суббота, 25 мая 2013 г.

Աստվածաշնչյան մի սքանչելի ճշմարտություն կա. «…կհարվածի հովվին, և հոտը կցրվի». Մեզ առաջնորդ է պետք


Հարցազրույցս galatv.am կայքին
«Ես ուրախանում եմ, որ հասարակության շրջանում զարգանում է քաղաքացիական ինքնագիտակցությունը, այն դրդում է քաղաքացիներին ինքնակազմակերպման: Ցավոք, դա փաստում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունները կառավարման խնդիր ունեն, և խնդիրների արդյունքում երկրի կառավարումը պարզապես մտել է փակուղի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս-վերլուծաբան Մամիկոն Համբարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քաղաքացիական անհնազանդություններին, որոնք արտահայտվում են բողոքի ցույցերով ու երթերով:

Ըստ նրա՝ չլուծվող խնդիրները անհանգստություն են պատճառում քաղաքացուն, և չլուծված կենցաղային խնդիրներից սկսած մինչև պետական մակարդակի խնդիրները, ստիպում են քաղաքացուն ընդվզել, ընդդիմանալ և բողոքել: «Բողոքի արտահայտումները ստացել են հաճախակի բնույթ, և, ցավոք, դրանք իսկապես որ մարդաշատ չեն, քանի որ ժամանակի ընթացքում բողոքավորների շարքերը նոսրանում են: Պատճառները կարող են լինել մի քանիսը: Նախ՝ միշտ չէ, որ այդ ցույցերը կամ երթերը տալիս են ցանկալի արդյունքներ, երկրորդ՝ մարդիկ դադարում են հավատալ, որ այս ռեժիմի դեմ պայքարելը կարող է ցանկալի արդյունքներ տալ, երրորդ՝ հիասթափված են, անվերջ և անարդյունք պայքարից հոգնած՝ նրանք պարզապես լքում են երկիրը: Վերջին ժամանակներս, ժողովրդի մեջ շատ է շրջանառվում «Ասողին լսող է պետք» արտահայտությունը, քանի որ կառավարությունը համառորեն խցկել է սեփական ականջները և մերժում է հանրորեն ընդունել այն փաստերը, որ նման կյանքի պայմանները քաղաքացու համար անտանելի լուծ են դարձել: Մարդիկ պարզապես հոգնել են ընդվզման մի օջախից մյուսին վազելուց, այսինքն Բուծիկից Թռչկան, Թռչկանից Հարսնաքար»:
Պատասխանելով ԳԱԼԱ-ի այն հարցին՝ որն է ՀՀ քաղաքացու դերը ՀՀ վիճակը կայունացնելու, ստեղծված դրությունից դուրս գալու համար՝ առանց լիդերների, հրապարակախոս Մամիկոն Համբարյանը պատասխանեց.
«Աստվածաշնչյան մի սքանչելի ճշմարտություն կա. « …կհարվածի հովվին, և հոտը կցրվի»: Հասարակությունը միշտ էլ հետևել է առաջնորդներին: Ափսոս, մենք այսօր չունենք խարիզմատիկ առաջնորդներ, ովքեր ցանկացած հարցի համար ունեն պատասխան և ի զորու են երկիրը հանել ճգնաժամից և լուծում գտնել ծանրացած խնդիրների համար: Քաղաքացիական ինքնակազմակերպումը ավելի շուտ կոչված է լուծելու լոկալ խնդիրներ և դրա վառ օրինակն էր «բուծիկների» և Թռչկանի ջրվեժի պայքարը»:
Բանախոսի կարծիքով ներհանրապետական վիճակը կայունացնելու գործում ՀՀ քաղաքացին պարզապես կարող է կատալիզատորի դերակատարում ունենալ՝ անընդհատ կառավարությանը «բզելով» ինչ-ինչ քայլեր ձեռնարկելու՝ որոշակի խնդիրների լուծման հարցում, սակայն մեծ չէ նրա դերակատարությունը հանրապետական մակարդակի իրավիճակների կայունացման մեջ հատկապես Հայաստանի նման երկրում:
«Պարզ երևում է, որ ներկայիս իշխանությունները՝ ի դեմս ՀՀԿ կուսակցության, իրականացնում են հստակ ծրագրված քաղաքականություն, և հասարակությունից մեծ ջանքեր կպահանջվեն ստիպելու կառավարությանը հրաժարվելու տվյալ քաղաքական կուրսից»:
Մամիկոն Համբարյանը վստահ է, որ քաղաքացիական ինքնակազմակերպումը ևս ենթադրում է լիդերի կամ մի քանիսի առաջնորդություն: Նա օրինակ բերեց նախագահական ընտրություններից հետո «Բարևի» պայքարը: «Շատ շուտ մայրամուտ ապրեց, և դա ի շնորհիվ լիդերի, սակայն դա չի ապացուցում, որ լիդերների ժամանակներն անցել են, իսկ դրանից հետո քաղաքացիները պարզապեց ցրվեցին՝ ամեն մարդ իր բան ու գործին: Եթե այդ թեզը գործուն լիներ, ապա կապացուցեր, որ շարժումը կարող է նաև գոյություն ունենալ առանց Րաֆֆիի: Նույնը՝ ՀԱԿ-ի համար է ասված. չկա Լևոնը՝ չկա և այդ պայքարը և բնականաբար հետևորդները (ի նկատի ունեմ նրանց պասիվությունը քաղաքական պայքարում): Իսկ հօգուտ այդ թեզի՝ կարելի է որպես օրինակ վերցնել վերը նշված բուծիկների հարցով ինքնակազմակերպված ակտիվիստների օրինակը:
Գիտե՞ք, բնության մեջ մորեխները հայտնի են նրանով, որ չունեն առաջնորդ, սակայն կատարյալ կազմակերպվածություն ունեն: Մեզ դեռ պակասում է միջատային այս իմաստությունը:
Վստահ եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են համապատասխանել խարիզմատիկ, ուժեղ բնավորություն, անկոտրում կամք և կառավարելու ունակությամբ օժտված առաջնորդի չափանիշներին, սակայն նման մարդիկ քաղաքական բեմահարթակ դուրս գալու հնարավորություն չունեն, այդ բեմը գրավել են անտաղանդ, խաբեբա, վախկոտ և ծախված մարդիկ»:

Комментариев нет:

Отправить комментарий