вторник, 6 мая 2014 г.

«Սեև Ղուլ» Խեղված ճշմարտություն

 Լսած կլինեք նման մի արտահայտություն «Ճշմարտությունը կարող է հիվանդանալ, բայց երբեք նա չի մահանում»: Իհարկե դա այդպես է, ես համամիտ եմ, որ այն երբեք չի մահանում, սակայն կա մի խնդիր, թե մենք ի՞նչպիսի ճշմարտության հետ ենք գործ ունենում: Ո՞ւմ է պետք խեղված ճշմարտությունը  և ցանկալի է արդյո՞ք նման անդամալույծի հետ համակեցությունը: Թույլ տվեք բացատրվել: Որպեսզի չանրադառնամ մարդկության գոյության ողջ ժամանակաշրջանին, պարզապես խոսենք այսօրվա իրականության մասին: Մարդկությունն այսօր այնքան է դեգրադացել և դեռ սրընթաց անկում է ապրում, որ վաղվա օրվա համար ոչ ոք, ոչ մի երաշխիք չի կարող ունենալ: Մարդիկ գերադասում են խեղել ճշմարտությունը, հարմարեցնել իրենց նպատակներին և գործածել ըստ իրենց հայեցողության: Ի՞նչպիսի հատկանիշներ ունի ճշմարտությունը, արդյո՞ք այն կարող է դիմագրավել տարբեր մարտահրավերներին և ժամանակի թոհ ու բովից դուրս գալ անվնաս և հաղթանակած: Եվ վերջապես, դարձյալ կանգնում ենք այն ռիտորիկ հարցի առջև, որը Պիղատոսը տվեց Հիսուսին « Ո՞րն է ճշմարտությունը»: Մարդիկ երբեք չեն գերադասում դեմ առ դեմ կանգնել ճշմարության առջև, նայել ուղիղ նրա աչքերին և առավել ևս, երբեք չեն ցանկացել նույնանալ ճշմարտության հետ: Փոխարեն, նրանք խեղաթյուրում են այն և դեմ առ դեմ հանդիպելիս՝ փախցնում իրենց հայացքները, մի տեսակ ամոթի զգացողություն ապրելով, քանի որ գիտակցում են, որ նրա անդամալուծության պատճառն իրենք են և մեղավորության զգացողությամբ փորձում են քավել իրենց մեղքերը՝ ավելի վնասելով նրան: Ցավալին հենց այն է, որ ոմանց համար ճշմարտության ընկալումը կրում է սուբյեկտիվ բնույթ և ամեն մարդ այն յուրովի է ընդունում, այստեղից էլ բխում է մարդության խնդիրները:

Օրինակ՝ «Սեվ Ղուլ» կոչված շինությունը և նրա հետ կապված ողջ պատմությունը, ի՞նչպես ենք մենք այն ընկալում և ի՞նչպես ենք վարվում նրա գոյության և նրա հետ կապված հարցերի հետ: Եթե այն հայտարարվել է որպես պատմամշակութային շինություն, իրենից ներկայացնում է պատմական արժեք և պատկանում է ժողովրդին, ուրեմն այն համարվում է հանրային վայր, ինչպես նաև գտնվում է մշակույթի նախարարության հսկողության տակ, ուստի, այն պետք է ունենա պետական հովանավորություն, այսինքն, այդ շինության խնամքի և պահպանման ողջ պատասխանատվությունը կրում է պետությունը, որը և կատարվում է հարկ վճարողների հաշվին: Պետությունը պարտավորություն է վերցնում իր վրա, պահպանելու այդ հանրային վայրը նոր սերունդների համար, այն մեր ժողովրդի պատմության մի մասնիկն է, ուստի մեր նախնիներից մեզ հասած ժառանգություն է համարվում: Սա է ողջ ճշմարտությունը: Հիմա, նայենք, թե ինչպես է խեղվում այս ճշմարտությունը և թե ի՞նչպես է ամոթի և մեղքի զգացողությունը փորձում արդարացնել իր արարքը: Ճշմարտության խեղումը կատարվում է մեզ բոլորիս քաջածանոթ եղանակով, թեև որպես կանոն, դրանց մանրամասնությունները մեզ համար մնում են գաղտնիք:

Քայլ 1. Կա մի տարածք, որը բիզնեսմենի աչքերով գնահատելիս՝ անշարժ կապիտալ է, այն կարելի է ձեռք բերել կոպեկներով, (ղուրբան ընկերական շրջապատին) քանի որ կան մարդիկ, ովքեր կարող են ձևակերպել այնպես, որ այդ շինությունը համարվի՝ ինչպես ասում են «քանդման ենթակա և սպիսատ արած շինություն»,  այսինքն քարերի կույտ, ապա կարելի է կատարել է ֆինանսական ներդրում, շինարարական աշխատանքներ և արդյունքում ստանալ եկամուտ ապահովող հերթական օբյեկտը կամ ձեռնարկությունըՍև Բերդի» պարագայում այն կրում է ավելի վեհ նպատակի նշանակություն):
Քայլ 2. Քանի որ, արդեն առկա է բիզնեսմեն և «իշխանություններ» ներքին պայմանավորվածություն և համաձայնությունը, ապա, հաջորդը քայլը կատարվում է այսպես: Ոմանց կողմից հայտարարվում է, որ պետությունը ի վիճակի չէ կատարելու իր պարտականությունները, քանի որ պետ բյուջեն խնդիրներ ունի, իսկ մշակույթի նախարարության միջոցները պարզապես անբավարար են այդ շինության հետագա խնամքը ապահովելու համար, ուստի, շինությունը մատնված է մոռացության, եղանակների կամ էլ անբարեխիղճ քաղաքացիների կողմից ենթարկվում է քայքայման և քանդման, մերձակա տարածքները ժամանակի ընթացքում ծածկվում են մոլախոտերով և աղբով, և երևի թե ոմանց կողմից ծառայեցվում է այլևայլ կարիքների համար՝ զուգարան, թմրանյութ օգտագործելու վայր, կամ էլ սեռական հարաբերությունները բավարարելու մեկուսի կացարան, ուստի, տեղական մարմինների և մշակույթի նախարարության կողմից, հայտարարվում է, որ իրենք պատրաստ են համագործակցել այն անձանց կամ կազմակերպությունների հետ, ովքեր տվյալ շինության հետագա ճակատագիրը կվերցնեն իրենց ձեռքը և կկատարեն ներդրումներ, այն վերանորոգելու և պահպանելու համար:
Քայլ 3. Փնտրվում է փրկիչ բարերար: «Հոպլա», ի՞նչու ման գալ, կա այդպիսի մեկը, ուրեմն ի՞նչն է պակասում: Մշակույթի նախարարության համաձայնությամբ, տեղական մարմինների որոշմամբ և թույլտվությամբ, որոշվում է այդ շինությունը վաճառել, ուստի այն վաճառվում է և հանրային տարածքն ու շինությունը սեփականության իրավունքով անցնում է մեկ ուրիշին:
Քայլ 4. Սեփականատերն ամեն գնով փորձում է արդարացնել «օրինական հափշտակումը»՝ գործարքը, կազմակերպելով «գաղտնի» կամ «դռնփակ» հանրային քննարկում, որին բացի հանրությունից ով ասես չի մասնակցում և ներկաներին ներկայացնում արդեն իսկ նորոգության փուլում գտնվող շենքի նոր հատակագիծն ու հետագա ծրագրերը: Այս դեպքում, ու՞մ ի՞նչ գործն է, թե պարոն սեփականատերն ինչպես կվարվի իր սեփականության հետ: (Սա, ասածս մեղքի զգացողությունն է)

Մեր մեծերը մի լավ խոսք ունեն, ասում են «անճարին գելն է կերել», հիշեմ ևս մեկը՝ հայտնի բաննաստեղծությունից « Էստեղ որն է կարևորը, ուժեղի մոտ, միշտ էլ թույլն է մեղավոր»:
Մի պահ պատկերացնում եմ, որ «Փարիզի Աստվածամոր Տաճարը»  վաճառվել է անհատի, ով սեփականության իրավունքով ձեռք է բերել այն և կազմակերպում է հանրային քննարկում, թե ինչպես վարվի այդ սեփականության հետ: Նման տեմպով, Հայաստանը Եվրոպա չի դառնա, իր ամբողջական իմաստով: Եվ ոմանք դեռ պնդում են, որ բրիտների նախահայրերը  հայեր են եղել: Սակայն, վերադառնանք մեր իրականությանը:

Ճշմարտություն 1. ՄԵնք ենք ընտրում, թե ո՞ւմ ձեռքը տանք իշխանությունը, որ մեզ ծառայեն, սակայն, իրականում, մենք ընտրում ենք, թե ո՞ւմ հարստացնենք և ո՞ւմ ծառայենք, հետո էլ բողոքում ենք, թե երկիրը երկիր չէ, ամեն բան վաճառել են ու մի քանի հարուստներ  իշխում են ժողովրդի վրա:

Ճշմարտություն 2. Ծիծաղելի է այս նախագիծը պաշտպանողների կծկտուր ու միամիտ արդարացումները, թե մարդը փրկում է շինությունը: Երկու հարյուր տարի կանգնած է եղել ու մի էդքան էլ կմնար: Հարց եմ տալիս ձեզ, այդ շինությունը բարերա՞րն է վերանորոգում, անշուշտ ոչ, այլ սեփականատերը: Եթե բարերարը լիներ, ապա այն թանգարան կդառնար, իսկ մուտքի մոտ մի ցուցանակ կտեղադրվեր, որ այս պատմամշակութային շինությունը վերանորոգվել է այսինչ մարդու նվիրատվություններով ու երախտապարտ սերունդներն ամեն անգամ այցելելիս, շնորհակալության զգացողություն կունենային ու երևի թե մտովի, մի կարճ աղոթքով կօրհնեին այդ բարերարին: Իսկ ի՞նչ նպատակի է ծառայելու այն հիմա:

Ճշմարտություն 3. Ունեմ վրդովմունք և այն անձի նկատմամբ չէ, թեև նրանից է բխում բոլոր այս խնդիրներն իրենց դրույթներով և ենթակետերով, այլ երևույթի, թե ի՞նչպես է այդ ամենը կատարվում: Վստահ եմ, որ ցանկության դեպքում, Բալասանյանների ընտանիքը կարող է մի քանի վայրերում հիմքից նման շինություններ կառուցել և դա խնդիր չէ իրենց համար, սակայն այս շինության դեպքում, երբ հանրային տարածքն է հափշտակվում այլևայլ պատճառաբանություններով և սխալ գործելակերպով, պարզապես վիրավորանք է հասցվում հենց հանրությանը: Ի դեպ, սա միակ դեպքը չէ, Գյումրիում բազմաթիվ նման տարածքներ են սեփականաշնորհվել, մեկն էլ Գորկու անվան այգին է:

Ճշմարտություն 4. Եթե հանրության վճարած հարկերը տեղ հասնեին և ոչ թե գրպանվեին, եթե տեղական կառավարման մարմինների կողմից հավաքված հարկերը ծառայեին ճիշտ նպատակների, ապա հանրությանը պատկանող տարածքներն ու շինությունները խնամված և բարեկարգ վիճակում կլինեին, ուստի չի կարելի մեղադրել հանրությանը, որ իրեն պատկանող սեփականությունները գտնվում են աչքաթող վիճակում:

Ի դեպ, սեփականաշնորհեք և վերակառուցեք Երկաթուղայինների քանդված մշակույթի պալատը, Գորկու այգում գտնվող մանկական թատրոնը և բազմաթիվ նման «պալատները»:

Ի՞նչպես է կոչվում այն երևույթը, երբ քաղաքացին փորձում է պաշտպանել հանրային շահերը՝ նախանձից դրդվա՞ծ, չար աչք՞, բանսարկությու՞ն, բիզնեսի հափշտակության քայլե՞ր, թե՞ իրավունքի և արդարության փնտրտուք: Ձեր պատասխանը համարեք ճշմարտությունը ճանաչելու և ընդունելու թեստ և ըստ այդմ, պարզ կդառնա, թե դուք մտային և բարոյահոգեբանական ինչպիսի վիճակում եք գտնվում:


Комментариев нет:

Отправить комментарий