Ստ. Նազարյանց. «Ազգը պատկանում է և՛ լուսավորչականին, և՛ կաթոլիկին, և՛ բողոքականին»
Հայ եկեղեցին և իր հոգևոր հայրերը դարեր շարունակ պաշտպանել են կրոնի և ազգի նույնացման տեսակետը, որը մերժեցին XIX դարի հայ առաջավոր մտածողները, հատկապես` հայ հասարակական-քաղաքական մտքի ազգային-ժողովրդավարական թևի ներկայացուցիչները: Ստ.Նազարյանցը հանդես եկավ` դավանանքի ազատության ու հանդուրժողականության պահանջներով:
«Վարդապետարան կրոնի» գրքույկում նա գրում է. «Ամենայն ազգ ունի յուրհատուկ հավատը, յուր հատուկ կրոնը, և ամեն մինի համար յուր սեփականը սիրելի և թանկագին է: Ամեն մարդու համար յուր հավատը ճանապարհ է` այս երկրի վերա երջանիկ լինելու, և երկնքումն` երանություն գտնելու: Սորան նայելով` պարտական է քրիստոնյան պատվիլ և հարգիլ յուր ընկերի կրոնական հավատը, թե՛ նորան մասնակից լիներ, և թե՛ ոչ… Օտարի հավատը երկմիտ խոսքերով չխախտեր, յուր եղբարների կրոնական արարողությունների վերա… ծաղր չառներ և նոցա հավատը կրոնական բաների մասին չբռնադատեր»:
Այս գրքույկում արծարծած լուսավորական գաղափարների պատճառով Ստ.Նազարյանցը մեղադրվեց լյութերականության մեջ ու սկսեց հալածվել: Սակայն, այդ մեղադրանքն ու հալածանքներն անտեսելով` նա շարունակեց պայքարել հանուն կրոնական հանդուրժողականության:
1860թ. «Հյուսիսափայլում» տպագրված «Մենդելսոն, Լավատեր, Լեսինգ» հոդվածի հավելվածում Ստ.Նազարյանցը վերլուծում է Կոստանդնուպոլսում տեղի ունեցած այն տխուր միջադեպը, երբ լուսավորչական հայերը չէին համաձայնում, որ «մի պրոտեստանտացած հայի» թաղեին իրենց գերեզմանատանը: Ստիպված միջամտում են զինվորները, և միջադեպն արյունահեղ վախճան է ունենում: Ստ.Նազարյանցի կարծիքով` հայոց եկեղեցին միշտ լայնասիրտ և վեհանձն էր այլածես և այլազգի քրիստոնյաների հանդեպ, և նա նույնիսկ փաստեր է ներկայացնում` բազում հայկական գերեզմանատներում այլազգիների ու այլադավանների թաղվելու մասին: Եվ` «եթե մեր սիրելի եղբարքը դեռևս անփրկելի կորած չէին ֆանատիկոսության ուտող մաշող թույնից,- գրում է նա,- եթե մեր պոլսեցի հայրենակիցների մեջ կա դեռևս բանական մտածողության և դատողության տեղիք», ապա նրանք պետք է ունկնդրեն «Հյուսիսափայլին», քանի որ չի կարելի հալածել այն քրիստոնյաներին, ովքեր այլ ձևով են հավատում:
Խնդիրն այն է, որ մինչև XIX դարը կաթոլիկությունն արդեն թափանցել էր Հայաստան, իսկ մինչև XIX դարի 30-ական թվականները` բողոքականները: Ստ.Նազարյանցը համարում է, թե` լուսավորչական հայը չպետք է հալածի այլադավան հային, և քննադատում է բոլոր նրանց, ովքեր դավանական տարբերությունների պատճառով հալածում են իրենց «քրիստոնյա եղբորը»: «Մեր լուսավորական քրիստոնյան,- գրում է Ստ.Նազարյանցը,- դառնալով պրոտեստանտացած քրիստոնյա, այնուամենայնիվ, մնում է մեր եղբայրը` թե՛ ազգաբար և թե՛ քրիստոնեաբար. ազգաբար, ըստ որում` հայկական արյունը չի փոխվում երակների մեջ` դառնալով այլ եկեղեցու անդամ. քրիստոնեաբար, ըստ որում` Քրիստոս պատկանում է և՛ պրոտեստանտին, և՛ հային, որչափ ևս տարբեր լինեին նոցա աստվածապաշտության կարգերը»:
Ըստ Ստ.Նազարյանցի` ինչպիսի դավանության էլ պատկանելիս լինեն հայերը` «մնում են միշտ արենակից եղբայրք, մի ազգի որդիք, մի լեզվի կցորդ, մի ազգային պատմութեան… ժառանգներ»: Ստ.Նազարյանցը, ազգի և կրոնի «ջոկ-ջոկ» լինելու խնդիրն առաջադրելով` սկիզբ դրեց այն մեծ բանավեճին, որն իր տարբեր դրսևորումներով շարունակվում է նաև մեր օրերում: Որպես օրինակ գերմանական ռեֆորմացիան վկայակոչելով` Ստ.Նազարյանցը նշում է, որ կաթոլիկությունը և բողոքականությունը Գերմանիայում չեն խանգարում գերմանացիների «հայրենասիրությանը, նոցա ազգային առաջադիմությանը, նոցա քաղաքական միաբանությանը, նոցա մատենագրության բարգավաճանքին»:
Իր լուսավորական հավատամքին հարազատ մնալով` Ստ.Նազարյանցը հայերին կոչ է անում հրաժարվել կրոնական անհանդուրժողականությունից, եղբայրաբար բուժել ազգի վերքերը, որովհետև ազգը պատկանում է և՛ լուսավորչականին, և՛ կաթոլիկին, և՛ բողոքականին: Նա համարում էր, թե` նրանք երեքն էլ իրենց դրոշի վրա պետք է արձանագրեն երեք բառ` «որպես նոցա կյանքի թանկագին առածք, որպես նոցա աչքի բիբք. եղբայրասիրություն, հայրենասիրություն, միաբան անձնազոհություն հասարակաց հայրենիքի համար»:
Աղբյուր` «Կրոն և հասարակություն» ամսագիր, 2007թ., Ռազմիկ Սահակյան
Комментариев нет:
Отправить комментарий