«Ժողովուրդն Իմ մասին ի՞նչ է ասում, ո՞վ եմ Ես» Հիսուս.
Ավ. Ղուկասի 9:18
Հիսուսն այս հարցը տվեց իր
աշակերտներին, քանի որ իրեն համար հետաքրքրիր էր հանրության կարծիքը, ի՞նչ էին
մտածում մարդիկ՝ իր և այն ամենի մասին, ինչ նա գործում էր: Անշուտ կարծիքները
տարբեր էին և աշակերտներն այդ մասին պատմեցին Հիսուսին: Եթե անրադառնանք պատմական
այդ ժամանակահատվածին, ապա կտեսնենք, որ շատերն էին իրենց Մեսիա հռչակել և
մոլորեցրել մարդկանց՝ նրանց ապստամբության հանելով Հռոմեական կայսրության դեմ,
սակայն բոլոր այդ փորձերն էլ ձախողվել էին: Մարդիկ տարակուսում էին և հստակ
պատկերացում չկար Հիսուսի ով լինելու վերաբերյալ: Հարկ է չմոռանալ, որ թեև Հիսուսի
գործելաոճը արմատապես տարբերվում էր իր նախորդներից, սակայն շատերն էին
կասկածանքով մոտենում նրա ով լինելու հարցին, վախենալով վաղաժամկետ և սխալ կարծիք
հայտնելուց:
Չեմ ուզում անրադառնալ աշակերտների կարծիքին, քանի որ նպատակս դա չէ,
այլ այն, թե ի՞նչ են այսօր մտածում և ի՞նչ կարծիք ունեն մարդիկ Քրիստոսի և Նրա
եկեղեցու վերաբերյալ: Մի տարածվող սխալ եմ տեսնում հավատացյալների մոտ, այն է, որ
նրանք իրենց համարելով ճշմարտության հետևորդներ, իրենց դուրս են դնում
աշխարհիկների կողմից քննադատվելու հնարավորությունից և առհամարում են իրենց
հասցեին հնչեցված քննադատությունները: Եթե Մարտին Լյութերը այսօր ողջ լիներ,
հաստատ մի թեզ էլ կավելացներ իր ինսունիննի վրա, այն է, ոչ միայն Պապն է
անսխալական, այլև հավատացյալները նույնպես: Փոխարեն, որ այդ քննադատությունները
օգտագործեին ուղղվելու համար, իսկ սխալ ձևաորված կարծիքի դեմ, հավատքի
պաշտպանություն (ապոլոգիա) անեին, քրիստոնյաները մեղադրում են աշխարհին
թշնամության և անհասկացողության մեջ: Կանխավ զգուշացնում եմ, որ միտում չունեմ
որևէ եկեղեցու կամ կրոնական կազմակերպության քննադատելու, այլ միայն ցուցաբերել
օբյեկտիվ մոտեցում, որպեսզի մեզ համար սխալները ճանաչելի և ընդունելի դառնան և
մենք վերափոխվելու քայլեր ձեռնարկենք: Թերևս չհամաձայնեք ինձ հետ, դա էլ ձեր
իրավունքն է:
Եկեղեցու պատմության գրեթե երկու
հազար տարիների ընթացքում, եկեղեցին ենթարկվելով տրանսֆորմացիայի, անցել է
պատմական դժվարին ճանապարհ և այդ ճանապարհին ունեցել է ոչ միայն հաղթանակներ, այլ նաև
իրեն համար ձեռագրել է ամոթալի էջեր, որոնք, թեև մոռացության մատնելու ամեն
ջանքին, այնուամենայնիվ չարաշահվում է աշխարհիկների կողմից, ամեն անգամ հիշեցնելով
և եկեղեցու աչքը մտցնելով դրանք, որով փորձ է կատարվում նվաստացնել, արժեզրկել
եկեղեցին, մեղադրել նրան ինչ -ինչ սխալների մեջ և այն, որ այսօր քրիստոնեական
եկեղեցին և քրիստոնեությունը, աշխարհում ենթարկվում է լայնածավալ հարձակման և
հետապնդումների, ապացույցն է այն բանի, որ եկեղեցին իր թշնամիներին՝ այսպես ասած «կառչելու
տեղ է տվել»: Սա ընդարձակ թեմա է, բայց չեմ ուզում այդ հարձակումների և հետապնդումների
բազմանկյուն պատճառների մեջ շրջել, այլ երևակել միայն մի կողմը՝ մեզ քաջ
ծանոթ և այդքան խոցելի կողմը:
Պետրոս առաքյալը գրում էր, որ
եկեղեցու ներսում միշտ էլ լինելու են հերձվածողներ, կեղծ մարգարեներ, որոնց
պատճառով անարգվելու էր (ճշմարտության ճանապարհը. Բ Պետրոս 2:2) ճշմարիտ
քրիստոնեության և եկեղեցու անունը (իմ
մեկնաբանմամբ): Որպեսզի չխորանամ և
ձանձրալի չդարձնեմ քեզ համար ընթերցանությունը, հարց տամ քեզ, երբևէ առիթ ունեցե՞լ
ես անծանոթ մեկի հետ, առանց ներկայանալու, թե ով ես դու, զրույց սկսել Աստծո,
հավատքի և եկեղեցու մասին: Նման
դեպքերում, անծանոթ զրուցակիցդ անկաշկանդ և ազնիվ զրույց է վարում և արտահայտում
իր սուբյեկտիվ կարծիքը: Անշուշտ, սոցհարցում չեմ անցկացրել, սակայն այս հարցերն եմ
ստացել ծառայությանս տարիներին տարբեր մարդկանց հետ շփվելիս և փորձել եմ դրանց
պատասխանել:
Եկեք, մենք էլ Հիսուսի նման, հարց
տանք մարդկանց.
- ի՞նչ եք կարծում եկեղեցու,
քահանաների և հոգևոր սպասավորների մասին, ի՞նչ եք կարծում, եկեղեցին այսօր պատասխանո՞ւմ
է մարդկանց հոգևոր և սոցիալական կարիքներին (սոցիալական ասելով, ի նկատի չունեմ
նյութական կարիքը, այլ զգացմունքային, ընկերական և հոգևոր կարիքները):
Կանխավ ասեմ, որ ստացած
պատասխանների մեծամասնության հետ համաձայն եմ, քանի որ որպես հոգևորական,
եկեղեցին՝ իր լայն նշանակությամբ, թե որպես հավատացյալների համախմբվածություն և թե
որպես կրոնական կազմակերպություն, ճանաչում եմ ներսից: Տեր, ողորմիր մեզ: Մի քանի
օրինակներ, որ համատարած կարծիք է մեծամասնության համար:
-Եկեղեցին, կեղծավորների
հավաքատեղի է, ներսում բոլորը քահանա են՝ հրեշտակ, բայց դրսում սատանա:
- Օգնություն որ չտան, տեսնենք էլ ո՞վ
կգնա, համ էլ արտասահման մեկնելու լավ միջոց է:
- Քահանաները (սա նաև վերաբերվում
է հովիվներին, վերապատվելիներին, առաքյալ և կեղծ մարգարե կոչվածներին, քանի
որ զրուցակիցներիցս շատերն են առնչություն
ունեցել նաև բողոքական եկեղեցիների հետ, նույնիսկ անդամակցել են) պլոկում են
հավատացյալներին, մոմ վաճառում, կամ փողով հարսանիք և մկրտություն են անում, էլ
չասեմ թաղման մասին, ամեն պատեհ առիթն օգտագործում են դրամահավաք կազմակերպեու
համար, պսիխոթերապիայի սեանսեր են անցկացնում, ինչպես Կաշպիրովսկին կամ Չումակը ու
մարդկանց կլպում:
-Տեսե՞լ եք դրանց ունեցվածքները,
որտեղից դրանց այդքան գումար. ( այստեղ ես լռում եմ, քանի որ մասամբ իրավացի են,
հոգևորականների սոցիալական ապահովվածությունը չպետք է տասնապատիկ կամ ավելին գերազանցի
իրենց այցելուներինը ):
Ըստ ոմանց, եկեղեցիներում պարզապես
շոուներ են անցկացվում, սիրո և հոգատարության կեղծ դրսևորումներ (կեղծ, քանի որ
յուրաքանչյուրը՝ Անանիայի և Սափիրայի նման, ձգտում է իր հավատակցին ցույց տալ, որ
ինքն էլ զոհաբերող հավատք ունի): Բարեգործությունները, երբեմն՝ ավելի շուտ
հաճախակի, կատարվում են ընտրովի, եթե դուք այն պոտենցիալ ձուկը չեք, ում բերանում
ոսկե դրամ կա և որ թակարդն եք ընկնելու հատուկ նպատակին ծառայելու համար, սակայն
դուք նյութական աջակցության կարիք ունեք և ոչ միայն նյութական, ապա դուք կհանդիպեք
մերժվածության, ձեր կողքով պարզապես կանցնեն՝ չնկատելով ձեզ: Հարցիս, թե ի՞նչու են
այդպես կարծում, պատասխանում են, -ով է զահլա դնելու, որ ինչ որ մեկի խնդիրներով
հետաքրքրվի, նրանց ոչինչ չի հետաքրքում, բացի կիրակի օրերը եկեղեցի այցելել
պարտադրելուց ու մեկ էլ համոզելուց, որ Աստծուն պետք է փող տալ, նրանց փողերն է
հետաքրքրում և էլ ոչինչ ( պատասխանից հասկանում եմ, որ կամ անձնական օրինակից է
խոսում, կամ կոնկրետ մեկին պատահածն է պատմում): Ի դեպ, սա համատարած մեղադրանք և
պատճառաբանություն է, որով մարդիկ հետ են վանում եկեղեցի այցելելու հրավերքը:
Չանրադառնամ հավատացյալների անձնական վկայություն կամ ավետարանչություն կատարելու «տգիտությանը»,
դա այլ թեմա է, պարզապես անցնեք կողքով:
Մարդիկ հավատում են Աստծո
գոյությանը, Աստծո մասին որոշակի տեղեկություն կամ անձնական փորձով ճանաչում
ունեն, բայց չպատկանելով այս կամ այն եկեղեցուն, իրենց կարծիքն են հայտնում
եկեղեցու վերաբերյալ: Նրանք հավանաբար չեն էլ եղել այդ եկեղեցիներում, և չեն էլ
պատրաստվում հաճախել և նույնիսկ իրենք՝ իրենց համար պարզելու, թե ո՞րքանով ճիշտ
կարծիք ունեն եկեղեցու վերաբերյալ, սակայն, նրանց ստացած ինֆորմացիան գալիս է հենց
եկեղեցուն հարող մարդկանցից, ովքեր իրենց սուբյեկտիվ կարծիքն ունեն այն ամենի հետ,
ինչին առնչվել կամ բախվել են այս կամ այն եկեղեցուն անդամակցելիս: Այս սուբյեկտիվ
կարծիքները, իրար են զարկվում և ստեղծում որոշակի օբյեկտիվ կարծիք, որն իր դրական
կամ բացասական ազդեցությունն ունենալով, ձևակերպում է եկեղեցու հանդեպ հանրային
վերաբերմունք: Ես ասում եմ, որ համաձայն եմ նրանցից շատերի հետ, թեև այդ
կարծիքները ոչ բոլոր եկեղեցիներին են վերաբերվում, կան բացառություններ: Հիսուսն
ասում էր, որ ինքը եկավ սատանայից հարստահարվածների ազատելու, փնտրելու, գտնելու,
կոտրվածը բժշկելու, գերյալին ազատություն տալու, մերժվածին սիրելու, տկարին
զորացնելու, կույրերի աչքերը բացելու և մարդկության մեղքերը քավելու համար:
Սակայն, եկեղեցիների մեծամասնությունը, Քրիստոսի առաքելությունը շարունակելու
միտումով, պայմանական կամ ընտրովի ավետարանաչություն են կատարում և ավելի շատանում
են նոմինալ քրիստոնյաների թվաքանակը, քան բուն մեղավորների, ովքեր իրական
փրկության կարիք ունեն. (ինչպես ասում էր Հիսուսը՝ փարիսեցիներ): Վոլտերն ասում էր
« Ես խորշում եմ քրիստոնյաներից, քանի որ նրանք ապրում են այնպես, կարծես իրենց
Տերը հարություն չի առել մեռելներից»: Առաջին դարում, շատերը մեկուսացան այս
աշխարհից և իրենց շուրջ բոլորը կառուցեցին վանքերի հաստ և բաժանարար պարիսպներ:
Այսօրվա մեր եկեղեցիները, նույն բաժանարար պատերն են կառուցում և խլացնում են
դրսից եկած օգնության կամ փրկության ճիչերը: Դրսիններին զատում, պիտակավորում և
մերժում են գիտակցաբար կամ անգիտակցաբար, ստիպում մտնել հորինված կաղապարների մեջ,
ձգտում դարձնել իրենց նման և եթե անհամապատասխանություն կամ այսպես կոչված «խոտան»
է դուրս գալիս այդ կաղապարներից, նրանց դուրս են դնում եկեղեցուց՝ մատնելով էլ
ավելի դատապարտության և կործանման: Ի՞նչու են աշխարհի մարդիկ խուսափում
հավատացյալներից և կասկածանքով
վերաբերվում նրանց, երբևէ ձեզ այդ հարցը տվե՞լ եք, կարծո՞ւմ եք, որ եթե նրանք
Հիսուսին չեն հավատում ձեզ նման, ուրեմն նրանք դժողքի են արժանի և դրա համար
չարություն ունեն իրենցում՝ եկեղեցու նկատմամբ, մասամբ այո, Սուրբ Գիրքն էլ է
ասում այդ մասին, բայց ոչ բոլոր դեպքերում է այդպես: Մարդիկ հավատում են Աստծուն,
շատերը լսել են, կարդացել, եկեղեցի են հաճախել կամ էլ Աստծո հետ հանդիպման սեփական
փորձառությունն են վերապրել և լսած լինելով Աստծո կամ Քրիստոսի մասին, նրանց մոտ
ձևավորվել է որոշակի պատկերացում, թե ո՞վ և ի՞նչպիսին է Աստված, և նրանք այդ այսօրվա
եկեղեցիների քարոզած Աստծուն, համեմատում
են իրենց ունեցած չափանիշների հետ և խոշոռացույցի
ներքո հետևում Խոսքի քարոզիչների կենցաղավարությանը: արդյունքը որոշիչ է լինելու,
կամ նրանք կհետևեն մեզ, կամ կմերժեն: Եվ
ի՞նչ եք կարծում, այո ամբողջական անհամապատասխանություն: Այո,
մեր քարոզածը չի համապատասխանում մեր կենցաղավարությանը: Աստված ասում է « Այս
ազգը ինձ միայն իր շուրթերով է պաշտում»: Մենք երկատված քրիստոնյաներ ենք, մեր
խոսքն ու գործը տարբերվում է իրարից, ահա թե ինչու են մարդիկ խորշում այն ամենից,
ինչը կոչվում է քրիստոնեություն կամ հավատք: Կխնդրեի, որ այս խոսքերս, վերը գրածիս
կոնտեքստում դիտարկեք, այլապես չեք համաձայնի ինձ հետ և խոսքերս դուրս կբերեք
ընդհանրական դաշտ, որտեղ ես իսկապես համամիտ կլինեմ ձեզ հետ, քանի որ համատարած
նեղություններին, այնուամենայնիվ, տարբեր երկրներում քրիստոնեությունը հաղթական
արշավանք է կատարում, թեև դա ասածս եկեղեցիների կամ «հավատացյալների» շնորհիվ չէ:
Աշխարհիկները, Հիսուսին նույնիսկ Տեր և Փրկիչ չընդունելով հանդերձ, կատարում են
նրա պատվիրանները և զարմանալի մարդասիրություն, նվիրում և ինքնազոհաբերություն
ցուցաբերում, որով մեզ՝ Հիսուսի միջոցով Աստծո ժառնգներիս, Սուրբ Հոգու
տաճարներիս՝ ամաչելու առիթ տալիս: Ի՞նչու էր ամբոխը հետևում Հիսուսին, որովհետև Նա
երկատված չեր և իր խոսքն ու գործերը նույնն էին: Նա սիրում էր մարդկանց և
զանազանություն չեր դնում նրանց միջև, Նա
իր կյանքը դրեց բոլորի համար, առանց բացառության: Ես կարծում եմ, որ
եկեղեցիներն ու քրիստոնյաները վերափոխվելու կարիք ունեն, մենք կարիք ունենք մեր
եկեղեցիներում Քրիստոսի ներկայության և ոչ թե առանց Նրա հարսանիքի խնջույքներ
կազմակերպելու, մտածելով, որ մի օր Նա կվերադառնա: Մենք մոռացել ենք, որ Նա երբեք մեզ
չի լքել, մեզ հետ է և ամեն օր քայլում է մեզ հետ և մեր կողքով: Պետք է հրաժարվել
մարդկանց պիտակավորելուց, այո պիտակավորելուց, քանի որ հաճախ են մարդիկ բողոքվում
այն բանից, որ մենք իրենց անուններ ենք կպցնում (սատանա, անհավատ, դևի ծնունդ,
շնացող և այլն) և եթե մենք, անձի՝ Աստծո առջև գործած մեղքերն իր առջև դնելով, դա
չենք անում սրտացավությամբ, Քրիստոսի սիրուց դրդված, ուրեմն միտում ունենք
վիրավորելու և ավելին՝ դատապարտելու: Ի՞նչով ենք մենք տարբերվում աշխարհիկներից,
ովքեր իրենց հերթին են մեզ տարբեր ածականներով պիտակավորում (բրնձով հավատացյալ,
մասոններ, կեղծավորներ, սուտի հավատացյալներ, աղանդավորներ, մոլորեցնողներ, խաբեբաներ,
կուսակցականներ, փառասերներ, միամիտ ոչխարներ, գայլեր և այլն): Ծիծաղելի է և
միևնույն ժամանակ ցավալի, քանի որ այս հակամարտությունից և փոխադարձ
մեղադրանքներից, իսկապես ատելություն և թշնամանք է ծնվում և հայհոյվում է
ճշմարտության ճանապարհը: Հիմա ի՞նչ, մեր աչքի գերանը թողած, շարունակե՞նք աշխարհի
կուրությունը բուժել, թե՞ սկզբից մեր աչքերը բուժենք, որ աշխարհի նման չկուրանանք:
Հարց կտաս երևի, ի՞նչ անել,
պատասխանում եմ, ջանք դիր, որ Հիսուսի ճշմարիտ աշակերտը դառնաս, ջանք դիր, հավատքի
ոչ միայն տարրին հետևելու, այլ դրանք կյանքով ապրելու, հիշիր՝ խոսք-գործ, ոչ թե
մեռած աղոթք, այլ գործնական աղոթք, ոչ թե սեր, այլ զոհաբերվող սեր: Թող ձեզ չինի
Ավետարանի այն խոսքի պես, թե Խոսքը գիտեն, բայց զորությունն ուրանում են: Թող
մարդիկ, Հիսուսի անունը տալիս, երկնքին չնայեն, այլ մեր մեջ տեսնեն կենդանի
Աստծուն, որ մեզ տեսնողները փառավորեն Աստծուն, որ երկնքում է: Այս անգամվա համար այսքանը:
Комментариев нет:
Отправить комментарий