вторник, 12 августа 2014 г.

«Լեննագանցու պոնտեր»

(աշխատանքային միգրացիա, հայացք ներսից)

Շատերը կարծում են, որ վերնագիրն արդեն իսկ բավական է նյութի էությունն ու իմաստը հասկանալու համար և հետևաբար մեկնաբանությունները չեն համապատասխանում նյութի բովանդակությանը: Համենայն դեպս նման վերաբերմունքը ոչինչ չի փոխում, միևնույնն է, խնդիրը կա և մնում է և կարծում եմ որ ավելի խորը բնույթ է ստանում:
Թվում էր, թե վերջապես քսանմեկերրորդ դարում մարդկությունը պետք է վերջ դներ ռասսայական խտրականություններին և վերջ դներ ստրկատիրությանն ու մարդկանց առք ու վաճառքին: Սակայն վերջ չդրվեց, այլ ընդհակառակը, ձևափոխվեց և տարածվեց ամենուրեք: Այսօր այն հայտնի է մեզ թրաֆիկինգ  անվանմամբ: Իսկ հոդվածս աշխատանքնային թրաֆիկինգի մասին է:

Անտանելին մարդկային խաբեբայությունն է, դավաճանությունն ու ինքնաբավ քթի տակի ծիծաղը, որն արհամարհանք ու անտարբերություն է թքում  զարմացած ու հիասթափված դեմքիդԱյսօր արդեն չկա ՄԱՐԴ-ը, նրան շատ վաղուց՝ օրը ցերեկով, լապտերով են փնտրել ու չեն գտել, ու երեւի էլ չգտնեն:
Մի տարածված խոսք կա, միգուցե շատերն առաջին անգամ են լսում. խոսքը «Լեննագանցու պոնտեր» արտահայտության մասին է, ասեմ, որ այն ես չեմ հորինել, այլ վերցրել եմ փոդրաչիների լեքսիկոնից: Ճիշտն ասած, այդ խոսքի իմաստը սկզբից այլ կերպ ես ընկալում, սակայն երբ  գալիս է այն պահը, երբ ստիպված ես լինում սեփական մաշկիդ վրա զգալ այդ արտահայտության տակ թաքնված ողջ ճշմարտությունը, ապա այդ ժամանակ անիծում ես այն օրը, երբ դու ազգությամբ հայ ծնվեցիր: Բացատրեմ, թե ինչու եմ այդ կարծիքին:
Ուրեմն, ինչպես ասացի, այս արտահայտությունը տարածված է փոդրաչիների մոտ: Վերջիններս աշխատանքի մանրամասնություններն են քննարկում եւ պայմանավորվում աշխատավորների հետ և պայմաններից մեկն այն է, որ եթե աշխատավորը հանձն է առնում գործն ամբողջությամբ ավարտին հասցնել, ապա այդ ժամանակ փոդրատչին երաշխավորում է աշխատավարձի ամբողջական վճարում, սակայն փոդրաչիները այս պայմանավորվածությունը շրջանցելու ձևը գտել են: Նրանք տարբեր կերպերով աշխատավորին խանգարում են ժամանակի մեջ աշխատանքը կատարելուն, պատճառաբանում են, թե անհասկացողություն է տեղի ունեցել բառբառային տարբերության պատճառով: Սրանք բազմակի անգամ փոխում են նախնական պայմանավորվածությունը՝ որակի պահանջ ներկայացնում այն դեպքում, երբ նախնական պայմանավորվածությամբ, որակը համապատասխանելու էր վճարվող գումարին համարժեք կատարված աշխատանքին, պատճառաբանում, թե շինկազմակերպությունը գումարները չի փոխանցել ու երբ աշխատանքային սեզոնի կեսին, տեսնելով, որ իրեն խոչընդոտում են գումար վաստակել, աշխատավորը տարբեր պատճառներ հորինելով՝ հիվանդ ազգական, մահամերձ ծնող կամ սրտի  նոպաներ կամ այլ «պոնտեր», թողնում ու փախչում է գործատուի մոտից: Փոդրաչիների լեքսիկոնով՝ «լեննագանցու պոնտեր» կիրառելով աշխատավորը «թռնում» է, ու երևի հիմնականում լեննագանցիներն են, որ թրաֆիկինգի զոհ են դառնում, բայց երբ Պետերբուրգից տուն վերադառնալիս, Վանաձորում հանդիպեցի տաքսու վարորդ Ռուդիկին ու վերջինս պատմեց իր պատմությունը,  ինձ համար պարզ դարձավ, որ միայն լեննագանցոնք չեն, որ «թռնում» են: Ի՞նչ է վերապրում աշխատավորը: Երբ մի քանի ամիս քրտնաջան աշխատանքից հետո, պարզվում է, որ փոդրատչին փող չունի կամ չի ուզում տալ, այլ կերպ ասած, մի փոր հացով աշխատեցրել ու քրտինքը կերել է՝ աշխատավորը երկար բարակ վեճերից ու աղերսանքներից հետո, երբ այլեւս ճշմարտությամբ ու արդարությամբ, նույնիսկ աղերսագին խնդրելուց հետո անհաջողության է մատնվում, հավաքում է ունեցած-չունեցածն ու գլխիկոր գործադրում է «Լեննագանցու պոնտերը» և հեռանում առանց ախատավարձի ու դատարկաձեռն վերադառնում տուն: Ի դեպ, տունդարձի համար անհրաժեշտ գումարը, հիմնականում ուղարկվում է տնից՝ բանկերից վերցված հերթական վարկով: Իսկ թե որքան վիրավորական ու ամոթալի է, երբ աշխատավոր մարդը, երկարաժամկետ բացակայությունից տուն է վերադառնում դատարկաձեռն ու դեմ վազող երեխայի աչքերին նայելիս ամաչում է՝ դա արդեն մեկ այլ պատմություն է: Հա, իսկ թե ինչու՞ է անիծում, որ հայ է, դե, հենց նրա համար, որ իր հետ անմարդկայնորեն՝ ոչ թե ռուսը, ոչ թե ուզբեկը կամ տաջիկը կամ մեկ այլ ազգին վարվեց, այլ հենց նույն իր հայրենակիցը, իսկ շատերի դեպքում՝ ինչպիսին էր Ռուդիկի պատմությունը՝ նույնիսկ հալալ արյունը:
Ի՞նչու նման ճակատագրի հանդիպած մարդիկ, երբեք չեն դիմում իրավապահներին: Նախ այն պատճառով, որ գործատուի և աշխատավորի միջև աշխատանքային պայմանագիր չի կնքվում և աշխատավորը փաստ և վկայություններ չի կարող ներկայացնել իրավապահներին: Ի՞նչու նման դեպքերում, ոմանք նախընտրում են դիմել հանցագործ աշխարհին: Հանցագործ աշխարհին դիմելիս, գումարի մասնակի վերադարձը երաշխավորված է, եթե ի հարկե փոդրաչիների «հովանավորները» փոխզիջման են գնում իրենց «կոլեգաներին» ու պարտադրում են փոդրաչուն վճարել աշխատավորի «հալալ քրտինքը»: Ի հարկե, հանցագործ հեղինակություններն ունեն իրենց փայ բաժինը, որն էլ բավական դրդրապատճառ է հանդիսանում նման խնդիրների նկատմամբ շահագռգռվածություն ցուցաբերելու:
Օտարությունից տուն վերադառնալիս ինձ հանդիպած յուրաքանչյուր առաջինն իր կյանքում գոնե մեկ անգամ հանդիպել էր նման պատմությունների, այսպես ասած՝ գլխովն եկածն էր ինձ պատմում, դե, ես էլ բացառություն չէի, բայց իմ մասին կլռեմ, բոլորի հետ ես էլ նույն մսից ու արյունից եմ, նույն հայը, նույն խարազանով դաղված: Հայրենիքում նույնն է, դրսում նույնը, ամեն մարդ կրակն իր բաղարջի տակն է քաշում, իսկ երբ չի ստացվում, բոլորին համոզում է, որ իր բաղարջը կարեւոր է ու խաբելով՝ կրակն իրենով անում, ու, ինչպես միշտ, տուժվում է միամիտն ու թույլը:  Թու՜:
Մի մեծ ավտոբուս, գրեթե նույն ճակատագրին արժանացած մարդկանցով, սլանում է ռուսական երկար ու ձանձրալի ճանապարհներով, բան չմնաց, շուտով տուն կհասնենք, բայց մեկ այլ հարց է առաջանում, իսկ հայրենիքից  ու՞ր «թռնել»:
Մենք չենք փոխվում, նույնիսկ դեգրադանում ենք որպես ազգ, ավելի ճիշտ կլիներ ասել, որ արդեն դեգրադացել ենք, չկան համամարդկային արժեքներ, սկզբունքներ, բարեկամ, արյունակից, անուն ու պատիվ հասկացողություն, վախ մարդկանցից, օրենքից, նույնիսկ Աստծուց, ու քանի դեռ գոյություն ունի աշխարհից էլ հին խաբեությունն ու սուտը, կգտնվեն նրանք, ովքեր անվարան կօգտվեն դրանցից ու հաստատ կգտնվեն ուրիշներ, ովքեր կընկնեն կեղծիքի սարդոստայնի մեջ:
Այնպես որ, օտարությունից հայրենիք ուղարկվող տրանսվերտներից ոչ միայն քրտինքի հոտ է գալիս, այլեւ երբեմն՝ արյան: Ուստի, հարկ է`մեր իշխանություններն հասկանան, որ երկրի բյուջեն լցնելով այդ տրանսվերտներից ստացած տոկոսների գանձմամբ, պարզապես, ավելացնում են իրենց հասցեին արձակված անեծքների շարանն ու հետեւանքները:
 Հրապարակվել է hraparak.am և asparez.am կայքերում


Комментариев нет:

Отправить комментарий