված ժողովրդի կողմից, ժողովրդի խնդիրները լուծելու համար, ուստի, քանի դեռ այս խնդիրները մնում են առկախ կմնա նաև քաղաքացու արդար պահանջը, որպեսզի դրանց վերջնական լուծում տրվի:Քաղաքը շինված կհամարվի այն ժամանակ, երբ այդ մասին ոչ թե դուք, այլ գյումրեցին կհայտարարի:
Մամիկոն Համբարյան
Հրապարակվել է Asparez.am կայքում
http://www.asparez.am/news-hy/mer_xosq_gordze-hy/?fb_action_ids=675835235791223&fb_action_types=og.likes&fb_source=aggregation&fb_aggregation_id=288381481237582
Комментариев нет:
Отправить комментарий