пятница, 30 мая 2014 г.

Հարցազրույցս protestant.am կայքին


«Մեր այսօրվա իրականությունը կայանում է նրանում, որ մեր ժողովուրդը իրականում հեռացել է, կամ միտումնավոր հեռացվում է քրիստոնեական սկզբունքներից». Մամիկոն Համբարյան 

Դուք քրիստոնեական մկրտական եկեղեցու ձեռնադրված վերապատվելի հովիվ եք և միաժամանակ հանդես եք գալիս հասարակական նշանակություն ունեցող սուր, հաճախ՝ անողոք քնադատական հրապարակումներով: Չե՞ն հակասում արդյոք այս երկու ոլորտները՝ քրիստոնեությունն ու հասարակական գործունեությունը:
Ընդհանրապես, հոգևոր ծառայողը հենց հասարակական գործիչն է, քանի որ գործ է ունենում մարդու կամ մի խումբ մարդկանց հետ, ովքեր համակեցության տարածության շրջանակներում դրսևորում են ոչ միայն աշխատանքային կամ այլ ոլորտներին վերաբերվող փոխհարաբերություններ, այլ նաև հոգևոր-զգացմունքային: Մարդու աշխարհայացքը ձևավորվում է ոչ միայն իր զգայարաններով, այն նաև պայմանավորված է մարդու հոգևոր աշխարհի ընկալմամբ, որն էլ ձևավորում է անհատի փոխհարաբերությունն ու համակեցությունը իր նմանների հետ:

Դրա համար, չի կարելի բաժանել մարդու հոգևոր ընկալումները կամ դրանց դրսևորումները նրա հասարակության մեջ ունեցած դերից, պատասխանատվություններից և պարտականություններից: Ընդհանարապես, հոգևորականները պատասխանատվություն են կրում մարդու ոչ միայն հոգևոր կյանքի՝ այսպես ասած որակի և հարատևության համար, այլև այն տարածության, ոլորտի կամ փոխհարաբերությունների, որոնք ապահովելու են բարենպաստ պայմաններ հոգևոր կյանքի համար (աշխատանք, ուսում, զինծառայություն և այլն): Քննադատությունները սուր են հնչում, քանի որ այսօր Հայաստանում՝ առանց բացառության, բոլոր բնագավառներում ոտնահարվում են մարդու իրավունքները և սահմանափակվում նրա ազատությունները: Սա վնաս է հասցնում մարդու հոգևոր աշխարհին, որն իր հերթին բացասական ազդեցություն է ունենում՝ նախ իր, հետո այն հասարակության համար, որի մի մասնիկն ինքն է:
Ձեր հրապարակումները աչքի են ընկնում իրենց արդարատենչությամբ և հասարակական արատների սուր քննադատությամբ: Դրանց պատճառով չե՞ք «արժանանում» արդյոք հակազդեցության՝ հալածանքի, մեղադրանքների կամ ճնշման այլ դրսևորումների:
Կոնկրետ իմ պարագայում, ենթարկվում եմ միայն քննադատության, ոչ թե իշխանությունների կամ աշխարհիկների կողմից (նրանցից շատերը համախոհ են և հավանություն են տալիս), այլ իմ հավատակիցներիս կողմից, ովքեր կարծում են, որ քրիստոնյան պետք է լռելայն կրի բոլոր զրկումներն ու տառապանքները և հնազանդվի իշխանություններին և իրենց հալածողներին:
Այն, ինչ անում եմ ես, ամենևին չի հակասում Աստվածաշնչի սկզբունքներին, մենք ունենք Եսայի, Երեմիայի, Հովհաննես Մկրտչի և ուրիշների օրինակները, ովքեր խիստ քննադատության էին ենթարկում այն իշխանությունները, ովքեր զանց էին անում Աստծո օրենքներն ու պատվիրանները, որի պատճառով հրեա ժողովուրդը ընկնում էր պատերազմների և զրկանքների մեջ: Կարծում եմ, որ եթե հոգևորականները աչք են փակում նման անօրինական դրսևորումներին, ապա նրանք ակամայից գործակից են դառնում դրանց: Ես չեմ ուզում պատկանել նման մարդկանց խմբին:
Դուք Առաքելական եկեղեցու հետևորդ չեք: Այլ կերպ ասած՝ հասարակության որոշ հատվածի կողմից դուք ընկալվում եք որպես «աղանդավոր»: Ի՞նչ կասեք այդ բառի, այդ պիտակավորման մասին:
Նորկտակարանային ժամանակաշրջանում այն չուներ բացասական երանգ, պարզապես նշանակում էր այլ ուսմունք, ժամանակի ընթացքում այդ բառին փոխանցվեց բացասական՝ իսկ մեր ժամանակներում՝ վիրավորական բնույթ: Հայաստանում դոմինանտ կրոն է համարվում քրիստոնեությունը, ուստի հայ առաքելական եկեղեցին, որպես դոմինանտ կառույց, այդ տերմինով պիտակավորում է այլադավաններին կամ այլախոհներին, որը հասարակության աշխարհիկ հարթության փոխհարաբերություններում պառակտում է առաջացնում: Ցավոք, մեր հասարակությունը լավ տեղեկացված չէ՝ նույնիսկ ապատեղեկացված, իբր բողոքական եկեղեցիները աղանդավորական կառույցներ են, որը չի համապատասխանում իրականությանը:
Արդյո՞ք պայքարը «աղանդավորության» դեմ նպաստում է հասարակության ճիշտ զարգացմանը: Հիմնավորեք, խնդրում եմ, պատասխանը:
Այդ բառն այսօր վտանգավոր, կասեի նույնիսկ ռումբի է վերածվում, պայթունավտանգ դարձնելով Հայաստանի բազմատեսակ կրոնական մթնոլորտը: Կրոնական ուղղությունների միջև ծագած կամ առկա տարաձայնություններն ու խնդիրներն իրենց բնույթով աստվածաբանական վեճի հետևանք են, ուստի, պետք է լուծվեն խաղաղ և առողջ բանավեճի՝ երկխոսության տարբերակով:
Մենք տեսնում ենք, որ հասարակությունը պիտակավորվում և սորտավորվում է: Արդյունքում, աշխատանքից հեռացվում են ոչ առաքելական դավանանք ունեցող աշխատակիցները, իսկ մասնագետները չեն կարողանում աշխատանքի ընդունվել՝ եթե հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեն: Դպրոցներում կամ ԲՈՒՀ-րում, ուսուցիչների կամ աշակերտների կողմից ծաղրի և դիսկրիմինացիայի են ենթարկվում այլադավան աշակերտները կամ ուսանողները:
Չխոսեմ ընկերական, արյունակցական, ազգակցական կամ բարեկամական կապերի և փոխհարաբերությունների խզման մասին, որոնք իրենց ցավալի հետևանքներ են թողնում ընկերական, ընտանեկան և միջընտանեկան փոխհարաբերությունների վրա: Իշխանությունները փորձում են կրոնական փոքրամասնությունների համար ստեղծել բարենպաստ պայմաններ և օրենքներ, սակայն, դրանք հաճախ կրում են դոմինանտ եկեղեցու քաղաքականությունից բխող, ՀՀ սահամանդրության՝ մարդու ազատություններին, խղճի և կրոնի դրսևորումների օրենքներին հակասող ազդեցություններ, ուղղորդված լինելով ավելի սահմանափակելու այդ կառույցների զարգացումն ու տարածումը, քան գործունեության ազատությունը:
Ուստի, միանշանակ կարող ենք ասել, որ ոչ, հակաաղանդավորական պայքարը միայն վնասում է հասարակության միասնականությանն ու զարգացմանը:



Ստացվում է, որ «աղանդների» դեմ պայքարով սատանան մի կրակոցով երկու նապաստակ է խփում: Առաջին՝ հասարակության ուշադրությունը շեղում է իրական, ցավոտ խնդիրներից, դժբախտությունների պատճառը բարդելով «աղանդների» գլխին: Երկրորդ՝ ավետարանական-բողոքական եկեղեցիների հետևորդները հիմնականում իրենց կյանքում ձգտում են առաջնորդվել աստվածաշնչյան սկզբունքներով: Հայտարարելով, թե իբր նրանք «քայքայիչ ու դավաճան» են, դրանով իսկ հասարակության լայն շերտերի աչքին արժեզրկվում է քրիստոնեական արժեհամակարգը, իր տեղը զիջելով անհասկանալի, ամպագորգոռ սկզբունքներին: Համաձա՞յն եք այսպիսի ձևակերպման հետ:

Անշուշտ, այսպես ասած համաշխարհային պատմության թատերաբեմի կուլիսներում մենք երկու գործող անձանց ենք տեսնում՝ Աստծուն և սատանային: Սակայն, պետք է խոստովանել, որ ներքին թշնամու՝ ի դեմս աղանդների կերպարի ստեղծման գաղափարը պատկանում է ոչ թե սատանային և ոչ էլ մեր իշխանություններին, այլ հայ առաքելական եկեղեցուն, ով իր դոմինանտության, կամ ինչպես ես եմ ցավով ասում, կրոնական մոնոպոլիան պահպանելու համար, թաց ու չոր իրար է խառնում, այսինքն՝ քրիստոնեական ճշտադավան տարբեր եկեղեցական հարանվանություններին դասակարգելով «աղանդների» շարքը, տարաբանույթ հալածանքներ կամ հետապնդումներ են իրականացնում նրանց հանդեպ:
Հետխորհրդային տարիներին, ավետարանական եկեղեցիներն իրենց ծառայություններով, մարդասիրական և սոցիալական տարբեր ծրագրեր իրականացնելով, ինչպես նաև հավատացյալների աստվածահաճո և քրիստոսավայել կենցաղավարության շնորհիվ, վաստակեցին մեր ժողովրդի վստահությունն ու հարգանքը: Միևնույն ժամանակ տեղի էր ունենում մեկ այլ գործընթաց, հայ առաքելական եկեղեցին սերտաճում էր քրեաօլիգարխիկ իշխանությունների հետ, մոռանալով Քրիստոսի հոտի կարիքներն ու իրավունքները:
Պետք է նշել, որ առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների «աշխարհիկ» բարքերի հանդեպ տածած սիրո և կենցաղավարության և յուր հեղինակության անկման ֆոնին, գռգռվում էր նրա խանդն ու անհանդուրժողականությունը: Այս ամենը առիթ տվեց քրիստոնեության «թշնամիներին» հայտարարելու, որ քրիստոնեական արժեքները կեղծ են և կոչված են ոչնչացնելու հայի ինքնությունն ու պետականությունը:
Ձեր պատասխաններից կարելի է եզրակացնել, որ իրական քրիստոնեական, աստվածաշնչային արժեհամակարգը քարոզելով և դրանք սերմանելով հասարակությաւն լայն շերտերում, հնարավոր կլինի՞ հաղթահարել այսօր մեր երկրի առաջ ծառացած անլուծելի թվացող խնդիրները:
Մեր այսօրվա իրականությունը կայանում է նրանում, որ մեր ժողովուրդը իրականում հեռացել է, կամ միտումնավոր հեռացվում է քրիստոնեական սկզբունքներից (սա այլ հարց է): Ինչպես ասում է Պողոս առաքյալը «Աստվածպաշտության կերպարանքն ունին, սակայն զորությունն ուրացել են»: Տերունական «Հայր մերն» աղոթելիս, մենք պետք է հասկանանք, որ «եկեսցե արքայություն Քո»-ն նշանակում է, որ մենք հրավիրում ենք Աստծո իշխանությունն ու գերակայությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում, կրկնում եմ՝ առանց բացառության, բոլոր ոլորտներում:
Որպեսզի սխալ չընկալվեմ, պարզաբանեմ, ամենևին չեմ ակնարկում կրոնապետություն ստեղծելուն, մենք կարող ենք կայսրինը տալ կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն, պարզապես հարկավոր է, որպեսզի յուրաքանչյուր հավատացյալ՝ որպես քաղաքացի, գիտենա իր իրավունքները, պաշտպանի և կատարի դրանք՝ պատասխանատվություն և պարտավորություն կրելով սեփական հավատքի և երկրի առջև :
Ի՞նչ կմաղթեիք բոլոր հայ քրիստոնյաներին, անկախ հարանվանությունից կամ ուղղությունից:
Քրիստոսի մեջ սիրելի քույրեր և եղբարներ, սիրելի հավատակիցներ, Աստված սեր է, Քրիստոսը մեր խաղաղությունն է, ուստի եկեք սիրով և խաղաղությամբ բնակվենք իրար հետ մեր այս մի բուռ հայրենիքում: Տեր Աստված, օրհնիր մեր երկիր Հայաստանը:
Շնորհակալություն:
Ես նույնպես շնորհակալ եմ: Թող Աստված առատորեն օրհնի Ձեզ ու Ձեր գեղեցիկ, բազմազավակ ընտանիքը:
Զրուցեց Աշոտ Հովսեփյանը

Комментариев нет:

Отправить комментарий