четверг, 21 марта 2013 г.

Ո՞րտեղ է հատում եկեղեցի- պետություն հարաբերությունների սահմանագիծը


Անրադառնալով վերջերս «Կենտրոն» հեռուստատեսությամբ եթեր հեռարձակված Պետրոս Ղազարյանի հեղինակային «Ուրվագիծ» հաղորդաշարին, որի հյուրն էր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վարդապետ՝ Կոմիտաս Հովնանյանը, ուզում եմ մի քանի մտքեր արտահայտել: Միգուցե ուշացած համարեք, բայց կարծում եմ, որ այնուամենայանիվ մենք հստակեցնելու բան ունենք:
Պետրոսը միշտ էլ ջանում է իր հյուրերին անկյուն քշել ու միշտ՝ որևէ խոստովանանք կորզում: Տվյալ հաղորդման ժամանակ, հավատարիմ մնալով իր ոճին, Պետրոսը նպատակ էր հետապնդում վարդապետից դուրս կորզելու մի «խոստովանություն», որը ներկայացնելու էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը՝ կապված Հայաստանում զարգացող հետընտրական իրադարձությունների հետ, որի արդյունքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, չընդունելով ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները, հայտարարելով հացադուլ, դիմել էր Ամենայն Հայոց, Ն.Ս.Օ.Տ.Տ Պատրիարք Գարեգին Բ կաթողիկոսին, որ վերջինս թույլ չտար վերընտրված ՀՀԿ-ական նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, ինոգուրացիայի ժամանակ երդմնակալել Ավետարանի վրա, համարելով, որ վերջինիս կողմից դա սրբապղծություն կդիտվեր:
Բավականին անհարմար վիճակում էր հայտնվել վարդապետը, քանի որ վերջինս հասկանում էր հաղորդավարի միտումը և փորձում էր հնարավորինս խուսափել լարված թակարդից և արդարացնել կամ պաշտպանել եկեղեցու շահերը և միևնույն ժամանակ կաթողիկոսին դուրս բերել հայտնված անհարմար վիճակից: Առաքելությունը բավականին պատասխանատու և վտանգավոր էր, քանի որ վերջին քսան տարիների ընթացքում, եկեղեցին և կղերականությունը ներքաշվել են աշխարհիկացման և քաղաքականացման մեջ, որի արդյունքում եկեղեցին սերտաճել է քրեաօլիգարխիկ իշխանական  համակարգի հետ՝ մատուցելով յուրօրինակ ծառայություններ մեր իշանություններին, ուստի, վարդապետի ջանքերը կարող էին հեղինակազրկել յուր անձը և ավելին՝ եկեղեցին:  
Հարկ եմ համարում ներկայացնել մի քանի օրինակներ, որոնք ըստ իս և ըստ հանրային կարծիքի հեղինակազրկում են Հ.Ա.Ս. Եկեղեցին: Թերևս պետք չէ  թշնամուն փնտրել դրսում, քանի որ արտաքին թշնամին համախմբում է, իսկ ներքին թշնամին ցրում, բաժանում և այլն:
Սկսեմ նրանից, որ հարյուրից ավելի քահանաներ, այդ թվում նաև մի քանի արքեպիսկոպոսներ, կաթողիկոսի կողմից հայտարարվել են կարգալույծ և վերջիններիս կողմից  ձևավորել է  ընդդիմություն, որն իր առջև նպատակ է դրել հասնել կաթողիկոսի ինքնահրաժարականին: Չեմ կարծում, թե հարյուրից ավելի մարդիկ չեն համապատասխանում քրիստոնյաի և ավելին՝ եկեղեցու սպասավորի նկարագրին, վստահ եմ, որ խնդիրներն այլ բնույթ են կրում: Հարկ է նաև հիշել Հ.Ա.Ս. Եկեղեցու ներսում պատահական մահերը, որոնց բնական լինելը կասակածանքի տակ են դրվել և այդ պատճառով, տարբեր կերպերով բարձրաձայնվել են մամուլի կամ անհատ մարդկանց կողմից, որ է Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի և  Մեսրոպ արքեպիսկոպոս Աշչյանի մահերը: Հաջորդը, սփյուռքի մի քանի հայկական համայնքների ըմբոստությունն ընդդեմ կաթողիկոսի ավտորիտար որոշումների, որով վերջիններս իրենց դժգոհությունն են հայտնել նոր նշանակումների վերաբերյալ: Վերջիններից աղերսը մերժվել է: Ցավալի է, սակայն  փաստ, որ քահանաների մեջ քաղցկեղի նման տարածվում է աշխարհիկ բարքերից՝ հարստության և փառքի պտուղներից օգտվելու նկրտումը, որը հանգեցնում է քրիստոնեական հավատքի և վարդապետական հիմքերի քայքայմանն ու արժեզրկմանը՝ դառնալով հասարակության դեգրադացիայի կատալիզատոր և նպաստում է օտարամուտ սովորությունների անարգել ներթափանցմանը մեր ավանդապահ՝ «կոնսերվատիվ»  հասարակություն:
Հասարակության կողմից՝ թերևս սխալաբար, փորձեր է արվում նաև եկեղեցու վրա դնել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների պատասխանատվությունը՝ եկեղեցուն ներքաշելով քաղաքականության մեջ: Թերևս, դա տեղի չեր ունենա, եթե եկեղեցին կանխավ ներգրավված և քաղաքականացված չլիներ գործող իշխանությունների կողմից՝ խախտելով Սահմանադրության ՝ խղճի և կրոնի ազատության մասին օրենքները: Տվյալ պարագայում վկայակոչում եմ  հետևյալ օրենքները՝
6. Ընդհանուր դրույթներ,  Կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները
Հոդված 17. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը՝
ա) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը
բ) չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն
գ) արգելում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու և կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որևէ պետական ֆունկցիա

Հարց, արդյո՞ք այս օրենքները խախտված են: Ես անվարան պատասխանում եմ՝ այո: Քանի որ խախտումներն ակնհայտ են և նույնիսկ ֆիքսված մամուլի կողմից: Այլ հարց է, թե որքանով է բարձրաձայնված խնդիրներին և սահմանադրական խախտումներին  լուծում տրվել:
Հիմա, Պետրոս Ղազարյանը, վարդապետի առջև օրենքը խախտելու գայթակղությունն է դնում, որ է միջամտել և հետընրական դժգոհությունների վերաբերյալ հայտնել պաշտոնական դիրքորոշում, որն համարվում է անմիջական միջամտություն պետության գործերի մեջ՝ ընդորում պետությունը, նման դեպքերում նախատեսում է նման հարցերը լուծել իրավական դաշտում: Եկեղեցին չի կարող միջամտել և ավելին, անհատական կամ կուսակցական խնդիրներն ու դժգոհությունները բարձրացնել եկեղեցի և պետություն հարաբերությունների մակարդակում և լուծումներ գտնել դրանց համար, քանի որ եկեղեցին, որպես կրոնական կառույց և ինստիտուտ, իր առաքելությունը պետք է տեսնի ավետարանի հանձնարարականի մեջ, որ է ավետարանի քարոզչությունը և մարդկանց հոգևոր-կրոնական, զգացմունքային և սոցիալական կարիքների բավարարման կազմակերպումը:
Հիմա, կրոնը և հավատքը յուրաքանչյուր անձի ընտրությունն է և եթե իշխանության որևէ ներկայացուցիչ պատկանում է Հ.Ա.Ս. Եկեղեցու և իր պաշտոնական դիրքում առհամարում է իր սեփական կրոնական համոզումներն ու թերանալով դրանց մեջ մեղանչում է նաև պետական օրենսդրության կամ իրավական դաշտում, ապա, այդ խնդիրը չի ենթադրում լոկ եկեղեցական կարգապահական պատիժ՝ այլ իրավական, և խնդիրն արդեն պետք է քննվի համապատասխան մարմինների կողմից:
Տվյալ պարագայում, եկեղեցին չի կարող մեղադրել Սերժ Սարգսյանին կամ նրա թիմակիցներին՝ ընտրությունները կեղծելու մեջ, եթե առկա են փաստեր, ապա խնդիրը պետք է լուծում գտնի սահմանադրական դատարանում: Եկեղեցին չպետք է իրավունք վերապահի իրեն, միջամտելու դժգոհ քաղաքացիների քաղաքական պահանջներին բավարարում գտնելու հարցում՝ պահպանելով իր չեզոքությունը: Վերջապես, պետք է, որ կղերականները հետամուտ լինեն, որ եկեղեցին չքաղաքականացվի, եթե ոչ, նրա կործանումն անխուսափելի կդառնա:
Չեմ ուզում անրադառնալ ողջ հաղորդմանը և վերլուծել ողջ հարցազրույցը, քանի որ շատ խնդիրների և հարցերի անրադարձ կատարվեց, որոնք թերևս գտել են իրենց լուծումը կամ կարելի դրանք ժամկետանց համարել: Ինչ որ է, գոյություն ունեն սահմաններ և հարկ է, որ մենք այդ սահմանները հարգենք և պահպանենք, իսկ իրավական երկիր կառուցելու համար, հարկավոր է պահպանել օրենքի տարրը և ավելին՝ կիրառել այն:

Հրապարակվել է newsinfo.am, lragir.am և hraparak.am կայքերում

Комментариев нет:

Отправить комментарий