Եկեղեցու վերջին նստարանին նստած էին մի քանի տարիքավոր կանայք:
Նրանցից մեկը հենվել էր առջևի աթոռի հենակին և գլուխը ցած կախած հենել էր ձեռքերին: Նա կարծես արտասվում էր, թեև՝ ոչ, պարզապես չէր ուզում չորս բոլորը տեսնել: Ես նստած էի նրա կողքին և փորձում էի հասկանալ, թե ի՞նչ է զգում, կամ ի՞նչ է մտածում այդ կինն ու ինքս ինձ հարց էի տալիս, ինչո՞ւ է նա այդպես վարվում: Բեմից քարոզող հովվին չէի լսում, քանի որ քարոզը հենց սկզբից չգրավեց ուշադրությունս
(թե՛ թեման և թե՛ քարոզի միտքը վերացական էին): Քարոզի վրա չէի կարողանում կենտրոնանալ հատկապես այն պատճառով, որ կողքիս նստած կանանց ռեպլիկներին էի ուշադրություն դարձնում: Այդ ռեպլիկներն ավելին էին ասում քարոզի և քարոզողի մասին: Ինքս ինձ հարց էի տալիս, թե արդյո՞ք իմ քարոզների ժամանակ էլ են նման բաներ կատարվում: Երբ հովիվը սկսեց խոսել ինքնազոհաբերումից,
կանանցից մեկը քմծիծաղով շրջվեց և կողքինին ասաց. - Նորից սկսվեց: Ձեզ չհոգնեցնելու համար մի անգամից ասեմ, որ քարոզը նման էր այն խոսքին, թե «կուշտը սովածի ամանի մեջ մեծ կտորներ է փրթում»: Մինչ ես հետևում էի այդ ամենին, ներսումս Սուրբ Հոգու ձայնը լսեցի, «այդ կինն Իմ սիրո կարիքն ունի, գրկիր նրան և ասա, որ Ես տեսնում եմ նրան և գիտեմ իր հոգսերը և նա անտեսված չէ»: Կատարվածը ցնցեց ինձ, բայց չհամարձակվեցի դա անել:
Հովիվները կանչված են իրենց գառների համար հոգալու և անգամ իրենց կյանքը դնելու նրանց համար, մինչդեռ…:
Այցելելով բազմաթիվ եկեղեցիներ, հաճախ եմ հանդիպում նման բաների և կխնդրեի, որ փորձեք ինձ ճիշտ հասկանալ: Երևի թե, տասը եկեղեցիներից իննում հնչող քարոզները, նման են ինքնաներշնչման
(աուտոթրենինգի):
Քարոզիչը կարդալով ընդամենը մեկ սուրբգրային խոսք, օգտագործելով այն որպես թռիչքուղի, առանց այն մեկնաբանելու,
վերլուծելու,
անցնում է հռչակումների,
որ նման են հոգեբանական մոտիվատորների,
որոնք կարելի է կարդալ աշխարհիկ ժամանցային հոդվածներում՝
«խորհուրդ են տալիս հոգեբանները» կամ «10 խորհուրդ հաջող բիզնես ունենալու համար» կամ նման այլ վերնագրեր: Քարոզի թեմաները երբեմն այնքան հեռու են մարդկային կարիքներից՝ այնքան հեռու այսօրվա աշխարհի անցուդարձից, որ մարդիկ եկեղեցիներից տուն վերադառնալիս ընկնում են անորոշության մեջ: Չեն կոմնորոշվում,
չեն կարողանում աստվածաշնչյան ճշմարտությունները կիրառել այս կյանքում, քանի որ դրանք այնքան վերացական են թվում, որ կարծես մարդուն կտրում են իրական կյանքի ճշմարտություններից ու մի տեսակ էյֆորիայի մեջ պահում: Թեև քարոզներում անընդհատ շեշտվում են Հայր Աստծո, Սուրբ Հոգու և Հիսուսի անունները, սակայն, մի հարց է ծագում. «Խոսքի տարրը կա, իսկ ու՞ր է Հոգին»: Ցավում եմ, բայց այնքան քիչ են ուսյալ, գրագետ, կարդացած քարոզիչները, որ զարմանալի չէ, որ եկեղեցիներից շատերը չեն կարողանում Ճշմարտության և Կյանքի Խոսքով հասնել մեր այսօրվա մտավորականներին կամ այսպես կոչված «ինտելիգենցիային»:
Ամեն բան արվում է Հիսուսի անունով, մինչդեռ իրականում Նրան մեր եկեղեցիներից դուրս ենք թողել: Արդյո՞ք հիմա քար է ձեռքումդ, խնդրում եմ ինձ ճիշտ հասկացիր, գեղեցիկ շենքեր ու հավատացյալների բանակ ունենալը դեռ չի նշանակում, որ եկեղեցին առողջ է և ճշմարիտ երկրպագության մեջ է գտնվում, մի մոռացեք, որ աշխարհն ավելի մեծ և գեղեցիկ շենքերում կարող է հավաքել մի քանի տասնյակ հազար մարդ և անել ավելին, քան դուք պատկերացնում եք. դա ընդամենը կազմակերպչական խնդիր է:
Աստվածաշունչն ասում է «Եվ զարմանում էին Նրա վարդապետության վրա, որովհետև Նա նրանց ինչպես իշխանություն ունեցող էր սովորեցնում և ոչ թե դպիրների պես» (Մարկոս 1:22):
Սիրելի հավատակից, չեմ կասկածում ունեցածդ հավատքի, Հիսուսի նկատմամբ ունեցածդ սիրո և ազնիվ մղումներիդ: Այս մտահոգությամբ բաժնեկցելով քեզ հետ, կուզենայի քեզ եղբայրական խորհուրդ տալ և քեզանից էլ ակնկալել աղոթք ինձ, Քրիստոսի եկեղեցու, մեր հավատակիցների և բոլոր ծառայողների համար: Ե՛կ միասին ուշադրություն դարձնենք և Հիսուսից սովորենք, թե ի՞նչ էր քարոզում Նա, ի՞նչ և ինչպե՞ս էր անում Նա: Չէ՞ որ դրանից է կախված ինչ որ մեկի փրկությունը, բժշկությունը,
կյանքը:
Գործենք
այնպես, ինչպես Ինքն էր գործում:
Աստված
մեզ օգնական և առաջնորդ:
Մամիկոն
Համբարյան
Աստվածաբան,
հրապարակախոս
Հրապարակվել
է protestant.am կայքում
Комментариев нет:
Отправить комментарий