вторник, 20 сентября 2011 г.

Էս ու՞ր, բա մենք


Ժողովուրդ, շիրիմիս մոտ կանգ առ մի պահ, բան ունեմ ասելու:
Լավ մտածի ու նոր արա, այն ինչ ուզում էիր անել, տասը չափի՝ մեկը կտրի:
Էս որ բոլորդ էսպես ոտքի կանգնել ու ձեն ձենի տված գնում եք Հայաստանից, բա չ՞եք ասում էս ի՞նչ ենք անում մենք: Ո՞վ է մշակելու ես հողը, խնամելու այգիները, պահպանելու սահմանները, երգ հորինելու, հեզաճկուն պար բռնելու, տղավարի կող կպնելու, ու էլ ո՞ր մեկն ասեմ կամ թվեմ: Ախր մեղք է մեր նախագահը, էլ ու՞մ վրա է իշխելու, նա էլ չի կարողանա ասի Հայաստանը դու ես: Տեսա՞ք՝ նա ասեց, բոլորդ էլ ելաք, որ հեռանաք: Բա առանց ձեզ հանրահավաք ո՞վ է անելու, պարապ ականջ էլ չեն գտնի, ու՞մ են խոսելու, հասկանու՞մ եք դա: Բա էդ անելու՞ բան է, որ դուք անում եք: Բա մեր օլիգարխները, ո՞վ է նրանց համար աշխատելու, թու՞րքը, էս խիղճներդ կորցրել ե՞ք: Բա դուք որ չանեք նրանց համար էդ սեվ գործը, ախր կնիհարեն, կխռովեն ու մեկ էլ տեսար ելան ու նեղացած գնացին Հայաստանից, բա կարո՞ղ է ժողովուրդ  դուք եք էս երկրին տիրություն անելու, որ մունաթ եք գալիս խեղճերի վրա: Լսեք ժողովուրդ, գիտեք էդ խեղճ զինվորականներին մեղքս գալիս է, անընդհատ կռիվ կռիվ են խաղում, ե՞րբ են մեծանալու: Դե դուք, որ գնացիք էստեղից, ո՞վ է նրանց համար բանակին զինվոր տալու: Էլ չեն կարողանա հրամաններ տալ, զինվոր ծեծել, սպանել: Է՜, էլ պագոնի աստղներով նշան-նշան չեն խաղա:

Վայ, բա մեր վարչապետը, լավ տղա է, նա գիշեր ցերեկ կուզը ծռաց թվերի հետ է կռիվ տալիս, որ ձեզ լավ լինի, տեսնում եք, տարին տարու վրա լավանում է, էլ ի՞նչ եք ուզում, յա, գիտեք հեշտ է թիվը թվին բերել, դուք որ գնաք, բա միջազգային բանկերից վերցված վարքերն ո՞վ է փակելու, հ՞ո չես ասի վիլաններդ ծախի՝ փողը փակվի:
Ես զարմանում եմ: Անընդհատ գոչում էին աղանդավորները, աղանդավորները, բա ու՞ր են նրանք: Ախր ասում էին մեզ, միաբանվեք մեկ ազգ լինենք, ուժեղ, ես բոլորդ խառնվել եք իրար ու միասին ոտքներդ մեկ կոշիկի մեջ դրած հեռանում ե՞ք: Դե էստեղ հոգեվորականներն էլ աղմկելու բան չեն ունենա, գոնե նրանց էլ տարեք ձեր հետ, էնտեղ ձեզ պետք կգան: Այսինքն՝ էստեղ ինչ արին , որ հիմա էնտեղ ինչ որ բան անեն, բացի ձեզ իրար խառնելուց:
Հ՜ա, ժողովուրդը իմաստուն է, դուք իրար հետ լեզու եք գտնում, իսկ մնացածը դրսի պատ: Ասու՞մ ես կամաց, կլսեն, է թող լսեն, ինձ ի՞նչ կանեն, ես արդեն մեռած եմ:
Ի դեպ, 20 ամյակդ շնորհավոր: Ջահել ես դեռ, ապագադ առջեվում: Հույսով եմ ընտրել ես, թե ի՞նչպիսին ես լինելու եվ ապագայում ո՞րտեղ ես ապրելու:
Կներես հարցիս համար, այ, ասում են հազարավոր տարիներ առաջ ես դու եղել, բա էդ ի՞նչպես  է ստացվում, որ հիմա նոր ես ազատության տոնում, այն էլ 20 ամյակ: Մի՞թե քեզ գերի են պահել այդքան երկար ժամանակ: Խեղճ, մեղքս գալիս է քեզ: Իսկ ի՞նչպես է հիմա, դե ես ի նկատի ունեմ լույսի, ջրի, գազի հարցը, դե մյուս բաների համար էլ չհարցնեմ: Ասում են քոնը չէ, բայց էլ ի՞նչում է քո ազատությունը, երբ ամեն բանով կախված ես ուրիշներից: Չպետք է հարցնեի, երեվի ցավեցրի քեզ, հ՞ա:
Ժողովուրդ, փորձում եմ մտովի պատկերացնել, թե ի՞նչ տեսք կունենա մեր երկիրը առանց Ձեզ, դատարկ վիճակում, բայց չի ստացվում: Չեմ հավատում, որ դուք կարող եք էդպես վարվել: Սիրելիներս, Ձեզ նեղացրել են, նվաստացրել, հասկանում եմ Ձեզ, ո՞վ լիներ Ձեր փոխարեն որ չնեղանար: Բայց դե արի ու տես, որ առանց Ձեզ այստեղ կյանք չկա: Երկիրը երկիր չէ առանց Ձեզ, ախր մյուսներից էլ ի՞նչպես է տարբերվելու: Երբ ասում են Հայ, հասկանում են Հայաստան, երբ ասում են Հայաստան, հասկանում են Հայ: Դուք եք այս երկրին համ տվողը, դուք եք նրա ջրին օխ՜այ ասողը: Առանց քո երջանիք ծիծաղի չի ծաղկի խնձորենին, ծիրանենին, թզենին ու նռենին: Խաղողն էլ իր քաղցրությունը չի տա, ու ցորենն իր դեղին հասկով քեզ ողջույն չի ասի, քամին պարապ ու տխուր իր սառնությամբ կփչի, արեգակն էլ կխամրի ու Մեր Մասիսը կմեռնի:
Ես շատ եմ սիրում էն ծիրանեփողի ձայնը, ո՞նց է հնչում էդ դուդուկը, մոտս կանգնաց մարդիկ բոլորը լացում էին, դե ես ել կլացեի, բայց արդեն արտասունքներս չորացել են ես երկրի վրա լացելուց: Դուդուկ ասի՝ Ջիվանին հիշեցի: Էն օրը աշուղ Ջիվանին տեսա, խոսքի բռնվեցինք: Ասում է այ մարդ բան չի փոխվել, էլի նույնն են: Իրենք ուտելու բան չունեն, յոթ հատ վանք են շինել՝ խելքի աշեցեք: Դե ասում եմ, համբերի էլի այ մարդ` կփոխվեն:
Մեր պապերը մի լավ խոսք ունեին, ասում էին,- սա մեր երկիրն է ու մեր մեռելներն այստեղ, ու՞ր գնանք այստեղից: Ճիշտ են ասում էլի, գնա մեռի արի սիրեմ:
Ախր, դուք եք այս երկրի գինը ժողովուրդ ջան՝ սրտով, մտքով ու էությամբ կապակցված այս հողին, ջրին ու արմատացած նրանում:
Վայ, ծիծաղս եկավ: Տես ես էլ ուրիշ կերպ եմ արմատացած, մի քանի հարյուր կիլոգրամ ամրան են դրել ու մի քանի կուբ բետոն, հետո էլ բազալտով շրջապատել են ու վրաս գրանիտե տապան դրել, դե ծանր է բայց ձմեռը չեմ բողոքվում: Բայց գիտես գլուխ եմ ջարդում, թե ո՞նց եմ հարություն առնելու էսքանից հետո: Էս հողին էլ եմ ափսոսում, ցորեն ցանելու փոխարեն, օր օրի վրա տարածում են էս բետոնե ու բազալտե քաղաքը: Վ՜այ, դուք որ գնացիք մենք անտեր կմնանք, ու մեզ այցի եկող ու խնամող չի լինի: 
Դե, մի խոսքով՝ լսի ինձ, հեռանալդ ելք չէ, դե ինձ մոտ գալդ նույնպես, արի կլինի դու մնա, ապրի, տեր կանգնի քո երկրին, ծաղկեցրու նրան, կառուցիր, շենացրու ու էնպես ապրի, որ բոլորը քեզ երնեկ տան:

« …եթե քո Աստծո ձայնին լսես, Դու քաղաքի մեջ օրհնյալ, եվ դաշտի մեջ օրհնյալ կլինես. Օրհնյալ կլինի քո որովայնի պտուղը, եվ քո երկրի պտուղը, եվ քո անասունների պտուղը, կովերիդ ծնունդը եվ ոչխարներիդ հոտերը. օրհնյալ կլինի քո կողովը եվ քո տաշտը. Դու օրհնյալ կլինես մտնելիս եվ օրհնյալ կլինես դուրս գալիս: Քո Աստվածը քո առաջին ջարդել կտա քեզ վրա վեր կենող թշնամիներիդ. »: Երկրորդ Օրինաց 28:1-7հհ.

(Սա հեգնանք է բայց ոչ երբեք ծաղր: Հավաքական պատկեր ու դառը իրականություն)

Վեր.Հովիվ՝ Մամիկոն Համբարյան


Комментариев нет:

Отправить комментарий