суббота, 1 октября 2011 г.

Քավության նոխազ, կամ ո՞վ այրեց Հռոմը




Ք.Հ. 64 թվականին այրվեց Հռոմը: 14 օրերի լարվածություն՝ աղետի հետեւանքով եւ վշտի պատճառով գրեթե խելագարության հասած մարդիկ կանգնած էին ապստամբության կամ էլ քաղաքացիական պատերազմի շեմին: Բոլորի՝ կրակի ծխից սեւացած հայացքներում դրոշմված էր միայն մեկ հարց, - Ո՞վ է մեղավոր Հռոմը հրդեհելու մեջ: 

Ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել այն հանգամանքը, որ ոմն կայսր իր բանաստեղծական վարժությունների կամ ներշնչման համար կարող էր նման անմարդկային, անխիղճ քայլի դիմել: Մենք նման դեպքում կասեինք՝ հիվանդ երեւակայությանը հագուրդ տալ:Դե իհարկե, մեղքը պետք էր ինչ որ մեկի վզին փաթաթել, դե հո կայսրին չպիտի մատնացույց անեին, թեեւ տեսել էին նրա ծառաներին կրակի ջահերով տները այրելիս, սակայն արի ու տես, որ Ներոնի երեւակայությանը պետք է հարգանք մատուցել, նա հնարամիտ մարդ էր: Մեղադրվեցին քրիստոնեական աղանդի քչաքանակ հետեւորդները, այդ հետապնդումները հետագայում վերածվեցին մասսայական բնույթի հալածանքների ՝ կառավարական մակարդակով:

Չեմ մտնի մանրամասների կամ զազրելի տեսարանների նկարագրման մեջ, թողնելով այն ձեր երեւակայությանը: Ներոնը հետագայում այդ մաքրված տարածքներում կառուցեց պալատներ, պալատներ մարդկային ողբերգության հիմքի վրա:Զարմանում եմ, երբ մտնում եմ համացանցեր եւ կարդում լուրերը: Չեմ կարող հասկանալ, թե ի՞նչ են մտածում նրանք, ովքեր հանդես են գալիս հայտարարություններով, կամ էլ նրանք, ովքեր գրի առնում կամ տպագրում են դրանք: Երկրում տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանվում են խեղաթյուրված, յուրովի, հետապնդելով շեշտադրված նպատակ, սակայն մոռանալով, թե ո՞վ է իրենց լսարանը կամ ընթերցողը: Եթե կարծում են, որ մի խեղճ գյուղացի է, որ հանդից եկել է տուն ու փորձում է գլուխ հանել համակարգչից ու պատահականության շնորհիվ հաջողվում է միացնել այն եւ ավելին, ընկնել համացանցի լուրերի բաժին ու տառը տառի հետեւից կարդալ, վանկարկելով կազմել նախադասություն ու գլուխը տմբտմբացնելով զարմանալ ու մի հատ ել ուշունց տալ, ապա չարաչար սխալվում են:
Մայրը սպանեց երեխաներին, դե նա աղանդավոր էր, գիրք են գտել տանը, կրոնական բնույթի: Է՜հեյ, կասեր Ֆրունզիկ Մկրտչյանը: Մտեք ցանկացած քաղաքացու բնակարան եւ դուք կգտնեք առնվազը մի չորս կամ հինգ տեսակի կտակարաններ, տարբեր գույների, տարբեր կազմերով, տարբեր հրատարակությունների, էլ չեմ ասի, որ կլինեն էլի գրականություններ կամ բրոշյուրներ, որ քաղաքավարությունից ելնելով վերցրել էին փողոցում իրենց առաջարկող գեղեցիկ աղջկանից կամ տղայից:
Մի՞թե դա տարբերակ էր, որ առաջարկեցիք ժողովրդին: Հաջորդը: Մայրը ինքնասպան է լինում, նրան հետեւում են որդին եւ աղջիկը: Անհաջող փորձ, վերջիններս փրկվում են: Աղանդավորներ են եւ կրոնական հողի վրա կատարել են ինքնասպանության փորձ: Հանրության ականջներին շշնջում են, թե աղանդները մարդկանց հասցնում են ինքնասպանության: Հա, ի դեպ, անհաջողակ ինքնասպանները հայտարարում են, որ Առաքելական եկեղեցու անդամներ են: Տեսար, ուրեմն ոչ միայն աղանդներն են հասցնում, այլ ազգային եկեղեցին:
Ժողովրդին գիտակցաբար մտցնում են մոլորության մեջ, եւ ո՞վ է դա անողը, աղանդները, ոչ, այլ այն եկեղեցին, ում մարդիկ վստահում են, կառավարության թեթեւ ձեռքով նաեւ ԶԼՄ-ները, ում նույնպես ՎՍՏԱՀՈՒՄ են, թեեւ վերջինիս պահով լուրջ հայտարարություն արեցի:
Չեմ ժխտում, որ ցանկացած աղանդ քրիստոնեության թշնամին է, կրկնեմ, քրիստոնեության եւ ոչ թե պետության: Երբ հեթանոս էինք, մեր պապերը քրիստոնյաների դեմ կռվում էին զենքով, պաշտպանելով ազգային աստվածների բագինները, նրանք նույնպես աղաղակում էին,- «Վերջ մեր աստվածներին, ուրեմն վերջ մեզ»: Հիմա ի՞նչ, ասենք, որ քրիստոնեությունը այն թշնամին էր, որ հաղթեց եւ կործանեց մեզ եւ մեր պետությու՞նը:
Խաչմերուկ, որտեղ բախվում են ոմանց շահերը: Ոմանք արագ կողմնորոշվում են եւ փորձում են կրակը իրենց բաղաջի տակը քաշել(Ժ.Խ.):
Հարցրեք ժողովրդին, թե ի՞նչ է նա մտածում աղանդների մասին, նրանց քայքայիչ գործունեության մասին, կամ նրանց կազմակերպություններում շրջանառվող փողերի մասին:
Նա ոչինչ էլ չի մտածում, նրա միտքը զբաղված է առօրյա խնդիրների լուծմամբ, կամ լավագույն դեպքում այն կարող է շեղված լինել մեկ այլ հարցով, այո, նա մտածում է, թե ե՞րբ գնի ինքնաթիռի տոմսը, հիմա, թե գարնանը:
Այս երկրում ամեն մարդ զբաղված է ճիշտ իր գործով (ոհ, մի՞թե հեգնեցի): Կառավարությունը մտածում է իր իշխանությունը պահելու մասին, ընդդիմությունը երազում է այդ իշխանության գլուխ գալ, Ազգային անվտանգությունը լուրջ խնդիրները թողած զբաղված է աղանդների փողերի վրա ձեռք գցելով, իսկ ոմանք իրենց փայի մասին մտածելով, սակարկում եւ վստահում են նման պատասխանատու եւ շահավետ գործը ՊԱԿ-ին:
Աղանդները զբաղված են իրենց քայքայիչ գործով, քայքայում են ու քայքայում ու վերջապես քայքայում բոլորի նյարդերը, քանի որ նրանք, ովքեր նյարդայնանում են նրանց քայքայիչ գործունեությունից, նույնպես քայքայում են նյարդեր ու պրկված նյարդերով մարդիկ դառնում են անհանդուրժող, ու մի օր էլ «Հռոմը» կայրվի, ու մինչ մարդիք զբաղված կլինեն «Հռոմը» մարելով, մեր «ներոնները» կգծագրեն ու կկառուցեն իրենց երազանքի ապարանքները մարդկային ողբերգության փլատակների վրա:
Իմիջիայլոց ասեմ, Նախիջեւանի գերեզմանատան խաչքարերի նմանօրինակները կերտվում են եւ տեղադրվում Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ, չգիտեմ՝ դա հեգնա՞նք է, թե պարզապես արվեստի ճաշակ: Լցնել առանց այն էլ մեռած քաղաքը տապանախաչքարերով: Ժողովրդի մնացորդ, որ իր օրերն է քաշ տալիս գերեզմանատանը:
Գիտես, ասա ժողովրդին, որ չկա հաց, պիտի դիմանաս, նա կդիմանա, ասա, որ մեռնելու ես, նա կմեռնի, բայց իրավունք չունես նրան հիմարի տեղ դնելու, նա քո մասին իր կարծիքն ունի ու մինչ դու նրա դեմքին ես նայում քո հիմար ժպիտով, նա ողբում է քո ծախված կամ մեռած հոգու համար: Ախր էն աղանդավորն էլ, որի մասին ասում ես, նա նույնպես նրա կինն է, ամուսինն է, զավակն է, պապն է կամ տատը, թոռը, եղբայրը կամ քույրը: Ու՞մ էս ուզում բաժանել իրարից:
Մարդ էդքան ագահ չի լինի: Սովետական կարգերի օրոք բոլորն էլ գողանում էին, ծախում էին պետական գույքն ու ռեսուրսները, բայց նրանց ագահությունը կանգ էր առնում պատասխանատվության ու օրենքի առջեւ, թեեւ դրանք էլ էին ծախված, սակայն կար մի եզր, որի առջեւ բոլորն էին կանգ առնում:
«Իմաստության սկիզբը Տերոջ վախն է. միայն հիմարները կանարգեն իմաստությունն ու խրատը» Առակաց 1:7հ
Դե, եթե մարդուս մոտ Աստծո վախն այլեւս չկա, ապա իրոք որ մնում է փախչել այս երկրից, կամ էլ դառնալ նրա նահատակը, ում արյան վրա կշինվի ինչ որ մեկի կարիերան:
Հիմա ի՞նչ, ինչպե՞ս քեզ հետ պահեմ «Հռոմը» այրելու քո մտադրությունից, «Հռոմ»-ի մասին չեմ մտածում, ոչ էլ քո, այլ էն խեղճերի, ում հետո պիտի խաչես:
«Ժողովուրդ որ խաչված է ճակատագրով, իր ապագան է կերտում վաղվա հավատքով» Շ.Ազնավուր
Ես չեմ հավատում ճակատագրին: Եւ դեմ եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են այս ազգի ճակատին իրենց խարազանը դնել:
Ու՞ր էիր Աստված: Արթուր Մեսչյանի հարցն անպատասխան մնաց, գոնե ես փորձեմ պատասխանել: Արթուր, նա ճիշտ այնտեղ էր, որտեղ խաչվում էր իր որդին, խաչի մոտ, վշտակորույս, զարմացած՝ մարդու եւ այս կյանքի անարդարությունից: Հիմա էլ, նա ճիշտ այստեղ է, դարձյալ զարմացած ու վշտացած, թե ինչպես կարող են իր անունից ավիրել, կործանել, սպանել:
Սիրելիս, մենք մի ազգ ենք, ով իր պարանոցին կրում է իր Տիրոջ մահը խորհրդանշող եւ հիշեցնող խաչը: Խաչն իր բազում կողմերով, մահվան եւ կյանքի, սիրո եւ ներման, տառապանքի եւ երանության, Աստվածային ողորմության եւ շնորհքի: Ուստի մենք պետք է որ ամեն օր զգանք նրա նշանակությունը եւ վերջապես, երբ է այն դադարելու մեր իմիջի մի մասը լինելուց:
«Եւ սա է Նրա պատվիրանը, որ հավատանք Նրա որդի Հիսուս Քրիստոսի անունին, եւ իրար սիրենք, ինչպես Նա պատվիրեց մեզ»: Ա.Հովհաննես 3:23հ.
Վեր. Հովիվ Մամիկոն Համբարյան
Lragir.am Նորություների կայքից.
Տպագրվել է http://www.lragir.am/armsrc/society53950.html

Տեղադրված է. 12:07:40 - 01/10/2011

2009 (c) Lragir.am News. All rights reserved.







Комментариев нет:

Отправить комментарий