вторник, 24 декабря 2013 г.

Ոհ, ոչ, դու կատակու՞մ ես

Սկզբի պահին դու մտածում ես, -ոհ ոչ, դա կատակ է, հետո սկսում ես լրջանալ, մտածելով, որ դա հնարավոր է, այնուհետև դա վերածվում է սրտի թռթիռի, մի տեսակ թեթև՝ վախ պատճառող անհանգստության: Կատարվածը ընկալելու համար, փորձում ես հասկանալ այն, փորձում ես տեղավորել ուղեղիդ ծալքերում: Որոշ ժամանակ հետո, երբ քեզ համար դեռ շատ բան պարզ չէ, սկսում ես վերլուծությունը,  մտածում, թե ի՞նչ կտա քեզ դա և ի՞նչ  կարող ես կորցնել, եթե այդ կանչին տաս քո համաձայնությունը: Եվ վերջապես, ի՞նչ պետք է անես դու, մի խոսքով՝ բազմազան հարցերի տեղատարափ, որը խառնաշփոթ իրավիճակ է առաջացնում ներսումդ:

Դե, դա մեր մտքի  բնական արձագանք է , քանի որ հայտնությունը որքանով էլ որ սպասված լինի, միևնույնն է՝ խուճապի է մատնում մեզ: Պատկերացնում եմ, թե ինչ էին զգում աստվածաշնչյան հերոսները, երբ նրանց հայտնվում էր Աստծո ավետաբեր հրեշտակը և ինչ որ պատգամ փոխանցում: Մենք բացառություն չենք կազմում, քանի որ նույն զանգվածից ենք կազմված ինչ որ և իրենք: Կարծու՞մ եք ամեն օր ձեզ հետ պատահում են գերբնական բաներ:
Դա նման է լօտտօ-ի շահումի, հազարավոր մարդկանցից միայն դուք: Ի՞նչն է ձեզ դարձնում յուրահատուկ, տարբեր մյուսներից՝ ընտրված, չ՞է որ դուք առաջին հայացքից չեք տարբերվում ուրիշներից, ուստի դուք՝ ինքներդ ձեզ տալիս եք այն բնական հարցը՝ ի՞նչ է դա: Միայն 21-րդ դարի մարդը կարող է արձագանքել, ոհ, մի՞թե  դա կատակ է:
Ի՞նչու ես, և ոչ թե մեկ ուրիշը, նա ով համապատասխանում է այն հատկանիշներին, որոնք անհրաժեշտ է ունենալ տվյալ առաքելությունը կատարելու համար:
Երբ այս բաները կատարվում են քեզ հետ, ապա շնորհավորում եմ քեզ, ԴՈՒ  ԸՆՏՐՎԱԾ ԵՍ:
Դա կոչվում է «ԿԱՆՉ»:
Աստված, մեզանից յուրաքանչյուրի համար ունի իր ծրագիրը և որպես Արարիչ և որպես Հայր, նա մեզ համար պլանավորում է սքանչելի ապագա: Սակայն, ի տարբերություն ուրիշների, Նա կարող է ձեր կյանքի համար ունենալ առաքելություն, ձեզ դարձնելով  շատերի՝ ես կասեի նույնիսկ՝ սերունդների կյանքի և ճակատագրի մեջ որոշիչ դերակատար: Ի՞նչպես է հաջողվում Նրան, համատեղել իմ կյանքի հետ նրա ունեցած ծրագրերը՝ ուրիշների կյանքի համար ունեցած Իր ծրագրի հետ:
Ես սիրում եմ մի ֆիլմ, որի հերոսին՝ նորածին հասակում գտնում է մի նավաստի և մեծացնում նավի մեջ: Փոքրիկը մեծանում է մեծ և սքանչելի նավի մեջ՝ երբեք դուրս չգալով ցամաք: Նրա զբաղմունքներից մեկը դառնում է նավի ռեստորանում դրված դաշնամուրը: Երեխան բնածին տաղանդ ունենալով դառնում է լավ դաշնակահար: Մի օր նրա ընկերները համոզում են նրան՝ իջնել նավից և փնտրել իր ապագան ցամաքում: Երբ նա մեծ դժվարությամբ, ճամպրուկը ձեռքին հրաժեշտ է տալիս ընկերներին և պատրաստվում է իջնել աստճաններով ցած, հանկարծ իր հայացքը ուղղում է իր առջև բացված մեծ քաղաքի տեսարանին, որտեղից իր ականջին են հասնում քաղաքի հազարավոր անծանոթ ձայներ: Նա կանգ է առնում մի պահ, քարանում, այնուհետև շրջվում և բարձրանում նավ:
Ինձ զարմացրեց նրա այդ քայլը և հետաքրքրությունս բորբոքվեց ինձանում, ես անհամբեր սպասում էի բացատրության:
Հերոսը,  ֆիլմի ընթացքում իր ընկերոջ հետ ունեցած անկեղծ զրույցի ժամանակ բացատրում է իր արարքը: Նա ասում է,-« Գիտես, երբ ես պատրաստվում էի իջնել ինձ անծանոթ կյանքի մեջ, ես նկատեցի, որ այդ կյանքը մի մեծ դաշնամուր է միլիոնավոր սև և սպիտակ ստեղներով, և այդ դաշնամուրը կարող է նվագել միայն Աստված, դա իմ տեղը չէ և ոչ էլ իմ դաշնամուրը»:
Այո, միայն Աստված կարող է տնօրինել միլլիոնավոր կյանքեր, քանի որ Նա է այդ կյանքերին ծնունդ տվողը:
Երբ դու կանչվում ես, միայն տարիներ անց ես հասկանում, որ Աստված նախասահմանել է քեզ այդ առաքելության համար: Պողոս առաքյալը գրում էր, որ Աստված իրեն իր մոր որովայնից, դեռ չծնված նախասահմանել էր իր փառքի գերազանցությունը հայտնելու համար: Երբ ես ընդունվեցի Աստվածաբանական ճեմարան, ես հաստատ գիտեի, որ ես կանչված եմ հովիվ լինելու: Ինձ հարցնում էին, ո՞րտեղից ես գիտեմ այդ մասին: Ես պատասխանում էի, որ ներքին համոզվածություն ունեմ, որ ես կանչված եմ հովիվ լինելու և իմ պատասխանը բխում էր կորստյան մատնված  մարդկանց հանդեպ Աստծո ունեցած սիրուց, որը նաև ունեի ես և իմ համոզվածությունը կայանում էր դրանում, որ ես պետք է այդ մարդկանց Բարի Լուրը հասցնեմ: Երբ խոսքը գնում էր կորստյան մատնված մարդկանց փրկության մասին, իմ և Աստծո սրտերը բաբախում էին համահունչ: Ինձ հետ, ճեմարանը ավարտեցին շատերը և ի ցավ ինձ, համակուրսեցիներիցս ոմանք այդպես էլ չհասցրեց ուսման տարիներին հասկանալ, թե արդյո՞ք Աստծո կողմից կանչված են, թե ոչ, արդյո՞ք կոչում ունեն որևէ ծառայության, թե ոչ: Նրանցից շատերն այսօր զբաղված են այլևայլ գործերով, բայց ոչ հոգիների փրկությամբ:
Գիտե՞ս, միայն հետո, անցնող տարիների մեջ, դու հասկանում ես, թե ի՞նչու դու և ոչ թե մեկ ուրիշը: Մարդիկ լինում են տարբեր, շա՜տ տարբեր, նրանցից ոմանք նպատակասլաց են, սակայն չունեն բնավորություն, ոմանք ունեն բնավորություն սակայն չունեն նպատակ, ոմանք ուղղակի ծնված են զարգացնելու անտարբերության զգացողությունը, ապացուցելով որ այն կարող է լինել անսահման: Ինչորէ:
Եվ ես հասկացա, քանի որ այդ տարիների մեջ փնտրում էի հարցիս պատասխանը և այն գտա Աստվածաշնչում նկարագրված հերոսների կյանքերի մեջ:
Օրինակ՝ Մովսեսը, նա ամեն անգամ դուրս էր գալիս փարավոնի պալատից և նայում էր, թե ինչպես էին տանջվում մարդիկ՝ հրեաները, իր ազգը: Դա նրա սրտում բորբոքում էր հարցեր և նրան մղում էր գտնելու պատասխաններ և լուծումներ, դա կրակի նման բորբոքվում էր նրա սրտում՝ այրելով նրա կյանքում առկա  նպատակները և երազանքները: Նա օրէ օր բախվում էր ընտրություն կատարելու խնդրին, մնալ փարավոնի պալատում և հավակնել փարավոն դառնալու իրավունքին, թ՞ե դառնալ ինչ որ մի ստրուկ ազգի՝ ազատագրող հերոս: Նա տալիս էր նույն հարցերը երբ Աստված նրան հանդիպեց, Ի՞նչու ես: Հարկ է հասկանալ, այն ինչ որ կատարվում էր Մովսեսի սրտում կատարվում էր նաև Աստծո հետ: Ես ի նկատի ունեմ մարդկանց նկատմամբ ունեցած նրանց սրտացավությունը և կարեկցանքը: Մենք այսօր է, որ կարդում ենք Աստվածաշնչում, որ Աստված վկայում է Մովսեսի մասին՝ ասելով,-«Նա աշխարհի ամենախոնարհ և հեզ մարդն է»:
Կամ, հիշենք Դավիթին: Նրա համար վկայություն կա, որ նա Աստծո սրտի համեմատ մարդ էր: Սա նշանակում է, որ Դավիթի սիրտը բաբախում էր Աստծո սրտի հետ համահունչ: Նրանում բորբոքվում էր նույն նախանձախնդրությունը, նույն փափագը, նույն երազանքն իր ժողովրդի համար, որն ուներ Աստված:
Հակոբ՝ խաբեբա, այսպես է բնութագրում նրան Աստվածաշունչը, սակայն մարդ, որը պատերազմեց Աստծո հետ և հաղթող դուրս եկավ այդ մենամարտում: Ոհ, հիացմունքի ենթակա նախանձավորություն՝ վերցնել առաջնեկությունը, Աստծո խոստումը և օրհնությունը՝ խստման ժառանգությունը ստանալու համար:
Այս և մյուս հերոսները մարդիկ էին, ում սրտերը ճանաչում էր Աստված, Նա փնտրում էր, Նրա աչքերը դիտում էին ողջ աշխարհը և նա գտնում էր:
Այս ճշմարտության գիտակցումը, մի պահ կարող է հպարտության զգացողություն պարգևել, բարձրացնել ինքնագնահատականդ, դու կարող ես զգալ քո յուրահատկությունդ՝ համեմատած ուրիշների հետ: Բայց տարիները, այն անցնող տարիները՝ քեզ պարգևում են այն հատկանիշները, որոնք քեզ դարձնում են այնպիսին, ինչպիսին որ Աստված է կամենում քեզ տեսնել: Նա ուղղում է քեզ, կերտում, կտրում, հեռացնում է ավելորդ բեկորները, ինչպես մի քանդակագործ, մշակում է և ծեփում ինչպես բրուտ, քո մեջ դնում երաժշտություն և դու հնչում ես ինչպես կատարյալ ստեղծագործություն: Դա նրա սիմֆոնիան է: Ես նայում եմ չորս կողմս և հիանում եմ Նրանով, քանի որ Նա ամեն ինչ ստեղծել է վայելուչ:
Ես համոզված եմ մի բանում, որ Աստված երբեք չի սխալվում ընտրության հարցում: Ի՞նչու: Որովհետև այն, ինչ Աստված հանձնարարում է անելու քեզ, կարող ես անել միայն դու և ոչ ոք այլևս: Այնպես որ, դա կատակ չէ, այլ քո կյանքի ամենակարևոր պահը և քայլ արձագանքը: Աստված քեզ առաջնորդ և օգնական:

Հրապարակվել է protestant.am կայքում


Комментариев нет:

Отправить комментарий