Ազգային ժողովը երկու ամիս
առաջ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների
ապահովման մասին» օրենք է ընդունել: Վերջին շրջանում աղմուկ բարձրացավ և եղան
քննադատություններ, թե նման անվան տակ ԱԺ-ն գաղտնի ընդունել է մի փաստաթուղթ, որն
այլասերություն է քարոզում: Այս թեմայով ԳԱԼԱ-ի զրուցակիցն է
հրապարակախոս Մամիկոն Համբարյանը:
-Պարոն Համբարյան, ի՞նչ կարծիքի եք օրենքի մասին: Օրենքը ինչո՞վ է
մերժելի Հայ Առաքելական Եկեղեցու տեսանկյունից: Կարծիք կա, թե օրենքը գաղտնի է
ընդունվել: Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ բացի հանձնաժողովներից, նման օրենքի
ընդունումից առաջ պետք է նախ բազմակողմանի քննարկումներ կազմակերպվեին:
-Իմ հոդվածներից
մեկում ես անդրադարձել էի այն հարցին, թե ինչո՞ւ է լռում Հայ Առաքելական Եկեղեցին,
թերևս որոշ քահանաներ իրենց կարծիքն այս կապակցությամբ հայտնել են, սակայն դա չի
կարելի դիտել որպես եկեղեցու պաշտոնական դիրքորոշում, և այս կապակցությամբ
հայտարարություն մինչ այս պահը ես չեմ լսել և չեմ կարդացել և եթե ընդունենք, որ
չկա պաշտոնական դիրքորոշում, ուրեմն կարելի է նաև այսպես հասկանալ, որ նման օրենքը
ոչ մի կերպ մերժելի չէ եկեղեցու կողմից: Չմոռանանք նաև այն փաստը, որ եկեղեցի-պետություն
սերտաճումը ենթադրում է փոխշահավետ գործարքներ: Սահմանադրությամբ ամրագրված է, որ
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու`
որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում,
նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Դրանից
ելնելով` Հայ Առաքելական Եկեղեցուն ՀՀ օրենսդրությամբ տրված են մի շարք
մենաշնորհներ, այդ իսկ պատճառով այսօր եկեղեցին պատասխանատվություն է կրում
երկրում տիրող բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտի համար: Օրինակ` Մոլդովայի
Ուղղափառ Եկեղեցին այս օրենքի ընդունման պատճառով Կառավարության անդամներին
զրկեց հաղորդությունից: Սա ցույց է տալիս եկեղեցու պատասխանատվությունը Աստծո և
սեփական ժողովրդի առջև: Կարող եմ ասել, որ Հայաստանի Ավետարանական
եկեղեցիների համագործակցության կողմից եղել է պաշտոնական բողոք և ձևավորված
հիմնավորում, բայց Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիները դեռևս լռում են:
Թերևս ուշացումով հայտարարություն կատարվի, սպասենք:
Ինչ վերաբերվում
է ԱԺ-ին, ապա Ազգային ժողովը նման օրենքները հանրությունից գաղտնի
ընդունելու փոխարեն պետք է այն ներկայացներ հանրային քննարկման, որը ինչ-ինչ
պատճառներով չէր արվել և հետո զարմանալին այն էր, որ անցնելով երեք ընթերցում` ոչ
մի պատգամավորի մոտ տարակուսանք չէր առաջացրել օրենքի երրորդ հոդվածում տեղ գտած
ձևակերպումը, թեև այդ օրենքին դեմ էր քվեարկել միայն մեկ պատգամավոր, այն էլ`
ՀՀԿ-ից:
Բնականաբար,
արտահերթ ժողովի և երեք ընթերցմամբ օրենքի հապճեպ ընդունումը կասկածանքների տեղիք
է տալիս, այլ կերպ ասած` իշխանությունները քաջատեղյակ էին, որ մեր հանրությունը
եվրոպական նման այլասերության հակառակորդ է և չի հանդուրժի նման օրենքի
ընդունումը, այդ իսկ պատճառով էլ այն ընդունվել է գաղտնի` նույնիսկ առանց
լրատվամիջոցների ներկայության և լուսաբանման:
-Որքանո՞վ են նման օրենքի սկզբունքները հակասում հայ քրիստոնեական և
հայ ավանդական ընտանիքի գոյության սկզբունքներին և կա տեսակետ, որ այն կխարխլի
ազգի ու ընտանիքի ակունքները:
-Հակասո՞ւմ է
արդյոք քրիստոնեության սկզբունքներին, իհարկե` այո´, քանի որ Աստվածաշունչը մեզ
ներկայացնում է, որ Աստված մարդուն ստեղծեց երկու սեռի` արու և էգ, չկա երրորդ՝
անորոշ սեռ: Աստվածաշնչում բազմաթիվ օրենքներ կան այդ սեռերից յուրաքանչյուրին
վերաբերվող` մազերի սանրվածքից սկսած մինչև հագուստ կրելը, ինչպես նաև
հասարակության մեջ իրենց սոցիալական դերերի բաշխումը և պատասխանատվությունները:
Այդ օրենքի առաջին դրույթում գրված է. «…Գենդերային` տարբեր սեռի անձանց
ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց եւ տղամարդկանց միջեւ
հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի
բոլոր ոլորտներում…»:
-Ձեռքբերովի սոցիալական վարք. ի՞նչ է դա նշանակում:
-Մի այսպիսի պարզ
օրինակ բերեմ: Պատկերացնում եք, որ հայկական ավանդական ընտանիքում ամուսինները
որոշում են բաժանվել, և կինը երեխաներին թողնում է ամուսնու խնամակալությանը: Մի
պայծառ օր ընտանիքի հայրը արթնանալով` բացահայտում է, որ ինքն իրեն կին է զգում և
որոշ ժամանակ հետո որոշում է ամուսնանալ, ասենք, Վարդան ձյաձյայի հետ: Հարց է
առաջանում` այդ ընտանիքի երեխաներն ինչպե՞ս են ընդունելու այդ ամուսնությունը:
Երեխաները ընդունելու են, որ իրենց պապան պապա չի, այլ մամա է: Հասկանո՞ւմ եք, դա
խեղում է նախ Աստծո սահմանած օրենքները, իսկ հետո երեխայի հոգեբանությունը՝
տեսնել ընտանիքում երկու տղամարդ ծնողների, որից մեկն իրեն տղամարդ չի զգում: Նման
ամուսնությունների դեպքում բացառվում է երեխա ունենալը, ուրեմն ի՞նչ է անելու
զույգը, բնականաբար որդեգրելու է: Տղամարդու և կնոջ ամուսնական միությունը
հանդիսանում է ընտանիքի իդեալական մոդելը, որը մարդկային ցեղի
շարունակությունն է ապահովում, այլ մոդելները բացառվում են:
Ի դեպ, վստահաբար
կարելի է ասել, որ այս օրենքներին հետևելու են ինցեստի և մանկապղծության
օրինականացման օրենքների (որոնք այսօր անխուսափելիորեն հաջորդաբար ընդունվում են
եվրոպական երկրների կողմից) ընդունման պարտադրումը Հայաստանի Հանրապետությանը:
Քրիստինա Մկրտչյան
Комментариев нет:
Отправить комментарий