Հարցազրույցս galatv.am կայքին
Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ ՀՀ-ում 2013-ին ավելացել է ինքնասպանությունների թիվը: Ո՞րն է պատճառը, և որո՞նք են խնդրի բարոյական ու սոցիալական կողմերը:
ԳԱԼԱ-ի զրուցակիցն է գյումրեցի հրապարակախոս Մամիկոն Համբարյանը:
-Պարոն Համբարյան, վերջին շրջանում Հայաստանում գրանցված ինքնասպանության դեպքերի և ինքնասպանությունների փորձերի թիվը աճել է: Որո՞նք են հիմնական պատճառները:
-Գրեթե երկու օրը մեկ լրատվական կայքերից տեղեկանում ենք հերթական ինքնասպանության կամ ինքնասպանության ձախողված փորձերի մասին, և հարկավոր է փաստել, որ Հայաստանում գրանցվում է սուիցիդի աճող տեմպեր: Ըստ այս տարվա առաջին կիսամյակի՝ գրանցվել է երեք հարյուր յոթանասունյոթ ինքնասպանության դեպք, և որքան հիշում եմ, հարյուր և մի քիչ ավելին «հաջողված» է եղել: Եթե ինքնասպանություն գործած անձանց տարիքային սահմանը չտատանվեր 18-ից մինչև 40 տարեկանը, այլ ֆիքսված լիներ կոնկրետ ինչ-որ տարիքային սահմանի վրա, ապա երևի թե հնարավոր լիներ ախտորոշել պատճառը, բայց քանի որ տարիքային սահմանը բավական մեծ է, ապա կարելի է ասել, որ տարբեր պատճառների ազդեցության հետևանք է: Ինքնասպանությունները կատարվում են հիմնականում խորացող դեպրեսիայի պատճառով, և այս պարագայում, կարելի է ենթադրել, որ հիմնական պատճառը կյանքի հաճախակի փոփոխական վիճակն է, ինչպես նաև անկայունության և ապահովության զգացողության բացակայությունը, ինչի պատճառով մարդը չի հասցնում ադապտանալ, հասնել կյանքի վազքի հետևից և գտնել լուծումներ կյանքի կողմից առաջադրված խնդիրներին:
Անցած տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած՝ մեկ տոկոսից ավել աճ է գրանցվել: Այս թվերը կատաստրոֆիկ են Հայաստանի համար և վախեցնող:
Որևէ մեկը այսօր երաշխիք չունի, որ չի հայտնվելու նման վիճակում: Ինքնասպան են լինում թե՛ երիտասարդները, թե՛ մեծերը, թե՛ սոցիալապես անապահովները և թե՛ ապահովվածները:
-Որքանո՞վ է հայաստանյան քաղաքական, սոցիալական ներկա վիճակը նպաստում կամ պարարտ հող ստեղծում ինքնասպանությունների թվի ավելացման համար:
-Ոչ բոլոր ինքնասպանություններն են, որ կատարվում են սոցիալական խնդիրներ ունենալու պատճառով, որպես կանոն՝ դրանք տարբեր պատճառների հետևանքներ են: Սակայն օրեցօր աճող գործազրկությունը, աղքատությունը, բանկերում կուտակված վարկային պարտքերը, հարատև թերսնումը և բազմաթիվ այլևայլ
անբարենպաստ պայմանները մարդու մոտ առաջացնում են նևրոզ, և քիչ չեն դրանից տառապողների թիվը, Շիրակի մարզում երևի թե յուրաքանչյուր երրորդ մարդը նևրոզով է տառապում, և ոչ բոլորն են, որ դիմում են բժշկի օգնության: Արդյունքում, աճող ճնշումները մարդուն հասցնում են անելանելի վիճակի, իսկ նման դեպքերում մարդը միայն մեկ լուծում է տեսնում՝ ինքնասպանությունը: Ստալինն ասում էր. «Չկա մարդը, չկա նաև խնդիրը»: Իշխանությունները ոչ մի փորձ չեն կատարում բարեփոխելու հայաստանյան կյանքը, և կարծես թե մշակված քաղաքականություն է վարվում երկիրն այս վիճակին հասցնելու համար: Այնպես որ, հողը ավելին քան պարարտ է:
- Ինչպե՞ս պետք է պայքարել ինքնասպանությունների աճող թվի դեմ:
-Որևէ մեկին չեմ ուզում մեղադրել այս հարցում, կարծում եմ, որ բոլորս ենք մեղավոր, թե ծնողների դաստիարակության թերացում է, թե կրթական համակարգի, թե ընկերային փոխհարաբերություններում բացակայող արժեքների և սկզբունքների, թե հեռուստատեսության, թե համացանցի և այլն:
Պայքարելու կերպեր շատ կան, բայց հարց է, թե ո՞վ է շահագրգռված ձեռնամուխ լինելու այդ գործի կատարմանը, թեև որոշ կառույցներ կան, որ տարիներ շարունակ լծված են այդ գործին: Ապերախտություն կլիներ, եթե ես չնշեի, որ Հայ Առաքելական, Ավետարանական և Կաթողիկե եկեղեցիները, ինչպես նաև որոշ ՀԿ-ներ բարոյահոգեբանական և դաստիարակչական աշխատանքներ են կատարում մանուկների, պատանիների և երիտասարդների հետ, ինչպես նաև ամուսնացած զույգերի և որոշ դեպքերում ընտանիքների հետ, այդ աշխատանքները կան, միգուցե տեսանելի չեն, միգուցե որոշ դեպքերում անարդյունավետ, երբեմն քիչ գովազդվող, կամ էլ մենք պարզապես չենք ուզում նշմարել, բայց սրանցից յուրաքանչյուրն իր իրավասության և կարողության չափով անում են դա, և եթե ոմանք այս ամենից անցնելով՝ ի վերջո դիմում են նման քայլի, ապա այս կառույցներն անպարտ են այդ մարդու մահվան մեջ:
Ինքնասպանությունների խնդիրը լոկալ չէ, բնորոշ որոշ տարածաշրջանային մենթալիտետի, խնդիրն ազգային է, և կարծում եմ, որ իշխանությունները պետք է սթափվեն, ասեն՝ բավական է այս անկումը և պետական մակարդակով մշակեն ծրագիր, համագործակցության հրավիրեն կրոնական և հասարակական կազմակերպություններին, եթե ոչ, ինքնասպանությունները չեն կասեցվի:
Իսկ եթե ժողովրդի լեզվով ասենք, ապա դա այսպես կհնչի՝ հույս տվեք ժողովրդին՝ տեսանելի, շոշափելի և չափվող:
- Ո՞րն է եկեղեցու և պետության դերը:
-Անշուշտ պետությունը ունի որոշակի պատասխանատվություններ իր քաղաքացու նկատմամբ, և կարող ենք ասել, որ պետությունը հետևողական չէ և հետաքրքրված չէ իր քաղաքացու կյանքով: Դրա վառ ապացույցը Հայաստանում տիրող անարխիան է, իսկ բարոյական անկման պատասխանատվությունը ընկնում է եկեղեցու վրա, ավելի շուտ ոչ թե ընկնում է, այլ ինքնըստինքյան այն իր վրա է վերցնում եկեղեցին: Այսօր կղերականներն իրենց վրայից (կոպիտ կհնչի, բայց կասեմ) քերում են իրենց վրա դրված պատասխանատվությունը՝ մեղադրելով հոտին: Սակայն նրանք իզուր են փորձում դա անել, քանի որ, սահմանադրությամբ այդ իրավունքը վերապահված է իրենց: Թույլ տվեք մեջբերում կատարել:
«ՀՀ Սահմանադրությամբ (ՀՀ Սահմանադրություն, գլուխ առաջին հոդված 8.1). «Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:
Դրանից ելնելով` Հայ Առաքելական Եկեղեցուն ՀՀ օրենսդրությամբ տրված են մի շարք մենաշնորհներ:
Այս օրենքը հստակեցնում է Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարումը հայ ժողովրդի պատմության և կյանքի մեջ, սակայն մենք այս օրերին ականատես ենք լինում եկեղեցու դարավոր, ազգանվեր և անձնազոհ առաքելության, դիրքորոշման և վերաբերմունքի փոփոխությանը և, բնականաբար, այսօրվա հոգևոր, բարոյահոգեբանական անկման և գաղջ մթնոլորտի գոյության պատասխանատվությունը ընկնում է Հայ Առաքելական Եկեղեցու վրա: Պետք չէ ստեղծել ներքին կամ արտաքին թշնամիների՝ ի դեմս աղանդների կամ ինչ-ինչ քաղաքական ուժերի, ում վրա կարելի է բարդել սեփական թերացումները: Չէ՞ որ բանակում նույնպես ինքնասպանություններ են գործվում, իսկ մենք գիտենք, որ զորամասերում զինվորի մարտական ոգին բարձրացնելու համար կազմակերպվում են հատուկ դասեր, պատմվում հերոսների կյանքից և այլն, չմոռանանք քահանաների ներկայության փաստը, ովքեր պետք է որ կարողանային բացահայտել դեպրեսիվ անձանց, հսկողության տակ վերցնել և փորձել օգնել: Արդյունքում մենք տեսնում ենք, որ պետությանը և եկեղեցուն վստահված մեր զավակները ինքնասպանությամբ վերջ են դնում շարունակական ծաղրանքներին և նվաստացումներին: Պատճառը պետք չէ փնտրել ընկճախտի մեջ հայտնված մարդու մեջ, այլ ինչպես վերն եմ նշել՝ համակարգի և իշխանության վարած ներքին քաղաքականության մեջ, որի զոհը, որպես կանոն, դառնում է ՀՀ քաղաքացին:
Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի
Комментариев нет:
Отправить комментарий