пятница, 16 мая 2014 г.

Եկեղեցու աճ՝ Ավետարանի հրամայական, թ՞ե…

               Մամիկոն Համբարյան, Աստվածաբան, հրապարակախոս

                          (Թյուր պատկերացումներ եկեղեցու աճի մասին)

    Շատ հաճախ, երբ մարդկանց հետ խոսում ես եկեղեցու աճի մասին, զարմանում ես, թե որքան թյուր պատկերացումներ ունեն նրանք այդ մասին: Օրինակ՝ քրիստոնյաների մեջ տարածված մի խոսակցություն կա, թե «ով քնից շուտ է արթնանում, եկեղեցի է բացում», կամ ինչպես ասում են աշխարհիկները՝ «եկեղեցիները աճում են սնկի նման»: Որպեսզի ուղղում մտցնենք քրիստոնեական և աշխարհիկ պատկերացումների մեջ, հարկ եմ համարում մի քանի ուղղումներ կատարել: 

    Նախ ասեմ, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար, այս գաղափարներն ու սկզբունքները կարող են խորթ թվալ, քանի որ իր գոյության 1700 տարիների ընթացքում, ողջ աշխարհով մեկ, իր տարածումը սահմանափակել է լոկ սփյուռքում գտվող հայկական համայնքների շրջանակներում և ոչ երբևէ դրանից դուրս, ի տարբերություն Քրիստոնեական հավատքի կաթողիկե և բողոքական ճյուղերի, որոնց համար ազգային և լեզվական պատկանելությունը, տարածման համար երբևէ արգելք կամ սահամանափակում չեն հանդիսացել: 

    Ի դեպ, սրանով է բացատրվում վերջին քսանամյակում, Հայաստանում գործող ավետարանական համայնքների աճը և տարածումը: Պետք է ձեզ ներկայացնեմ, թե ի՞նչ է նշանակում Եկեղեցու աճ, պետք է բացատրեմ, թե եկեղեցու աճ ասելով, ի՞նչ ենք հասկանում և ի՞նչը չի համարվում եկեղեցու աճ, ինչպես նաև կբացատրեմ, թե ի՞նպես են աճում եկեղեցիները: 

    Եկեղեցու աճի պաշտոնական սահմանումն այսպիսին է.
«Եկեղեցու աճը, կարելի է պաշտոնապես սահմանել որպես գիտություն, որը հետազոտում է քրիստոնեական եկեղեցիների բնությունը, գործունեությունը և վիճակը, նաև նրանց մասնակցությունը մեծ պատվիրանի` Մատթ.28:19-ի « Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» իրականացման մեջ»:
     

1.Եկեղեցու աճը

    Եկեղեցու աճը հանդիսանում է աստվածաբանական համոզմունք և կիրառական գիտություն, որի առջև դրված է առաջադրանք` միացնել Աստծո Խոսքի հավիտենական սկզբունքները, ժամանակակից հասարակագիտության և հոգեբանության ձեռքբերումների հետ: Եկեղեցու աճը, ֆիզիկական լինելուց բացի՝ գիտություն է և լինելով գիտություն, այն կարիք ունի վիճակագրության, հետազոտությունների և գնահատման: Եթե եկեղեցու գործունեության արդյունավետությունը կարևոր է քրիստոնյաների համար, ուրեմն նրանք պետք է կարողանան գնահատել ձեռքբերված արդյունքները: 

    Եկեղեցու էությունը ներկայացնելու համար, Նոր Կտակարանում օգտագործված են տարբեր խորհրդապատկերներ, օրինակ՝ «կենդանի շինություն, գառների փարախ կամ Քրիստոսի մարմին»: Այս խորհրդապատկերներն ունեն մեկ ընդհանուր բնույթ, սրանք ցույց են տալիս, որ եկեղեցին կենդանի օրգանիզմ է: Եկեղեցու աճի ուսմունքը՝ որպես գիտություն, բացահայտում է եկեղեցու հիվանդությունը (ները) և համապատասխանաբար, Սուրբ Գրքի միջոցով որոշում բուժման ճանապարհները: Եկեղեցու աճի ուսմունքը լոկ թեորիա չէ, այլ կիրառվում է գործնականորեն: Այն ինքնանպատակ չէ: 

    Եկեղեցու աճը աստվածաբանական համոզմունք է և չի կարելի ժխտել, որ եկեղեցու աճի շարժմանը մասնակցելու համար, պահանջվում է որոշակի աստվածաբանական դիրքորոշման ընդունում: Սա մի շարժում է, որի մասնակիցները հավատում են, որ եկեղեցու հիմնական նպատակը կայանում է նրա աճի մեջ: Սրա տակ, ես ինկատի ունեմ քրիստոնյաների ներքին աճը, համապատասխան նրանց հավատքի աճի փորձառության: Սա նաև արտաքին և քանակական աճ է, այսինքն Ավետարանի բաժնեկցում ուրիշ մարդկանց հետ: Ներքին և արտաքին աճը, պայմանավորված է եկեղեցու առավելությունների, ծրագրերի, ծառայությունների, քաղաքականության, բյուջեի և եկեղեցու կյանքից:

2.Եկեղեցաբանություն

    Ekklezialogia - ծնունդ է առել հունարեն եկեղեցի բառից: Սա աստվածաբանության բաժին է, որը ուսումնասիրում է եկեղեցին: Հայաստանում, բնակչության գրեթե 90 և ավելի տոկոսի համար, եկեղեցի հասկացողությունը միայն քարե, ազգային ճարտարապետական յուրահատկություն ունեցող կառույցն է: Սակայն, այսօր Հայաստանում առկա հարանվանությունների պատասխանատվությունն է՝ ներկայացնել Աստվածաշնչյան եկեղեցու պատկերը, եկեղեցի` որը սահմանափակված չէ պատերի մեջ: Եկեղեցու մասին թյուր հասկացողությունը հետզհետե ենթարկվում է փոփոխման, քանի որ 21-րդ դարի եկեղեցիներից շատերը, տարբեր խնդիրների պատճառով, հավաքվում են վարձակալված շինությունների մեջ: Հարկ է հիշեցնել, որ եկեղեցաշենքերը քրիստոնեության հաղթանակի արդյունքում եղան: Եկեղեցու ուսմունքը հատուկ շեշտում է այն փաստը, որ եկեղեցին կենդանի է, և նրա աճի գործընթացը չի հանդիսանում արտասովոր մի բան, առավել ևս, որ նա գերբնական է: Հաճախակի բերվում է աճի բացակայության պատճառաբանություններ և ըստ ոմանց կարծիքի, պետք չէ սպասել դրա առկայությունը որոշ եկեղեցիներում: Նմանատիպ մտքերը հակասում են եկեղեցու բնության աստվածաշնչյան ուսմունքին: Ի՞նչ է տեղի ունենում այն եկեղեցու հետ, որը չի աճում: Գոյություն ունի արդյո՞ք որևէ խնդիրներ: Իհարկե այո, չաճող եկեղեցիները ունեն լուրջ խնդիրներ և դրա պատճառը Աստված չէ, այլ միայն մարդիկ: Քանի որ բոլոր մարդիկ մեղանչեցին Աստծո առջև և յուրաքանչյուրը խոցված է մեղքի կողմից, այդ իսկ պատճառով կարևոր է ստանալ ներում Քրիստոսի մեջ: Ուրեմն եկեղեցու խորհուրդները և Խոսքի քարոզչությունը, կարևոր է մարդկանց հոգևոր աճի համար, որն էլ հանգեցնում է եկեղեցու աճին: Չմոռանանք, որ եկեղեցու նպատակն է` Ավետարանի քարոզությունը անհավատներին: Եվ եթե այն չի կատարվում, ուրեմն ինչ որ բան է տեղի ունեցել, եկեղեցի կոչված կենդանի օրգանիզմը վարաքված է ինչ որ հիվանդությամբ: Եկեղեցու աճի շարժումը ախտորոշում է հիվանդությունը և բուժման եղանակներ առաջարկում, որի միջոցով մարդիկ` Աստծո օգնությամբ կարող են բուժել եկեղեցին: Երբ բուժումը կատարված է, աճը կվերականգնվի:

3.Ծառայության փիլիսոփայություն

    Եկեղեցու աճի ուսմունք` դա ծառայության փիլիսոփայությունն է, ընդարձակ հայացք ծառայության և առաքելության խնդրի, որը կայանում է Ավետարանի քարոզչության մեջ:
Ի՞նչ է նշանակում փիլիսոփայություն: Ըստ Վեբստերի բառարանի, դա` «Վարքի, մտածելակերպի և իրերի բնության հիմքում ընկած սկզբունքների ուսումնասիրումն է »:
Որոշ եկեղեցիների բնորոշիչ հատկությունն է` հավատացյալների իրար հետ փոխադարձ հաղորդակցությունը: Ուրիշ եկեղեցիներ ծառայում են որպես կրթության հենարաններ: Իսկ ուրիշները հայտնի են որպես ավետարանչության կենտրոններ: Բոլոր եկեղեցիները տարբեր են իրարից: Նույնիսկ մի քաղաքի մեջ, մեկ հարանվանության եկեղեցիները տարբերվում են իրարից: Նրանք ունեն տարբեր առավելություններ և գործում են տարբեր ծրագրերով: Յուրաքանչյուր եկեղեցի ունի իր կերպարը, որոշված իր ծառայության փիլիսոփայությամբ: Ծառայության փիլիսոփայությունը, որը ուղղորդված է եկեղեցու աճին, հիմնվում է այնպիսի կերպերի վրա, ինչպիսին է Աստծո Շնորքը և աղոթքը: Նման փիլիսոփայության ընդունելիությունը եկեղեցու կողմից, հանդիսանում է հոգևոր փորձառություն: Այս փորձառությունը իր մեջ ներառում է զղջումը` շրջադարձ մեղքից, ինչպես անհատական, այնպես էլ ողջ համայնքինը: Ծառայության փիլիսոփայությունը ձևակերպված է «Մեծ Պատվիրանի» սահմանների մեջ, որի հիմնական նպատակն է ավետարանչությունը: Նա շեշտը դնում է եկեղեցու հավատացիալների քանակական աճի վրա: Ծառայության փիլիսոփայության գլխավոր առավելությունը, հանդիսանում է Աստծո Խոսքի օգնությամբ` սրբագործման և դաստիարակության մեջ: Եկեղեցու յուրաքանչյուր անդամի վրա դրված է որոշակի առաքելություն: Ըստ Եփեսացիների 4:12-ի, Աստված եկեղեցում կարգեց մասնագիտացված ծառայողների` սուրբերի կատարելիության, պաշտոնի կատարման և Քրիստոսի մարմնի շինության համար: Յուրաքանչյուրը տիրապետում է որոշակի հոգևոր պարգևների՝ ստացած Աստծո կողմից` հոգևոր խնդիրների կատարման համար, այդ պատճառով էլ  ծառայության փիլիսոփայությունը շեշտում է պարգևների բացահայտման կարևորությունը և դրանց կիրառումը եկեղեցում: Ծառայության փիլիսոփայությունը հաշվի է առնում մարդկանց հիմնական կարիքների կարևորությունը: Օրինակ` Հիսուսը իր ծառայության մեջ հոգ էր տանում, որ ամեն բանից առաջ մարդիկ ստանային մեղքերի թողություն և ձեռք բերեին ճիշտ հարաբերություն Աստծո հետ: Այս բանի համար, Նա հանձն առավ խաչի մահը «Հռոմեացիս 6:5-11»: Սակայն, նա երբեք անուշադրության չմատնեց մարդկանց մյուս կարիքները: Եկեղեցու աճի ուսմունքի հիմնական սկզբունքներից է հանդիսանում` խոսքերով և գործերով Սուրբ Գրային սկզբունքների հաստատումը: Նա, ով զգում է Աստծո Սիրո ճշմարտությունը, դառնում է նրբազգաց, քանի որ եկեղեցին ձգտում է բավարարել նրա կարիքները:
Ծառայության փիլիսոփայությունը, որը նշանառության տակ է վերցրել եկեղեցու աճը, կողմնորոշված է միսսիոներական գործունեության վրա: «Միսսիա» բառը բնորոշում է գործունեությունը, որը իրականացվում է արտաքին շրջապատում: Սակայն եկեղեցու պատմության մեջ, մենք հանդիպում ենք ցավալի փորձառության, երբ եկեղեցին դադարում է ուղղորդվել դեպի դուրս և սպասում է, որ մարդիկ գան եկեղեցի: Հովհաննեսին 20:21-ում, Հիսուսը ասում է,- «Ինչպես Հայրն Ինձ ուղարկեց, այնպես էլ Ես Եմ ուղարկում ձեզ»: Եկեղեցին իր շուրջն է հավաքում հոտը, Աստծո Խոսքը սերտելու և եկեղեցական խորհուրդները կատարելու համար, որպեսզի այնուհետև նրանց նորից ուղարկի աշխարհ՝ ավետարանը քարոզելու կորսվածներին: Միսիոներական աշխատանքը սկսվում է տանը և շարունակվում է այնքան, մինչև որ ողջ աշխարհը համակված կլինի ավետարանի լուրով «… այս թագավորության ավետարանը կքարոզվի ողջ տիեզերքում» Մատթեոս 24:14հ:
Այն եկեղեցին, որը դավանում է եկեղեցու աճի գաղափարները, իր առջև խնդիր է դնում աղոթքով և դրամական օգնությամբ օժանդակել միսիոներական աշխատանքներին:

4.Գործընթաց.

    Եկեղեցու աճ` սա գործընթաց է: Ինչպես սկզբունքների ժողովածուն, այնպես էլ եկեղեցու աճի ուսմունքը, ցուցաբերում է բազմակողմանի ազդեցություն տեղական եկեղեցու վրա: Եկեղեցիները մասնակցում են ավետարանչական ծրագրերին և որպես կանոն, այս ծրագրերը շոշափում են եկեղեցու ավետարանչական խորհուրդը, հովիվին, քրիստոնեական կրթության խորհրդին և կիրակնօրյա դպրոցին: Յուրաքանչյուր ծրագիր սահմանափակ է եկեղեցու վրա ունեցած իր ազդեցությամբ: Համենայն դեպս, այն ունի ազդեցություն յուրաքանչյուր ղեկավարող կառույցի և կոմիտեների վրա: Այս սկզբունքները ընդգծում են եկեղեցու ընդհանուր խնդիրը: Քանի որ, եկեղեցու աճը գործընթաց է, ուրեմն այն պետք է զարգացում ապրի: Սովորաբար, երբ որևէ ծրագիր է իհայտ գալիս, որոշ մարդիկ հաճույքով են այն ընդունում, այն դեպքում, երբ մյուսները չեն ցուցաբերում խանդավառություն: Ցավոք սրտի, շատերը չեն հասկանում, որ եկեղեցու աճը ծրագիր չէ, այլ գործընթաց, և որ ծրագիրները միայն նպաստում են եկեղեցու աճին:

5.Դիրքորոշում

    Եկեղեցու աճ` սա ավելին է քան գաղափարախոսությունը, փիլիսոփայությունը, աստվածաբանությունը և գործընթացը: Եկեղեցու աճը գրավում է որոշակի դիրքորոշում, սա անհատական աշակերտության դիրքորոշումն է, նշանակում է հավատարմություն Հիսուս Քրիստոսին: Հիսուս Քրիստոսը չտվեց եկեղեցուն անիրագործելի առաջադրանք: Մանանեխի հատի չափ հավատքը սարեր կտեղափոխի «Մատթեոս 17:20հ»: Ուրեմն, ամեն ինչ կարելի է Աստծո օգնությամբ: Մեր օրերում, Աստված օրհնել է եկեղեցուն հիանալի միջոցներով, որոնք կարելի օգտագործել եկեղեցու աճի համար: Ինչպես բարի շինարարներ, քրիստոնյաները պետք է հոգան եկեղեցու արդյունավետության բարձրացման համար: Շատ հաճախ եկեղեցին այս կամ այն ծրագիրները համարում է արդյունավետ կամ տրամաբանական, քանի որ արդեն համակերպվել են դրա հետ: Եկեղեցաշինությունը պահանջում է ծրագրերի ախտորոշում, պարզելու թե որքանով է արդյունավետ գործում այն, կա՞ արդյունք, թե՞ ոչ: Դիրքորոշում պետք է լինի նաև հաշվետվության մեջ: Համայնքը պետք է հաշվետու լինի, թե ինչպես է օգտագործում ժամանակը, տաղանդները, ֆինանսները և էներգիան:
Եկեղեցին հաշվետու է Աստծո առջև:
Ցանկացած գործունեություն պետք է գնահատվի իր արդյունքներով:
Եվ քանի որ ժամանակը կարճ է, ուրեմն եկեղեցու դիրքորոշումը պետք է լինի այն, որ նա չպետք է հետաձգի ծառայությունները: Աշխարհը լի է ամեն օր մահացող մարդկանցով, ովքեր այդպես էլ առիթ չունեցան հանդիպելու իրենց Փրկիչին: Անհետաձգելիության զգացողությունը հանդիսանում է մղիչ ուժ եկեղեցու աճի շարժման համար:

Ի՞նչը չի մտնում «Եկեղեցու աճ» հասկացողության մեջ

    Եկեղեցիները բազմանում են երկու պատճառով, առաջինը՝ դա վերարտադրության մեխանիզմն է, իսկ երկրորդը՝ կոնֆլիկտների հիմքում ընկած բաժանություններն են, որոնք էլ իրենց հերթին են փորձում վերարտադրվել: Այս գործնթացը լինում է սպասված և ցանկալի կամ էլ ցավագին և զուր չէ, որ թե հավատացյալների և թե աշխարհիկների մոտ առաջացնում են կասկածանքեր, զգուշավորություններ, անհասկացողություններ և նույնիսկ խորշանք: 
Ուրեմն այսպես.   

    Վերջին ժամանակներս, եկեղեցիները սկսեցին այնքան կենտրոնանալ տարբեր ծրագրերի իրականացման վրա, որ բացի այս ծրագրերից, եկեղեցում որևէ ուրիշ բան հայտնաբերելը դարձավ դժվարին խնդիր( ի նկատի ունեմ տարաբնույթ խմբակներն ու նմանատիպ ծրագրերը): Եկեղեցու աճը հաճախակի որակավորում են որպես ծրագիր, որը առաջ է բերում այս բնագավառի մասնագետների մտահոգությունը: Ինքնին ծրագրերի մեջ վատ բան չկա, Ինքն Աստված օգտագործում է ծրագրեր, որպեսզի օգնի մարդկանց հավատքի մեջ աճելու համար: 

    Սակայն այն, որ սկսած եկեղեցու ծառայողական թիմից մինչև եկեղեցական այցելուն, կարծում են, որ եթե եկեղեցին իրականացնում է բազմատեսակ ծրագրեր, ապա դրանք ինքնին նպաստում են եկեղեցու քանակական և հոգևոր աճին` բացառապես սխալ հասկացողություն է և ես կասեմ, որ նույնիսկ վտանգավոր եկեղեցու աճի համար: Հաճախ հանդիպել եմ տարբեր եկեղեցիների անդամների, ովքեր ներգրավված են եկեղեցու կողմից իրականացվող այս կամ այն ծրագրի մեջ և ի զարմանս ինձ, հայտնաբերել եմ, որ այս մարդկանց մոտ դադարել է հոգևոր աճի և փնտրտուքի ձգտումը, այս մարդիկ նույնիսկ ավելի գործնական են մոտենում իրենց կատարած աշխատանքին, քան աշխարհիկ որևէ կառույցի աշխատակից: 

    Հաճախ եմ տեսել, թե ինչպես է եկեղեցու անդամների մեջ առաջացել այս կամ այն ծրագրի մեջ ընդգրկված լինելու մրցակցային մղումը, որը եկեղեցում ծնել է վատառողջ մթնոլորտ, կամ էլ կարելի է ասել, որ այդ մթնոլորտի առկայության պատճառն է, որ ստեղծել է մրցակցության ձգտումը: Ի դեպ, ես կողմնակից եմ առողջ մրցակցության և ոչ թե հիվանդագին:  Այս ամենն  իր նրբություններն ունի, սակայն, թե ի՞նչպես կարելի է խուսափել հոգևոր դեգրադացումից, դա այլ խնդիր է: 

Եկեղեցու աճը ծրագիր չէ.

    Չկարծեք, թե ես դեմ եմ ծրագրերի իրականացմանը, նամանավանդ, որ դրանք լինում են տարբեր բնույթի, ուսուցողականից սկսած, մինչև սոցիալական ծրագրերը: Պարզապես ես ուզում եմ ցրել ձեր թյուր պատկերացումը, թե ցանկացած ծրագիր ապահովում է աճ: Այս մասին չէի խոսի, եթե «եկեղեցիները» չպարծենային բազմազան ծրագրերի իրականացմամբ, որոնք դիտարկում են եկեղեցու աճի կամ հզորության ցուցանիշ: 
2.Եկեղեցու աճը վիճակագրություն չէ.
«Աճ» բառը, որոշ մարդկանց ստիպում է միանգամից մտածել թվերի մասին: Բայց ամփոփել եկեղեցու աճը միայն թվերի մեջ, կլիներ սխալ երկու պատճառով:
Առաջինը՝ եկեղեցու աճի իրական նպատակներից է հանդիսանում, քրիստոնեական  գաղափարների ներթափանցումը և տարածումը կյանքի բոլոր բնագավառների մեջ: Գործք Առաքելոց գրքում, մենք հանդիպում ենք եկեղեցու աճի զարգացման կոնկրետ թվային հաշվարկմանը` 11, 120, 3000, 5000 և այլն «Գործք Առաքելոց 1:15, 2:41, 4:4»: Ներկայում, բոլոր եկեղեցիները ունեն իրենց անդամների քանակական ցուցակը, սակայն այն անհրաժեշտ է մարդկանց հանդեպ հոգատարություն ցուցաբերելու համար և ոչ թե «մեծն» տիտղոսն առնելու համար:

Երկրորդ` որոշ մարդիկ սխալաբար ենթադրում են, որ եկեղեցու աճը վիճակագրություն է, որը կապ ունի միայն քանակական աճի հետ: Այսօր` էությունը կայանում է ուղիղ հակադարձում:

Եկեղեցու աճի հիմնական նպատակներից է հանդիսանում,  Աստծո Խոսքի ճշմարտությունների մեջ նոր աշակերտների ներգրավումը: Ի տարբերություն շատ կրոնական ծրագրերի, եկեղեցու աճի գաղափարի կենտրոնում գտնվում է մարդը: Խնդիրը կայանում է ոչ միայն  նրանում, որ մարդիկ դարձի գան և հաճախեն եկեղեցի, այլ այն, որ հարատևեն և աճեն Աստծո Խոսքի մեջ: 
Սակայն, թյուր պատկերացումներից է նաև այն, որ հաճախ եկեղեցու մասին պատկերացում են կազմում ելնելով նրա անդամների մեծ թվից կամ մեծ շինություն ունենալուց: Դիտել այն որպես եկեղեցու աճի հետևանք՝ սխալ կլիներ, քանի որ երբեմն այդ քանակությունը ապահովվում է այլ եկեղեցիների այցելուներով, ովքեր ծառայությունների ժամային տարբերության պատճառով, հասցնում են մասնակցել տարբեր եկեղեցիների ծառայություններին:

Եկեղեցու աճը նորություն չէ

    Սկզբից այս շարժումը շատերին կարող է թվալ որպես նորություն, սակայն շարժման գաղափարները ուսումնասիրելիս, բացահայտվում է, որ նրա հիմքում ընկած սկզբունքները նորություն չեն: Ի դեպ, Հայաստանում այս շարժումը երիտասարդ է: Եկեղեցիներում, հաճախ այս աճ բառը լսելիս, վախի զգացողություն են վերապրում, մտածելով, որ   այն կարող է կործանարար հետևանքներ ունենալ եկեղեցու համար և որ եկեղեցին պատրաստ չէ նման փոփոխությունների: Իհարկե, երբեմն այդ մտավախությունները ունեն իրենց հիմնավորումը, որոնք երբեմն զուր չեն: Սակայն, բավական է բացել Սուրբ Գիրքը և պարզ կլինի, որ դրանք աստվածաշնչյան սկզբունքներ են, որոնք որոշ եկեղեցիների կողմից, այս կամ այն պատճառով մատնվել են մոռացության: Համենայն դեպս, մարդիկ մտածում են, որ եկեղեցու աճի շարժումը նորույթ է: Բայց իրականում այն Աստծո` եկեղեցիների հիմնման ծրագրի վերածնունդն է: Սա վերածնված տեսիլքն է՝ այն խնդիրների լույսի տակ, որոնք դրված են եկեղեցու առջև: Եկեղեցու աճի գաղափարների ուսումնասիրման արդյունքը կոչում են«եկեղեցու աճի աչքեր», քանի որ դրանք արտացոլում են եկեղեցու աճի իրական էությունը:
Այսօր եկեղեցին դեռևս ապրում է Նոր Կտակարանի ժամանակաշրջանում: Իսկ դա նշանակում է, որ աստվածաշնչյան եկեղեցու աճի սկզբունքները, առաջվա պես կիրառելի են ժամանակակից եկեղեցու նկատմամբ, այդ իսկ պատճառով եկեղեցու աճը չի հանդիսանում նորություն:

Եկեղեցու աճի կենտրոնական դեմքը, մարդկային անհատականությունը չէ

    Կողքից նայելիս, կարող է մեզ թվալ, թե աճող եկեղեցին իր ուշադրությունը կենտրոնացնում է ծառայողի կամ էլ մի խումբ մարդկանց վրա: Հաճախակի են եկեղեցու ծառայողին մեղադրում «անձնական կայսրություն» ստեղծելու մեջ: Եկեք չբացառենք այս տարբերակը: Ինչպես ընդունված է հիմա ասել, որոշ քահանաներ, հովիվներ, սեփական PR-ն ապահովելով՝ դառնում են մագնիսներ և իրենց համակրանքով՝ այցելուներին ձգում կիրակնօրյա ծառայություններին:

    Երկար տարիների ծառայությունը եկեղեցում, կարող է անձին դարձնել եկեղեցու կենտրոնական մասը: Հաճախ համայնքը կապվում է հովիվի հետ տարբեր կերպերով և ի վիճակի չի լինում տեսնելու առաջնորդի կատարած սխալները և  համարելով նրան բարձր հեղինակություն՝ կուրորեն հետևում նրան: Սա միանշանակ սխալ երևույթ է, քանի որ առաջնորդի հրաժարականը, հեռացումը կամ էլ վաղարժամ մահը, կարող է եկեղեցուն կանգնեցնել քայքայման ցավալի փաստի առջև: Եկեղեցու աճի կենտրոնական դեմքը Հիսուս Քրիստոսն է և նրան հնազանդվելու սկզբունքը: Եվ այդտեղ հատկանշական են Հովհաննես Մկրտչի խոսքերը,-«Նրան պետք է աճել և ինձ փոքրանալ» Հովհ.3:30 հ-ը: 

    Հիսուս Քրիստոսի աստվածության ճանաչումը, հանդիսանում է եկեղեցու քանակական և որակական աճի հիմնական պատճառը: Աստվածաշունչը ասում է,-«Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինողները» Սաղ.127:1հ: Ժամանակակից աշխարհում, շատ են կեղծ կրոնական գործիչները, ովքեր իրենց ծառայությունները հիմնում են ծրագրերի վրա, որոնք բնույթով շոուներ են, քան ավետարանի հոգուն և բնույթին հարիր ծառայություններ: Նման «աստղերը» ամեն ջանք դնում են հոգևոր աշխարհում հեղինակություն ձեռք բերելու համար և ցավոք, եկեղեցիներից շատերի հոգևոր ծառայողներն ու նույնիսկ  այցելուները, ձգտում են նմանվել այս կամ այն հոգևոր գործչին, ում ծառայությունները պարզապես օճառի պղպջակներ են հիշեցնում: 

    Այս մարդիկ չեն արտահայտում եկեղեցու աճի շարժման հոգին, քանի որ գործում են սեփական շահերից դրդված, հետապնդելով նյութական բարիքներ և դիրք, սրանք այն գայլերն են, որ գառան դիմակ ունեն և չեն խնայում հոտը, իսկ այն մարդիկ, ովքեր հանդիսանում են եկեղեցու աճի կողմնակիցներ, Հիսուս Քրիստոսին նվիրված անձեր են, ովքեր պատրաստ են վճարելու նույնիսկ ինքնազոհաբերության գինը: Նրանք մեկ կորսված հոգուն գտնելու և փրկության առաջնորդելու համար, մեծ ջանքեր են դնում, գիշերները բոլորից թաքուն, արցունք թափելով այդ անձի համար՝ աղոթում են, հետևողաբար այցելում և տարբեր աջակցություններ ցուցաբերում այդ անձին, խորհրդատվություն անում, չեն խնայում սեփական ժամանակն ու նյարդերը, որպեսզի այդ անձը ճանաչի Քրիստոսի սերն ու արձագանքի ավետարանի քավչարար փրկության լուրին: 

Ուրեմն` եկեղեցին պետք է հասկանա, որ Հիսուս Քրիստոսն է հանդիսանում կենդանի եկեղեցու Տերը և եկեղեցու աճի շարժման կենտրոնական դեմքը:

Եկեղեցու աճը հեշտ ճանապարհ չէ

    Պողոս առաքյալի ծառայությունը, հստակ ցույց է տալիս մեզ՝ եկեղեցու աճի համար սպասվող դժվարությունները: Եկեղեցու աճի ուսմունքը, մատնացույց է անում մանրամասն ծրագրավորելու և նպատակների հստակության անհրաժեշտությունը, որպեսզի այն նպատակաուղղված և արդյունավետ լինի: Եկեղեցու գոյությունը ինքնանպատակ չէ, նա պետք է Աստծո Թագավորության տարածումը դնի իր գոյության և նպատակի առաջին տեղում: 

    Եկեղեցու աճը դժվարին աշխատանք է: Նախքան եկեղեցու աճի շարժման միանալը, եկեղեցին պետք է հաշվարկի իր կարողությունները, ուժերը և միջոցները: Սրա հիմքը ընկած է Ղուկասի 14:28 համարում, « ո՞վ է ձեզանից նա, ով աշտարակ կառուցել կամենա, և առաջ չնստի և ծախսը հաշվի, թե ավարտելու համար բավական բան ու՞նի»: Հենց Հիսուսի գործունեությունն էլ թեթև և հաճելի չէր:  Նրա հետևորդները հասկանում էին թե ինչ է նշանակում վերցնել խաչը և հետևել նրան: Հաճախ գործունեությունը կապված է փոփոխությունների և համարձակությունների հետ, և այն պահանջում է ամբողջական վստահություն Աստծո հանդեպ:

Ի՞նպես են աճում եկեղեցիները

     Եկեղեցին ունի աճի շրջան և այն բաղկացած է չորս ձևից, որոնք կարող են հաջորդել իրար, դրանք կարող են լինել արդյունավետ կամ էլ ոչ: Այս կերպերը կարող են բնորոշել եկեղեցիների էությունը, հոգևոր աճի վիճակը և առողջությունը: 

1. Ներքին աճ.

Այս դեպքում եկեղեցին չի ունենում քանակական աճ, այլ մարդիկ աճում են հոգեպես:
Այստեղ շեշտը դրվում է աշակերտության վրա: Սա կարևոր է, որովհետև նպաստում է եկեղեցու առողջությանը: Գործք Առաքելոց 2:42-46հ-ում մենք հանդիպում ենք առաջին դարի եկեղեցու ներքին աճը ֆիքսող տեղեկությանը, որով էլ հանգում ենք այն եզրակացությանը, որ բժիշկ Ղուկասը ուշադրությամբ հետևել է եկեղեցու աճին: Բժիշկ Ղուկասը Գործքի 2:47 համարում ընդգծում է, որ քանակական աճը տեղի է ունենում այն դեպքում, երբ համայնքը ունենում է առողջ հոգևոր վիճակ:

2.Եկեղեցու  ընդարձակում.

Արտաքին աճը տեղի է ունենում այն ժամանակը, երբ եկեղեցին ջանքեր է ներդնում իր անդամների թիվը ավելացնելու համար:
Այս ձևի սկզբունքը կայանում է նրանում, որ եկեղեցին մարդկանց ուղարկում է դուրս, ավետարանչություն կատարելու նպատակով, որի շնորհիվ նոր մարդկանց է ներգրավում եկեղեցի: Սա ավելի բարդ խնդիր է քան ներքին աճը: Քանի որ եկեղեցին պետք է  հոգևորապես աճեցնի իր համայնքը՝ սերտողությունների և աշակերտության միջոցով, բացահայտի ավետարանչության պարգև ունեցող անձանց, պատրաստի  կրթված ավետարանիչներ, անձեր` ովքեր կկարողանան կատարել իրենց առջև դրված խնդիրը: Այս ձևը, ապահովում է քանական աճը (Գործք 2:47հ):

3.Եկեղեցին բազմապատկվում է.

Եկեղեցին կատարում է ավետարանչություն, որի շնորհիվ ծնվում են նոր եկեղեցիներ: Սրանք էլ իրենց հերթին աճելով և զորանալով, ծնում են այլ եկեղեցիներ: « Բայց եկեղեցիները, Հրեաստանի, Գալիլեայի և Սամարիայի մեջ խաղաղություն ունեին, շինվում էին, և Տերոջ երկյուղին հետևում. և Սուրբ Հոգու մխիթարությամբ շատանում էին.» Գործք Առաքելոց  9:31հ: Այս համարը փաստում է Խաղաղության և Սուրբ Հոգու, ինչպես նաև Տիրոջ երկյուղի առկայության կարևորությունը եկեղեցու աճի համար:
 Ըստ մասնագետների, այս մեթոդը հանդիսանում է եկեղեցու արագ աճին նպաստող ձևերից մեկը: Սակայն ավելի հաճախ այս ձևը առհամարվում է որոշ եկեղեցիների կողմից, քանի որ նրանք վախենում են որ եկեղեցու լավագույն անդամները կարող են հեռանալ եկեղեցուց և գնալ նոր ծնված եկեղեցի, նամանավանդ,  երբ նրանք բնակվում են այն թաղամասում, որտեղ հիմնվել է նոր եկեղեցի: Եկեղեցիների հիմնումը պահանջում է դրամական ծախսեր, ինչպես նաև այլ զոհաբերություններ: Ինչպես որ նորածին երեխան է պահանջում խնամք, ժամանակ և ծախսեր, այնպես էլ նոր ծնված եկեղեցին: Հաճախ պատահում է այնպես, որ տեղի են ունենում չծրագրավորած բաժանումներ, որոնք տեղի են ունենում վեճերի և անհամաձայնությունների պատճառով: Բայց այնուամենայնիվ, ինչպիսին էլ որ լինեն պատճառները, դրանք նպաստում են եկեղեցիների արագ աճին` բազմապատկման ճանապարհով: Սակայն ցանկալի տարբերակը դա մանրամասն ծրագրավորված, խաղաղ պայմաններում, բազմապատկման նպատակով բաժանումն է, որը նպաստում է համայնքների հետագա բարեկամական կապերի շարունակությանը:

4. Մշակութային կամուրջներ.

Եկեղեցին կատարում է ավետարանչություն այլ մշակույթի մեջ, հիմք դնելով նոր եկեղեցիների հաստատման համար:
Քրիստոնեական եկեղեցին հաճախ բախվում է բազմամշակույթ էթնիկ համայնքներ ունեցող տարածքներում գործունեություն ծավալելու խնդրի հետ: Այստեղ առկա է լեզուների, սովորույթների և մշակույթների զանազանության խնդիրը, քանի որ սրանց պատճառով դժվար է լինում այս մշակույթների ներկայացուցիչների հետ կապի մեջ մտնելը, ինչպես նաև փոքրամասնություն կազմող էթնիկ համայնքների ասիմիլացիան (ինտեգրացիան) տեղի բնակչության մեջ: Ի տարբերություն առաջին դարի եկեղեցու, որտեղ գործում էր Սուրբ Հոգու կողմից տրված լեզուներով խոսելու պարգևը, այսօր այն կիրառական  չէ համարվում ոչ լեզվախոս համայնքների կողմից:

    Հարկ եմ համարում նաև, ձեր ուշադրությունը հրավիրել վաղ եկեղեցու հանդեպ կազմակերպված հալածանքների վրա, քանի որ մեծամասամբ դրանց շնորհիվ հնարավոր դարձավ մշակութային կամուրջների հաստատումը, քանի որ, հալածանքներից խուսափելով, քրիստոնյաները փախչում էին այլ երկրներ, իրենց հետ տանելով խոստացված Մեսիայի ծննդյան, մահվան և հարության բարի լուրը:

    21-րդ դար` ժամանակաշրջան, որն ավելի շատ կարիք ունի քրիստոնեական եկեղեցիների, քան իրենից առաջ եղած մյուս դարերը: Բարոյական չափանիշների անկում, հպարտ և գոռոզ մարդկային կեցվածք, ով իրեն հռչակել է ամենակարող և անխոցելի: Այս ամենի կողքին տեսնում ենք թշվառ, միայնակ, քաղցած և խոշտանգված, հասարակությունից լքված և մոռացված մարդկանց: Աշխարհ, որը գլխապտույտ արագությամբ սահում է դեպի կորուստ: 

    Այո, նա ունի փրկության կարիք, նա ունի Փրկչի կարիք, ով կօգներ նրան վերածնվելու, ապրելու և երջանիկ լինելու: Աստված կարիք ունի աճող եկեղեցիների, որոնք կհռչակեն Իր բերած փրկության մասին և Իր Փառքով կլցնեն երկիրը: Աստված կարիք ունի եկեղեցիների, որոնք զինված են Իր Խոսքով, արթուն են և մարտունակ: Նա կարիք ունի զինվորների, ովքեր  վարժված են Սուրբ Գիրք բռնելուն և սատանայի դեմ պատերազմելուն: Աստված կարիք ունի հոգևոր մշակների, ովքեր խիզախորեն առաջնորդում են եկեղեցին և ամեն ջանք դնում եկեղեցու աճի և զարգացման համար: Եվ վերջապես, Աստված կարիք ունի եկեղեցիների, ովքեր համակված են Իր տեսիլքով և հետապնդում են նույն նպատակը, ինչ որ Ինքը: 

    Եկեղեցու աճը հեշտ ճանապարհ չէ և քրիստոնյաները պետք է հասկանան այս և պատրաստ լինեն տարբեր զոհաբերությունների և որպեսզի եկեղեցին աճի, հարկավոր է, որ հոգևոր առաջնորդը, ծառայողներն ու այցելուները, պատրաստ լինեն սովորելու, փնտրելու, կրթվելու և  ունենալու սեփական ներդրումը, եկեղեցու՝ ոչ միայն տեղական, այլև համաշխարհային աճի և տարածման մեջ: Ես հույս ունեմ, որ Հայաստանում` Քրիստոսի եկեղեցիները նույնպես կլինեն աճող, հոգեպես արթուն և զորավոր, ինչպես նաև ինքնավերարտադրվող: 
Տեր Հիսուս Քրիստոս, օրհնիր Հայաստանը:

http://www.religions.am/arm/articles/%D4%B5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82-%D5%A1%D5%B3%D5%9D-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_-%D5%A9%D5%9E%D5%A5%E2%80%A6/

Комментариев нет:

Отправить комментарий