Ուզում եմ մի հարց տալ քեզ,
արդյո՞ք դու բավական ճանաչում ես Հիսուսին: Շատերը կարծում են, որ ճանաչում են Հիսուսին,
սակայն ինձ թվում է, որ շատերը պարզապես մոլորված են և սխալվում են: Ի՞նչու եմ ես
այդ կարծիքին, դե միայն այն պատճառով, որ տեսնում եմ այսօր շատերին, ովքեր պնդում
են, որ ճանաչում են նրան, սիրում են նրան ու պատրաստ են նրա համար մեծ
զոհաբերությունների, սակայն, ինչպես ասում էր Վոլտերը «… նրանք այնպես են ապրում,
կարծես Հիսուսը հարություն չի առել»:
Ցավոք, շատերը գերազանցում են
Հիսուսի մեջ տեսնել այն լուռ գառնուկին, որին տանում էին մորթելու՝ ծեծված,
անարգված ու խաչին գամված, սակայն, սա սխալ պատկերացում է: Ես զարմանում եմ, որ
այս տեսակին պատկանող քրիստոնյաները հավատում են Հիսուսի այս կերպարին, բայց
միևնույն ժամանակ ձգտում են Հիսուսի խոստացած ավելիով կյանքին և բավական «համարձակություն»
ունեն պնդելու, որ այդ կյանքը պատկանում է
իրենց:
Ի՞նչու է աշխարհը Հիսուսի մեջ
տեսնում քաղաքական գործչի, ի՞նչն է դրդում նրանց հավատալու, որ Հիսուսը կարողացավ
նվաճել պետություններ և իշխանություններ, անհատների և ժողովուրդների, թեև նա չեր
պատկանում ոչ մի քաղաքական կուսակցության: Ի՞նչպես էր դա հնարավոր, որ ունենալով
ընդամենը երեք ու կես տարվա գործունեություն, նա կարողացավ փոխել մարդկության,
ժամանակի և պատմության ընթացքը, մինչդեռ քրիստոնյաները Հիսուսին չեն տեսնում որպես
այդպիսին: Արդյո՞ք Հիսուսը նաև հասարակական և քաղաքական գործիչ էր: Տարօրինակն այն
է, որ շատերը կարծում են, որ պետությունները կոչվում են քրիստոնյա, քանի որ երկրի
պետական կրոնը քրիստոնեությունն է, սակայն քչերը գիտեն, որ դրանք կոչվում են
քրիստոնյա, քանի որ երկրի սահմանադրության և օրենքների հիմքում ընկած են
աստվածաշնչյան կամ քրիստոնեական օրենքներն ու կանոնները: Ինձ թվում է, որ շատերը
պարզապես թաքնվում են եկեղեցու պատերի հետևում, փնտրում հարմարավետություն և
վախենում են իրենց հավատքը, դիրքորոշումներն ու կարծիքները հանրայնացնել,
վախենալով, որ ինչ որ մեկը կարող է ոտնձգություն կատարել դրանց վրա: Իսկ մի՞թե Եգիպտոսում,
Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Իրանում, Հնդկաստանում, Պակիստանում, քաղաքակիրթ և
ժողովրդավարական Եվրոպայում և նույնիսկ Հայաստանում, չեն հալածում մեր
հավատակիցներին, մի՞գուցե դա ժամանակին նրանց՝ եկեղեցիների ցուցաբերած պասիվության
պատճառով է: Օհ, վստահ եմ, հիմա մի այդպիսի բանակ ինձ վրա կհարձակվի, թե իրավունք
չունեմ քննադատելու, իսկ մի՞գուցե հարցնեք ինքներդ ձեզ, արդյո՞ք այսօրվա ձեր հալածանքներն
ու հետապնդումները ձեր պասիվ հավատքի պատճառով չէ, արդյո՞ք արդարների լռությունը
անբարիշտների համար ազատորեն գործելու պատճառ չէ: Հիսուսը չվախեցավ քննադատելու իր
ժամանակի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարներին, չվախեցավ իր ժողովրդին
անհավատության մեջ մեղադրելուց ու համարձակորեն նայեց իրեն դավադրաբար և ստորաբար
սպանել կամեցողների աչքերին ու չընկրկեց: Սպանվեց, մահացավ, բայց չպարեց
փարիսեցիների երաժշտության տակ, երեսպաշտություն չարեց, մտափոխ չեղավ, չգնաց
գաղթնի գործարքների՝ հասկանալով, որ աշխարհը փոխելու համար, հարկավոր է ոչ թե
փոխզիջման գնալ, այլ առճակատման: Գիտեք ի՞նչ է գրում Բիլ Դյուանտն իր Քրիստոսն ու Կայսրը
գրքում. «Հալածանքները խլեցին հազարավոր կյանքեր և ավելի խտացրեցին քրիստոնեության շարքերը: Միանշանակ,
քրիստոնեության և կայսրության բախումը ավարտվեց քրիստոնեության հաղթանակով»:
Գիտեք ի՞նչու, որովհետև բազմաթիվ նահատակներ համարձակություն ունեցան հաստատուն
մնալու իրենց հավատամքի մեջ, նրանք պարզապես հավատում էին, որ Հիսուսը հարություն
է առել, հասկանո՞ւմ եք, Նա հարություն է առել, նա հարություն է առել, Նա
հարություն է առել: Ոհ թե մենք իրականում ճանաչեինք հարության զորությունը, այդ
ժամանակ՝ ես վստահ եմ, որ մենք նման
խղճուկ կյանքով չէինք ապրի՝ վախենալով բարձրաձայնել մեր հավատքն առ Քրիստոս:
Դադարեք թաքնվել սուրբ գրային ճշմարտությունների հետևում, որոնք դուք սխալ եք
ընկալում և սխալ եք մեկնաբանում և համարձակություն վերցրեք մասնակցություն
ցուցաբերելու մեր հայրենիքի, պետության, իշխանության և հասարակական կյանքի բոլոր
ոլորտներում: Մի վախեցեք ձեր կարծիքը բարձրաձայնելու, եթե նույնիսկ այն չի
համապատասխանում մեծամասնության կարծիքին, սակայն
հռչակում է սուրբ գրային ճշմարտությունները, մի վախեցեք հալածվելուց, ճշմարտությունը միշտ
էլ անցել է հալածանքների, ատելության, թշնամության և մերժվածության
միջով և ամեն ժամանակ հաղթանակել է:
Խնդրում եմ քեզ, ժամանակ հատկացրու
ճանաչելու Նրան այլ տեսանկյունից՝ Հիսուսը որպես քաղաքական և հասարակական գործիչ,
հնարավոր է, որ դու երբևիցե չես անդրադարձել նրա գործունեության այս կողմին: Վստահ
եմ, Նա հաստատ կզարմացնի քեզ:
Комментариев нет:
Отправить комментарий