понедельник, 6 мая 2013 г.

Ապաքրեականացումը՝ մայրաքաղաքից՝ ընտրատեղամասերի «խառոշիներից», իսկ Հայաստանը նմանվում է հոգեբանական «կուբի», որը մեկ ելք ունի՝ արտագաղթ


         Հարցազրույց Գալա TV-ի կայքին
Մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած ավագանու ընտրությունների շուրջ գնահատականներ են հնչեցնում քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ ու հրապարակախոսներ նաեւ հանրապետության այլ քաղաքներից: Գյումրեցի հրապարակախոս Մամիկոն Համբարյանի գնահատմամբ` ավելի քան բոլորին էր հայտնի, թե ինչպիսին էին լինելու հերթական ընտրությունները Հայաստանում:
«Նման թափանցիկ ընտրություններ մենք դեռ չէինք ունեցել (սա հեգնանք է՝ Մ. Հ.), քանի որ ամեն բան այնքան բաց էր և առանց թաքցնելու, որ այդ ամենը բնական էր թվում (ի նկատի ունեմ բացահայտ խախտումներն ու խուժանությունները՝ Մ. Հ.):

Եթե անկեղծ՝ ես զարմանում եմ, որ որոշ կուսակցություններ հույս էին փայփայում, որ մայիսի 5-ի Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները կարող էին որոշիչ լինել ընդհանրապես հանրապետության համար: Արդյունքում, մենք ունեցանք նորից հուսախաբված հանրություն:
Հանրապետականներն ի սկզբանե վստահ էին իրենց հաղթանակի վրա, ակտիվ էին և մոբիլիզացրել էին իրենց բոլոր ուժերը, այդ թվում, ինչպես և տեսանք՝ թաղային հեղինակություններին և անգրագետ «լավ տղաներին»: Այս պարագայում կարծիքս սուբյեկտիվ չէ, քանի որ բազմաթիվ ընտրախախտումներն ու ընտրատեղամասերում կատարվող միջադեպերն ապացուցում են իմ խոսքերը: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն բավական խորն է իր արմատները խրել այս երկրի բոլոր կառույցներում և ի զորու է իշխանական լծակները օգտագործել իր իշխանությունը պահելու համար: Մենք դա տեսանք նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ նույնիսկ մանկապարտեզի դայակներից սկսած մինչև տնօրեն` ծպտված քարոզչություն էին վարում` ի շահ հանրապետականների: Չխոսեմ ֆիքսված փող բաժանումների դեպքերի մասին, քանի որ նույն վստահությամբ կարող եմ ասել, որ ոստիկանությունը այդ փաստերը հայտարարելու է անհիմն, և մեղավորները ազատ են արձակվելու»:
Կարծիք հայտնելով ընտրություններին մասնակից եւ պաշտոնական տվյալներով՝ ձայների մեծամասնությամբ երկրորդ տեղը զբաղեցնող ԲՀԿ-ի մասին, Մամիկոն Համբարյանը ասաց.
«ԲՀԿ-ն, ունենալով ժողովրդի համակրանքը, այս անգամ՝ ի տարբերություն նախագահական ընտրություններին իր ձեռնպահ մնալուն, նորից մտավ պայքարի մեջ և ցավոք, ինձ համար այս կուսակցությունը լոկ ՀՀԿ-ական վասալ է, որն իշխանություններին մատուցած իր ծառայությամբ ապահովում է գործող իշխանությունների ապահովությունը՝ թուլացնելով ժողովրդի մոտ կուտակված և ժայթքման պատրաստի բարկությունը: Այս կուսակցության կողմից փողեր բաժանելու փաստեր նույնպես արձանագրված են, որը ևս մեկ անգամ ապացուցում է ամեն գնով իշխանությունը պահելու նրանց ջանքերը:
 Չեմ կարող չանրադառնալ Հայաստանի ոստիկանապետի ամպագոռգոռ արտահայտություններին, թե ուժի և զոռբայության դարաշրջանը անցավ, արդյունքում մենք տեսնում ենք, որ ոչ թե Գյումրիից պետք է սկսվի երկրի ապաքրեականացումը, այլև հենց մայրաքաղաքից: Ընտրատեղամասերում առկա էին բախումների և լցոնումների, ահաբեկելու և վախեցնելու միջադեպեր, որոնք և ֆիքսվում էին և որոշ դեպքերում էլ, վստահ եմ, որ աչքաթող են եղել: Կարծում եմ, որ ԿԸՀ-ն այս կապակցությամբ քննություն կանցկացնի և իր կարծիքը կհայտնի, թեև նորից համոզված եմ, որ պատասխանը չի տարբերվելու ոստիկանության հետաքննություններից: Ըստ իմ դիտարկումների` ընտրատեղամասերի առջև ավելի շատ կուտակված էին «խառոշիներ», քան նկատելի էր գեթ մի ոստիկանական համազգեստ: Խոսել այն մասին, որ Հայաստանում ժողովրդավարությունը քայլ առ քայլ առաջ է գնում, կլիներ հիմարություն, ընդհակառակը, կարծում եմ, որ Հայաստանը ընկղմվում է միջնադարի խավարի մեջ: Քանի գնում, Հայաստանը նմանվում է հոգեբանական կուբի` սահմանափակ, նեղ մի տարածության, որտեղ բոլորը ելք են փնտրում և այն ունի միայն մի ելք, դժվար, բայց ելք` արտագաղթը: ՀՀԿ-ականներն էլ այս կուբը ժողովրդի համար վերածում են «կուբի»՝ այսինքն` դագաղի:
Մի խոսքով, առաջիկա 5 տարիներին Հայաստանը բոլոր առումներով և բոլոր ոլորտներում իսկապես կունենա կրիզիսային ժամանակագրություն»:

Քրիստինա Մկրտչյան

Комментариев нет:

Отправить комментарий