суббота, 29 ноября 2014 г.

Երբ եկեղեցին և իշխանությունը կարիք ունեն Աստծո կողմից լեգիտիմացվելու

«Ամեն իշխանություն Աստվածանից է»: Կարծում եմ, որ այս Սուրբ Գրային ճշմարտությունն անհերքելի է, սակայն միևնույն ժամանակ սխալ մեկնաբանվող, քանի որ հաճախակի է շահարկվում ոմանց կողմից, հավատացյալ կամ անհավատի՝ իշխանությունների հանդեպ հնազանդության բերելու համար:

Անշուշտ, ամեն իշխանություն Աստվածանից է, քանի որ Աստված վերահսկում է անծայրածիր տիեզերքը, սակայն միևնույն ժամանակ կարելի է ասել, որ Նա հանդուրժում է մարդկային կամքի ընտրությունը, ասել կուզեմ, թե նա պարզապես թույլ է տալիս կատարվելու այն ամենին, ինչը մենք ենք ընտրում և որը դուրս է Իր Աստվածային կամքի և օրենքների սահմաններից, որպեսզի ինքներս քաղենք մեր ցանած սերմերի պտուղները:

Այն, ինչն ունենք այսօր, անշուշտ այդ ցանված սերմերի պտուղներն են, որը դառնություն է պատճառում մեզ և տհաճ է մեր քիմքին: Անշուշտ, այստեղ Աստծո մեղավորությունը չկա, քանի որ ժողովուրդը, այն է ՀՀ քաղաքացիները, կատարեցին իրենց ընտրությունը, թույլ տալով մարդկանց որոշակի խմբի անօրինական և հանցավոր ճանապարհներով գալ իշխանության և տնօրինել մի ողջ ժողովրդի կյանքը, ճակատագիրը, ապագան և հասանելիք ռեսուրսները:
Իհարկե, որպես «հավատացյալ» ժողովուրդ, խոնարհաբար ընդունեցինք նաև Հայ Առաքելական եկեղեցու օրհնությամբ իշխանության հասած մարդկանց և հնազանդաբար հավատացինք տրվող խոստումներին և մեր ջանքերը չխնայեցինք այդ իշխանության համար աղոթելու և խնդրելու, որ Աստված իր օրհնությամբ լեգիտիմացնի մի ամբողջ հանցախմբի իշխանությունը: Ուզեցանք նույնիսկ ջանացինք հավատացնել և համոզել Աստծուն, որ այս իշխանությունները նույնպես Իրենից են:
Գիտեք, կարծում եմ, որ դա չստացվեց մեզ մոտ: Այն, որ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ենթարկվում է բազմաթիվ քննադատությունների և հարձակումների, ավելի խոսում է այդ կառույցի աշխարհիկության մասին, քան հոգևոր, քանի որ թեթև ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բոլոր հոգևոր քահանայությունը դուրս դրվեցին այդ կառույցից, ուստի ներկայիս իշխանություններին Աստծո անունից լեգիտիմացնողները, հայտնվեցին նույն կարգավիճակում՝ ինչ և իրենց պաշտպանյալները, այն է՝ ոչ լեգիտիմ:
Ուստի, Աստված հանդուրժում է այս իշխանությունները, քանի որ նրանք արտացոլումն են ժողովրդի ներկայիս դեգրադացված ու բարոյազրկված պատկերի: Չնայած համատարած եկեղեցաշինությանը, այնուամենայնիվ մարդկանց ներսում գոյացել է հոգևոր և բարոյական «Սեվ անցք», անծիր դատարկություն:
Անշուշտ, կա նման իրավիճակից ելք, այն է՝ յուրաքանչյուր քաղաքացու մտքի փոփոխություն, արժեհամակարգի վերանայում, բարոյական և հոգևոր զարթոնք, աշխարհայացքի փոփոխություն: Բայց ո՞վ է, որ պետք է քարոզի այդ զարթոնքը և ազգին վերածննդի գաղափար տա, խնդիրն այստեղ է, ուստի ամեն մարդ փորձում է ստեղծված իրավիճակից յուրովի գտնել ելք:
Մենք չունենք խնդրի համընդհանուր ընկալում, չունենք միաբանող օղակ, չունենք համապատասխան ռեսուրսներ և անշուշտ կամք: Ուստի, երկրում առկա խնդիրները մնում են անլուծելի և հետզհետե խորանում, իշխանությունները ամեն հնարավորին միջոցներով պահպանում են իրենց «լեգիտիմությունը», իսկ Եկեղեցին զբաղված է ռեսուրսների հայթայթմամբ, և դատելով ջրի երես դուրս եկած որոշ գաղտնիքների՝ (բարձրաստիճան հոգևորականների կողմից հրապարակված նամակների) հափշտակությամբ:
Կարելի է համարձակորեն՝ սակայն ափսոսանքով ասել, որ ժողովրդի համար ոչ մտածող կա և ոչ էլ աղոթող: Ի՞նչ անել, կարծում եմ, որ առայժմ մնում է մի բան, այն, որ  ամեն մարդ իր հավատքի և քաղաքացիական ինքնագիտակցության համեմատ, հնազանդվի աշխարհիկ և հոգևոր իշխանություններին և աղոթի նրանց ապաշխարհության համար:
Ուրեմն, որպեսզի «ամեն իշխանություն Աստվածանից լինի», մենք կարիք ունենք հասկանալու, թե ո՞վ է Աստված և ինչպիսի օրենքներ է նա սահմանել, և ե՞րբ է Նա տալիս իր օրհնությունը երկրի և ժողովրդի վրա իշխանության եկած անձանց, որպեսզի հասկանանք և ճանաչենք այդ իշխանությունը, որին հնազանդվելու կոչ է անում Նա:

http://www.lragir.am/index/arm/0/society/view/107336#sthash.64qNh661.dpuf  

Комментариев нет:

Отправить комментарий