вторник, 11 ноября 2014 г.

Ապագա երիտասարդների և պատմամշակութային շինությունների համար

Մի օր էլ Պայտաձև ամրոցը կվերածվի հացատան:
Վերջին ժամանակներս նկատում եմ, որ Գյումրիի երիտասարդների մոտ մի հետաքրքրություն է առաջացել ու վարակի նման տարածվում է և ասեմ, որ դա շատ լավ է: Երևի տարածման պատճառներից մեկն էլ համացանցում տարածում գտած հետաքրքիր սելֆիներն են, որ պարբերաբար տեղադրում են երիտասարդները: Խոսքս՝ արշավների, խմբակային զբոսանքների, էքստրեմալ կամ սպորտային զանազան միջոցառումների նկատմամբ երիտասարդության վերաբերմունքի փոփոխության կամ հետաքրքրության աճի մասին է:
Հիշում եմ, որ կար մի ժամանակ, երբ ոչ մի պատրվակով նրանց չէիր կարողանա համոզել և տանից դուրս քաշել: Տղաները քուչում թզբեխ էին ֆռացնում, իսկ աղջիկները առավոտից իրիկուն անկողնուն պառկած հորոսկոպ էին ուսումնասիրում ու շատախոսում ընկերուհիների հետ: Ընտանեկան կամ դպրոցական էքսկուրսիաների մասին չեմ խոսում, այլ բուն ընկերական, քանի որ ընկերական արշավները այլ բնույթ են կրում: Որպեսզի ճիշտ հասկացվեմ, ասեմ, որ նկատել եմ, որ կար մի ժամանակ, երբ մեր հայ աղջիկները տարված էին եղունգներ աճեցնելով և կավալերներ փնտրելով, ուստի նման արշավները իրենց համար չէր, քանի որ կարող էր ազդել փեսացու գտնելու իրենց ռեյտինգի վրա: Տղաների համար էլ ամոթ էր օրյորդապտտիկի անուն հանելը: Հիմա տեսնում եմ, որ թեև կան առաջի տեսակին պատկանող գեղեցկուհիներ, սակայն աղջիկների գերակշռող մասը սկսել է չկենտրոնանալ ամուսնության խնդրի վրա և պարզապես սկսել է վայելել իր երիտասարդությունն ու անշուշտ Աստծո կողմից պարգևած կյանքը, իսկ տղաներին ավելի դուր է գալիս աղջիկների ընկերակցությունը: 
Երևի նման մանրամասնությունների մեջ չմտնեի, եթե երիտասարդության այդ զարթոնքն ինձ ուրախություն չպատճառեր, իսկ այն փաստը, որ ժամանակի հետ նաև կորցնում ենք պատմամշակութային ճարտարապետական կառույցներն ու վայրերը՝ ցավ եմ ապրում, որովհետև կրճատվում է նմանատիպ գեղատեսիլ վայրերի քանակը: Շուտով հասարակությանը հասանելի՝ այցելելու հանրային վայրեր չեն մնա: Թերևս նման կառույցները կամ վայրերը ոչնչանում են, կամ էլ բարբարոսաբար այլանդակվում՝ ենթարկվելով ժամանակակից ճարտարապետության ու հնի միքսմանը ու կորցնում իրենց բուն պատմական արժեքը: Ի՞նչու արժեքը, դե քանի որ վերածվում են հացատների, ռեստորանների, կամ հանդիսությունների սրահների և սահմանափակում այցելուների քանակը և բնականաբար այդ երևույթը հանգեցնում է հասարակության սոցիալական դասակարգման: Որպես պատմական արժեք, նման ճարտարապետական շինությունները պետք է բաց լինեն տուրիստների համար, սակայն վերածվելով հյուրանոցների կամ ռեստորանների, հասարակության համար փակում են ազատ մուտքի հնարավորությունը: Օրինակ՝ Սև Ղուլ-ի պատմությունը, մի կողմից ուրախություն է պատճառում այն փաստը, որ աղբանոցն ու բացօթյա զուգարանը վերածվում է գեղեցիկ մի կառույցի, սակայն մյուս կողմից էլ տխրեցնում, քանի որ այլևս այն անհասանելի է դառնում հասարակության լայն շերտի համար: 
Հիմա էլ շատերը փորձում են հասարակության ուշադրությունը հրավիրել Պայտաձև ամրոցի վրա, քանի որ այն նույնպես աղբանոցի է վերածված ու կարիք ունի խնամքի: Երիտասարդների համար այն նոր հետաքրքրություն է առաջացրել և շատերն են այսօր կազմակերպում էքսկուրսիաներ կամ զբոսանք դեպի այդ պատմական վայրը: Ու նորից նույն մտահոգությունն է առաջանում, արդյո՞ք դա չի առաջացնի գործարարների հետաքրքությունը և հերթական հացատունը չի բացվի այդտեղ: 
Պատահել է, որ տուրիստները հարցրել են, թե ու՞ր է ձեր թագավորների դամբարանները, ուր են նրանց գերեզմանները, չեմ կարողացել պատասխանել, ո՞ւր են ձեր ամրոցները: Անշուշտ մատնանշել կարելի է, սակայն բացի Սևանից և վանքերից ուրիշ բան չունենք ցույց տալու, ամրոցները քանդվել են, իսկ եղածներն էլ ռեստորանների են վերածվել ու դեռ վերածվում են: 
Խնդիր չեմ դնում իմ առջև լուծումներ առաջարկելու կամ գտնելու, այլ ուզում եմ մեր հասարակության և տեղական իշխանությունների ուշադրությունը հրավիրել երիտասարդների խնդիրների վրա: Մենք կորցնում ենք ներկա սերունդը, իսկ ապագա սերունդի մասին չգիտեմ: Գյումրիում բազմատաղանդ երիտասարդներ կան, սակայն նրանք պահանջված չեն, և շատ դեպքերում նույնիսկ շահագործված և վիրավորված այդ շահագործումից: Չկա աշխատանք , շատերն ուսում չեն ստանում, ոմանք ուսման վարձ չունեն: Չկա նրանց պոտենցիալը բացահայտելու և զարգացնելու միջավայր, ով որտեղ կարողանում է հարմարվում է ու հույսով մաքառում դժվարությունների հորձանքների դեմ: Շատերն էլ ծրագրում են հեռանալ Գյումրիից: 
Փաստորեն ստացվեց այնպես, որ հնարավոր չէ անրադառնալ մի խնդրին, առանց շոշափելու մյուսները: Մի կողմից երիտասարդների խնդիրները, մյուս կողմից հանրային տարածքների և պատմամշակութային ճարտարապետական արժեքների անմխիթար վիճակը, հա կա երրորդն էլ, այդ տարածքների զավթումը գործարարների կամ հարուստների կողմից: 
Երբ ենք մենք հասկանալու, որ մեր երկրի միակ և կարևոր ռեսուրսը մարդն է:

Комментариев нет:

Отправить комментарий