«...Հայաստանը դառնում է ռուսական ֆորպոստ՝ իր վրա կրելով Ռուսաստանին ուղղված վտանգի հետևանքները, հետն էլ՝ ռուսական սապոգը հայկական քամակին՝ շարունակաբար և անխնա»
«Պուտինի այցով Հայաստան ռուսական ձեռագիրը չափից ավելի խիտ թանաքով կդրոշմվի Հայաստանի ապագայի և ճակատագրի վրա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց գյումրեցի հրապարակախոս Մամիկոն Համբարյանը: Նա նաեւ նրբորեն համեմատականներ տարավ Վիլնյուսի եւ դեկտեմբերի 2-ի Գյումրիի միջեւ՝ ասելով, որ այս երկու իրադարձությունների համադրումը հստակ ուրվագծում է Ս. Սարգսյանի խոսքի եւ գործի անհամատեղելիությունն ու հակասությունները:
«Հնարավոր չէ ոչ մի խոսքին լուրջ վերաբերվել: Նրա ելույթը Վիլնյուսում առաջին մասում իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ էր, իբր Հայաստանը ստանձնել է պետականության կառուցման եվրոպական մոդելը, որն արտացոլվում է ինստիցիոնալ ոլորտում կատարվող բարեփոխումներով: Ծիծաղելի է, քանի որ Հայաստանը պարզապես տառապում է կոռուպցիայի, դատաիրավական համակարգի խամաճիկ լինելու, ազատ տնտեսական մրցակցության ապահովման մեջ մոնոպոլ կախվածության և մի շարք այլևայլ նման բաներից: Իհարկե, Հայաստանում նախարարների՝ պետական ծրագրերի հաշվին հարստանալուց կամ որոշ գերատեսչությունների շենքային կամ գույքային բարեկարգումից բացի, այլ բան չենք կարող անվանել բարեփոխում, իսկ եթե նման ինչ-որ մի բան կա, ապա միայն տեսանելիությունն ապահովելու համար է հնչեղություն ստանում:
Բայց բոլորս գիտենք, որ Սերժ Սարգսյանը Վիլնյուս էր մեկնել Պարույր Հայրիկյանի նկատմամբ տածած հարգանքից և սրտացավությունից դրդված, որ վերջինս սովամահ չլիներ, և սպասել ավելին Եվրոպայից մեր երկրի կամ ավելի շուտ նախագահի նկատմամբ՝ էյֆորիա կլիներ: Շնորհիվ մեր նախագահի կայացրած ավտորիտար որոշման՝ մենք որդեգրեցինք զարգացման այլ ընթացք, որն ավելի շուտ զարգացման և աճի կանգ կարձանագրի, քան առաջընթաց»:
Մամիկոն Համբարյանի խոսքերով՝ Ս. Սարգսյանը խոսքի արժեքը չգնահատող քաղաքական գործիչ է:
«Լսելով նրա վիլնյուսյան ելույթը՝ միանշանակ կարելի է ասել, որ նա բացահայտ ստում էր, թե իբր հետևողականորեն քայլեր է անելու Եվրոպայի հետ բազմաբնույթ համագործակցությունը զարգացնելու համար: Ասել մի բան և անել հակառակը. սա Սերժ Սարգսյանի բնույթին հարիր երևույթ է: Ով ով, գոնե Հայաստանի վերջին հարյուր տարվա պատմությունը լավագույն ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չի կարող առանց Ռուսական կայսրության, և նրանից ավելին սպասել, քան պարտադրված վասալությունը, սխալ կլիներ, ինչը և արեց Սերժ Սարգսյանը՝ տնօրինելով մի ժողովրդի ճակատագիր՝ զիջելով ռուսական ճնշումներին:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ քաղաքական ապագա կունենա Հայաստանը, ապա այստեղ մտավախություն ունեմ, քանի որ անդամակցելով Մաքսային միությանը՝ Հայաստանը կամովին պետք է հրաժարվի արտաքին քաղաքականություն վարելուց: Այսինքն մենք իսկապես կորցնելու ենք մեր պետականության և անկախության մի որոշ հատված՝ թույլ տալով միության անդամ երկրներին ազդելու Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության և ուղղության վրա: Այս պարագայում ես համաձայն եմ Ժիրինովսկու հետ, որ Արևմուտքը իր սահմանները մոտեցնում է Ռուսաստանին, և Սիրիայից հետո հերթը հասնելու է Իրանին, հետո՝ Ռուսաստանին: Եվ որ, ըստ նրա, Ռուսաստանը այս տարածաշրջանում պետք է հենվեր Հայաստանի վրա: Իսկ ես կարծում եմ՝ ոչ թե հենվելու, այլ ոտք դնելու տեղ է ընտրել Ռուսաստանը: Վախենամ, որ Հայաստանն ավելի շուտ շրջափակվում է ՆԱՏՕ-ին անդամակցող երկրներով՝ դառնալով ռուսական ֆորպոստ՝ իր վրա վերցնելով Ռուսաստանին ուղղված անմիջական վտանգի հնարավոր հետևանքները, հետն էլ՝ ռուսական սապոգը հայկական քամակին՝ շարունակաբար և անխնա: Ռուսական զորքի ներկայությունը Հայաստանում ես դիտում եմ որպես Հայաստանի խաղաղ և առանց ուժային գործադրության օկուպացիա, իսկ սա նշանակում է, որ միշտ էլ ուժեղն է թելադրելու, և լինելու է ըստ իր կամքի: Ինչ ասես, երբ մեր քաղաքական գործիչներն են մտածում, որ աշխարհի կեսի թագավորն էր եկել դեկտեմբերի 2-ին Գյումրի»,- եզրափակեց Համբարյանը:
Քրիստինա Մկրտչյան
Комментариев нет:
Отправить комментарий