( Էսսե )
Մեր շենքը, մի փոքր տարածությամբ էր բաժանված հարևան
շենքից, իսկ բակերն իրարից բաժանված էին մարդահասակ քարե պատնեշով, որի մեջ մի
նեղլիկ բացվածք կար, որ մարդիկ կարողանային մի բակից մյուսն անցնել: Այս երկու
շենքերում ապրող մարդիկ, այնքան տարբեր էին միմյանցից, որ չնայած հարևանությանը,
նրանք իրար հետ չէին առընչվում ու նույնիսկ արգելում էին իրենց երեխաներին՝ շփվել
կամ ընկերանալ իրար հետ:
Պատճառը, որը թեև աչքիս առաջ էր, սակայն ես չէի էլ
նկատում, կայանում էր նրանում, որ մեր շենքում բնակվող երեխաներից, միայն երեքս
էինք, որ տղա էինք, մյուսներն աղջիկներ էին, իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ
տղաներից մեկը, տարին տասներկու ամիս հյուրընկալվում էր հորաքրոջ տանը, իսկ մյուսն այնքան մեծ էր, որ մեզ հետ չեր էլ
խաղում, ուրեմն մնում էի միայն ես, ում
ուսերին էր մնում աղջիկների պաշտպանությունն ու եղբոր պարտականությունները: Այս
տեսանկյունից, հարևան բակի տղաների բաղտը չէր բերել, կարծես մեկը հատուկ էր այդպես
դասավորել, որ այդ բակում աղջիկներ չլինեին, դե ի նկատի չունեմ, որ ընդհանրապես չկար: Կարծում եմ, որ հասկանում եք իմ վիճակը: Ես ստիպված
էի լինում պաշտպանել մեր բակը՝ հարևան բակի տղաների ներխուժումներից ու ապացուցել,
որ մեր բակում տղամարդ կա: Ու ինձ մոտ դա ստացվում էր: Ես ճարպիկ էի, արագաշարժ,
թեև նիհար ու ոչ մկանոտ:
Հայրս, երազում էր, որ ես իրեն նման երաժիշտ դառնայի,
իսկ գուսան Հովհաննեսն իմ երաժշտական ունակություններս ստուգելուց հետո, հորս ասել
էր, որ ինձանից լավ երաժիշտ դուրս կգա ու հայրս ինձ երաժշտական դպրոց տվեց սովորելու,
որ քամանչահար դառնամ, իսկ ես վերցնում էի քամանչան ու նրա չխոլի մեջ թաքցնում
բռնցքամարտի ձեռնոցներն ու հայ~դա, դեպի «Սպարտակ» մարզադպրոց: Հարևան բակի
տղաներն ինձ հարգում էին, դե՝ որպես
ճարպիկ տղա, ես շատ առիթներ էի ունենում նրանց զարմացնելու ու մեկ մեկ ծեծկռտուք
էի սարքում, որ չասեին, թե երաժիշտ տղան վախկոտ է՝ նրբիկ ու ստիպված էի լինում
հաճախակի ապացուցել, որ նույնն եմ մնացել և նույնիսկ առաջընթաց ունեմ սպորտի մեջ:
Հիմա, երբ հիշում եմ մանկությանս տարիները, ծիծաղում եմ, հիշում եմ, թե ինչպես էի
մեր բակի աղջիկների ներկայությամբ, մրցումներ կազմակերպում հարևան բակի տղաների
հետ, որ աղջիկների աչքին բարձրանամ ու տղաներով հավաքվում էինք ու կախվելով շենքի
շքամուտքի վերևից անցնող գազատար խողովակից՝ ձգումներ կատարում, խեղճ խողովակը լավ
էլ դիմանում էր մեզ, իսկ աղջիկները անաղմուկ հաշվում էին,-մեկ, երկու, երեք… ու ես
չէի էլ նկատում, թե ինչպես էի ժամանակի ընթացքում ուժ հավաքում ու մկանոտվում:
Երբեմն, ես վերհիշում եմ իմ մանկությունից դրվագներ ու
հաճախակի դրանք վերարտադրում եմ մտքումս, որ չմոռանամ, դրանք իրենցում մի քաղցրություն
են պարունակում, որն էլ երբեք չեմ կարող համտեսել, չեմ կարողանա նաև վերադարձնել,
դրանք անդարձելի են: Ի՞նչու եմ սա ասում, հա, նրա համար, որ հիշեցի, թե ինչպես
ինձ՝ երաժշտիս ու չկայացած բռնցքամարտիկիս՝ աղջիկները գրքասեր դարձրին:
Տատս էր, դռան մոտից ձայն էր տալիս, իսկ ես լռում էի,
կարծելով, թե էլի Վարդուշ տատենց՝ հարևանի տուն է ուղարկելու՝ որ սուրճ խմելու
հրավերքը տանեմ: Ստիպված էի արձագանքել, քանի որ տատիս ձայնի մեջ, արդեն
բարկության նոտաներ էի նշմարում: Մոտեցա, հաճելի անակնկալ էր ինձ սպասվում, դա
բակի աղջիկներն էին, որ եկել էին ինձ խնդրելու, որ ուղեկցեմ իրենց՝ կողքի թաղում
գտնվող գրադարանը: Չթողեցի, որ ինձ երկար համոզեն, համաձայնվեցի ու հինգ րոպե
հետո, մենք ուրախ զրուցելով ու կատակելով արդեն կանգնած էինք գրադարանի դռան առջև:
Ես դրսում սպասեցի, բայց երբեք չեմ մոռանա բացված դռնից դուրս փախած՝ այդ
տարօրինակ հոտը՝ գրքերի հոտը, հնացած ու նոր գրքերի, թղթի ու գրադարանի բորբոսնած
պատերի՝ իրար խառնված, ձուլված մի տեսակ ներդաշնակ, գայթակղիչ ու գրավող հոտը:
Ակամա, Էությամբս ներս էի ձգվում, բայց
գիտակցությամբ ինձ զսպում էի, էդ էր պակաս, որ ես՝ ես դառնամ ակնոցավոր,
խելացի դեմքով գիտունիկ, ղզիկ, տղամարդը չպետք է գիրք կարդա, ու ես՝ մանկամիտ տղաս, ում ներաշխարհում թրև էին գալիս
կապույտ էկրանի հերոսներ՝ Ռոբին Հուդն ու Չինգակչկուկը, ընդդիմանում էի այդ
ցանկությանը, չէ որ նրանք, այդ հերոսները՝ գրքեր չէին կարդում, նրանք պարզապես սխրանքներ էին
գործում: Հաջորդ անգամին, երբ նորից էի աղջիկներին ուղեկցում գրադարան, թույլ
չտվեցի ցանկությանս ինձ երկար համոզելու, ներս մտա, զարմացած կողք բոլորս էի
նայում, ամենուրեք գրքեր էին, գետնին, սեղանին, գրապահարանների տակ՝ վրան և իհարկե
նաև այդ հոտը՝ գրքերի հոտը, որ քթիցս բռնած ինձ ներս տարավ ու ես կանգ առա
արկածային գրքերի բաժնում: Աչքերս վազում էին գրքերի վերնագրերը ընթերցելով,
Աստված իմ, ի՞նչքան հետաքրքիր վերնագրեր կան, ի՞նչքան գրքեր կան, որ ես պետք է
կարդամ: Արդեն խճճվում էի, երբ աչքերս կանգ առան «Նավապետ Բլադի ոդիսականը» գրքի
վրա, դա պատմություն էր մի ծովահենի մասին, ես որոշեցի՝ սկսելու եմ սրանից: Մի
շնչով կարդացի այդ գիրքն ու հաջորդ օրը, աղջիկներին առաջարկեցի նորից գրադարան
գնալ՝ զարմացած երեսիս էին նայում, չէին հավատում, որ ես կարդացել եմ գիրքը,
ապացուցեցի ու մենք նորից գնացինք գիրք ընտրելու: Ես կարդում ու կարդում էի,
կարդում էի ողջ ցերեկը, կարդում էի գիշերը, երբ փողոցը լուսավորող էլէկտրալամպերի
լույսը ներս էր թափանցում մեր տան պատուհանից ու ընկնում անկողնուս: Գիշերները,
այդ հերոսները կարծես կենդանանում էին ու ես լսում էի նրանց զրույցներն ու
ճամփորդում նրանց հետ միասին: Ես, ինձ համար բացահայտեցի, որ գրքերը կենդանի են ու
կարող են խոսել, նրանք կարող են պատմել, կարող են ցույց տալ, սպասեցնել, թևեր տալ,
ուրախացնել, տխրեցնել, վախեցնել կամ
քաջալերել, մղել խելառ ու ռոմանտիկ արարքների: Նրանք ձևավորում էին իմ ներաշխարհը, զարդարում
այն, թռիչք տալիս մտքիս ու երազելու ցանկություն առաջացնում, ու ես թռնում էի
մտքով, երազում ու նկարում էի մի աշախարհ՝ իմ ու միայն իմ աշխարհը:
Ինձ երբեք չէին այցելում չար երազներ, ընդհակառակը,
դրանցում ես հերոս էի: Հաճախ էր պատահում, երբ երազումս՝ արծվի նման ձեռքերս
տարածում էի կողքի, վեր ձգվում, կանգնում ոտքիս թաթերի ծայրին և վեր հրվում,
ոտքերս կտրվում էին գետնից ու ես վեր էի բարձրանում: Խուսափելով շենքի
պատուհաններից ձգված լվացքի պարաններից ու անցնելով դրանց միջով, ես վեր էի
սլանում, թողնելով ներքևում ամեն ինչ և ամենքին ու բարձրանում դեպի ամպերը: Քամին
խփում էր դեմքիս և ծածանում վերնաշապիկս: Ես չէի վախենում, այդ զգացողությունն
այնքան իրական էր, որ կարծես արթուն լինեի, նույնիսկ արթնանալուց հետո, դեռ երկար
ժամանակ ես սավառնում էի օդում:
Հարևան բակի տղաներն այլևս չէին փորձում ներխուժել մեր
բակ ու այլևս չէին համարձակվում ինձ մարտահրավեր նետել, ոչ թե նրա համար, որ ես
ուժեղացել էի, և ոչ էլ նրա համար, որ ես ցանկություն ունեի աղջիկներին
ապացուցելու, որ ես կարող եմ նրանց պաշտպանել, այն այն, որ զարմանալի
հնարամտությամբ ես կարողացել էի այդ տղաներին վերափոխել, միգուցե հարևաններիս մոտ փոխել
էի նրանց մասին եղած կարծիքը, բայց նրանք այլևս վտանգ չէին ներկայացնում մեր բակի
աղջիկների համար, մենք միասին էինք խաղում ու այլևս պատուհանից չեր լսվում
աղջիկներից որևէ մեկի ծնողի՝ անհանգստացած ձայնը:
Մենք պարզապես մեծանում էինք ու մեր անվրդով
մանկությունը, չէր էլ կարող կռահել, որ մի օր, մի սովորական թվացող օր, ինչ որ մեկը, կարող էր դարանակալել և գողանալ
իրեն: Այդ օրը 1988-ի դեկտեմբերի 7-ն էր:
Комментариев нет:
Отправить комментарий