Վերջերս,
Ցայգ ՀՌԸ-ը մի մարզական տեսանյութ էր պատրաստել Գյումրու՝ 2-րդ համալիր
մարզադպրոցի, աղջիկների մականախաղի ( խոտի հոկեյ) թիմի մասին: Իսկապես հպարտ է
հնչում՝ Գյումրին ունի աղջիկների մականախաղի թիմ: Խորհրդային տարիներին,
Լենինականում կար այս սպորտաձևի՝ տղաների
և աղջիկների թիմեր, սակայն 1988-ի աղետի
պատճառով, մահացավ նաև այս սպորտաձևը: Բնականաբար, լավ մտահաղացում է՝ նորից զարկ
տալու այս սպորտաձևի զարգացման և մասայականացմանը:
Երբ
ինը տարեկան աղջիկս, ուրախությամբ և ոգևորվածությամբ տուն մտավ և հայտարարեց, որ
վաղվանից մականախաղի մարզումների է գնալու, կնոջս հետ զարմացած իրար երես
նայեցինք: Զամանքներս այն էր, որ վերջապես Գյումրու Մուշ 2 թաղամասում գործելու էր
մի մարզաձև, որը կարող էր երեխաներին ֆիզիկապես կրթել, չէ որ նույնիսկ Մուշ
թաղամասի 42 դպրոցը, չուներ մարզահրապարակ կամ մարզադահլիճ և ֆիզկուլտուրայի
դասաժամին, ուսուցիչը ստիպված էր կրթական
ծրագիրը սահմանափակել՝ երեխաներին դպրոցի շենքի շուրջ բոլորը մի քանի շրջան
վազեցնելով: Մուշ թաղամասի նորակառույց 23-րդ դպրոցը, ի տարբերություն 42 դպրոցի,
ունի ոչ միայն մարզադհլիճ, այլև հարմարավետ և որակյալ մարզադաշտ, բայց…: Մեր
ուրախությունները կարճ տևեց, քանի որ արդեն այսօր, աղջիկների մականախաղի թիմը
խնդիրներ ունի և ես, որպես ծնող, մտահոգությունս և արդարացված զայրութս եմ
հայտնում խնդրի ծագման և անտարբերության մատնված լինելու կապակցությամբ: Դիտում եմ
մարզական տեսանյութը, այո, քաջալերող է, ցույց է տալիս մարզադպրոցի տնօրենի
նախաձեռնությունը, ոգևորվածությունը, բայց արի ու տես, որ այդ ամենը ընդամենը
գովազդային կողմն է: Ինչպես միշտ, կատարվող աշխատանքի տեսանելիություն է
ստեղծվում, բայց իրական պատկերն այլ է: Քննադատությունս կոշտ է, հոգնել ենք
հայկական այս մենթալիտետից՝ աչքաթողություն, անտարբերություն, կեղծ
շահագռգռվածություն և այլն:
Ի՞նչում
է խնդիրը, ավելի շուտ խնդիրները: Նախ այն, որ թիմը, Մուշ թաղամասում մարզվելու
համար չունի մարզադաշտ, ամռան ամիսներին նրանք մարզումները անցկացնում էին 23-րդ
դպրոցի մարզադաշտում, սակայն որքան տեղեկացա խնդրին, դպրոցի տնօրենը թիմից
պահանջում է վարձավճար՝ դաշտը տրամադրելու համար: Արդեն մի քանի շաբաթ է,
երեխաները մարզումները անցկացնում են շենքերի բակերի խաղադաշտերում: Այն, որ այդ
տեսանյութում մարզվում են Հայաստանի, աղջիկների մականախաղի առաջնության բրոնզե մրցանակակիրները՝
հիմա, որպես այդպիսին չկա, աղջիկներն այլևս չեն մարզվում և տարբեր պատճառներով թողել
են մարզաձևը: Սա գիտեմ, քանի որ նրանցից մի քանիսին ճանաչում եմ և վերջապես նույն
թաղամասից ենք՝ հարևաններ: Թիմում մնացել
են վեց՝ 8-9 տարեկան աղջիկներ և տարբեր տարիքի երեք տղաներ:
Մեկ
տարվա ընթացքում հավաքել թիմ, մարզել և դառնալ բրոնզե մրցանակակիր՝ հզոր է, կարելի
է հարգանքի տուրք մատուցել մարզիչ Անահիտ Իսպիրյանին, ով հավատով իր ջանքն ու
եռանդ է դնում երեխաներին մարզելու համար, սակայն այսօր, հաղթանակից կես տարի անց՝
հիասթափություն, ավելին, մարզաձևը կանգնած
է նորից փակվելու եզրին: Չծնված՝ մահ, արհեստական վիժեցում: Արհեստական, քանի որ
սաղմը պահպանելու ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Հաղթանակը պատկանում է թիմին, իսկ պարտության
դեպքում, պատասխանատվությունը ընկնում է մարզչի վրա: Սա հեշտ տարբերակ է, լվանալ
ձեռքերն ու առանց թիմին աջակցություն ցուցաբերելու ակնկալել, որ թիմը կգոյատևի և
նույնիսկ արդյունքներ կունենա:
Ես,
իմ առջև նպատակ չեմ դնում լրագրողական հետաքննություն անցկացնելու, ես պարզապես այն
ծնողներից մեկն եմ, ով պահանջում է իշխանությունների և պատկան մարմինների ուշադրությունը
հրավիրել այս մարզաձևի խնդիրների, կարիքների և վերջապես զարգացման և սպառազինման
վրա: Կուզենայի համոզված լինել, որ Ալեքսանդր Կիրակոսյանը, ոչ միայն տեսախցիկի
առջև է շահագռգռվածություն և
մտահոգություն ցուցաբերում, այլ ինչպես ասում են՝ կադրի հետևում նույնպես: Ինձ
համար հարց է ծագում, ո՞վ է հովանավորում թիմի գույքային պահանջները, ի՞նչու են
դրանք հին, մաշված և անբավարար, ի՞նչ է նախաձեռնվում խնդիրների լուծման համար և
վերջապես, մի՞թե հողե մարզադաշտը
տրամադրելու համար, վարձ պահանջելը բարոյական է համարվում: Հասկանում եմ, որ
դպրոցն էլ իր կանոններն ունի, բայց կարելի է չէ, որ այդ հարցը լուծվի ի հոգուտ
մարզաձևի և թիմի: Չէ՞ որ մեր երեխաներն ավելին են, քան հողածածք մարզադաշտը, որն ի
դեպ, կես ամսից՝ անձրևների և ցրտի
պատճառով, անպիտան կդառնա մարզումների համար: Հարցը կմնա չլուծված, առավել ևս
ձմեռվա շրջանի համար: Հիմա ի՞նչ, նորից շեշտադրությունը դնելու ենք գյումրեցու
թասիբի ու պատվի վրա՞: Այս երեխաների ծնողներն արդեն երաշխավորել են թիմին իրենց
աջակցելու մասնակցությունը՝ ամսեկան վարձավճարի մուծմամբ և երեխաների՝
մարզումներին չբացակայելու պատասխանատվությամբ: Աղջիկների թիմը գնդակն ուղարկել է
ձեր կիսադաշտ՝ պարոնայք չինովնիկներ, ձեզ տեսնենք:
Ծնող՝
Մամիկոն Համբարյան
Հրապարակվել
է blog.mediamall.am կայքում
Комментариев нет:
Отправить комментарий