среда, 10 апреля 2013 г.

Կրկնված պատմություն, չքաղված դասեր

Քեզ բարի լույս իմ Հայաստան: Թեև այս օրը նոր է, բայց այնուամենայնիվ մենք այստեղ ենք՝ Սերժիկյան Հայաստանում և չասեք, թե այս օրը նոր Հայաստանի առաջին օրն է, իբր թե երեկ վերջ դրվեց օլիգարխիային, հանցագործ իշխանություններին և նրանցից ելուստի նման դուրս աճած պսեվդոկղերականությանը: Թերևս Հայսատանն այնքանով է նոր, որքանով որ նրանում դրական փոփոխություններ են լինում, իսկ դրանք բացառված չեն:
երեկ, ամեն մարդ գործեց ըստ իր համոզումների, ոմանք ազատության հրապարակ գնացին, ոմանք մարզահամալիր, ոմանք մնացին աշխատավայրում, ոմանք հետևեցին իրադարձություններին հարմարավետ տեղավորվելով բազմոցին, ոմանք համակարգչի առջև, ոմանք էլ ոստիկանության բաժանմունքում: 


Պասիվ հանդիսատեսների ընտրությունն ամենևին չնսեմացրեց իրենցից և ոչ մեկի ազգասիրության զգացմունքները: Իսկ ակտիվների քայլերը, առավելություն չտվեց նրացից և ոչ մեկին՝ պասիվների նկատմամաբ:
Երեկ ամեն մարդ արեց այն, ինչին հավատում էր և ինչին ձգտում էր և դրանում չկար համընդհանուր համաձայնություն և ծրագիր, (կարծեմ հասկանում եք ինչ ի նկատի ունեմ): Այսինքն, ասեմ ինչ, այն, որ մեկը լուռ բողոքարկում էր ցելոֆանը գլխին, մյուսը նստացույց հայտարարում, մյուսը պարզապես հայհոյում ու մահակով ոստիկանին սպառնում և այդ ամենը ինքնաբուխ էր և մշակված ծրագիր, թե ով, ինչ էր անելու, որպեսզի համախմբված, պայմանավորված և արդյունավետ ելք ունենար պայքարը՝ չկար:
Արդյունքում ինքնաբուխ և չհամաձայնեցված գործողություններ:
Զարմանալի է, մի՞թե ընդդիմության ներկայացուցիչները չեն կարդում համացանցում հրապարակված հոդվածները, գրառումները, կարծիքները՝ այսինքն ժողովրդին լսող կամ նրանց կարծիքը, համոզումներն ու խորհուրդները՝ ոչ ոք չի կարդո՞ւմ, ի նկատի չի առնո՞ւմ: Ախր պայքարը վարելու, առաջնորդելու լիքը խորհուրդներ կար համացանցում՝ լսող չկար, դրա համար էլ ամեն մարդ իր հասկացածով ու իր ճշտով էր առաջնորդվում: Երանի թե րաֆֆին և նրա հետևորդները այդ ամենը հաշվի առնեին, վերլուծեին և եզրակացություն կատարեին: Դե, ամեն մարդ չէ, որ ռամավարություն մշակել գիտի, իսկ մի՞գուցե այդպես էլ պետք է լիներ:
Ես միշտ ցանկացել եմ հասկանալ, թե ինչու է ամեն անգամ ժողովրդական հուզումներն ու արդարության ծարավը՝ բախվում ոստիկանական պատնեշին ու ցրիվ գալիս՝ թողնելով միայն արյունլվա հետքեր ջարդված գլխների տեսքով: Ամեն անգամ, մենք ձգտում ենք համտեսել ոստիկանական մահակի համն ու արդյուքում, մազարխիստի փորձառություն վերապրում: Չեմ հասկանում, դու՞ր է գալիս: Առանց էն էլ էս իշխանությունները ժողովրդին ենթարկել են բարոյահոգեբանական բռնության, բռնանում ու բռնանում են:
Պատմությունն ունի իր թերությունը, այն միշտ կրկնվում է: Չեմ սիրում համեմատությունները, բայց ինչ որ չափանիշ պետք է ունենալ, 2008 ին նույն ժողովուրդը բախվեց ոստիկանության և ՀՀ ԶՈՒ-հատուկ ստորաբաժանումների հետ, արդյունքում՝ համտեսվեց ոչ միայն մահակ, այլ նաև ինքնաձիգի կրակահերթեր: Արդյունքում՝ մեջքը կոտրված պայքար: Հիմա կասեք, որ ժողովուրդն աննկուն է, նրա կամքն անկոտրուն, նրա պայքարը մինչև հաղթանակ: Դատարկ բռունցքով բզի գլխին չեն խփում, դա առնվազը հիմարություն է: Նույնը երեկ, բախում ոստիկանության հետ, այդ շարքերը ճեղքելու փորձեր, ասենք ճեղքվեց, ի՞նչ, մտնելու էիք կառավարության շենք՝ մի քանի ապակի, մի երկու համակարգիրչ կամ ջարդված կահույք, իսկ հետո՞: Ժողովրդին սադրանքների հրահրելը հեշտ է, իսկ դրանից մինչև անկարգություններ ՝ մի մազ: Ու Ապրիլի 9 -ը մնաց անցյալում, դա երեկ էր, ինչպես և Մարտի 1-ը 2008-ին: Երեկ, վերլուծաբանների ու ՖԲ-ի օգտատերերի համար, առաջիկա մի քանի ամիսներին քննարկման ու արտահայտման նյութ ստացվեց: Հիմա կասես, թե քննադատելը հեշտ է, կհամաձայնեմ քեզ հետ, կասես բա դու ի՞նչ կանեիր, երևի չանեի, այլ ասեի թերևս անհրաժեշտության դեպքում երկուսն էլ: Իմ խորին համոզմամբ, մինչև Հայաստանում «Путч» չլինի, ոչ մի իշխանություն էլ չի փոխվի: Մինչև զինված ուժերի աջակցությունը չլինի, ոչ մի իշխանություն էլ չի փոխվի: Մինչև օլիգրխիան չսնանկանա, ոչինչ էլ չի փոխվի, մինչև այս նախագահը՝ հանուն ժողովրդի բարօրության հրաժարական չտա, ոչինչ էլ չի փոխվի ու կարծում եմ, որ նրանից հետո գալացողն էլ շատ բան չի փոխի: Բայց նորից կփոխվենք մենք, կբարձրանա մեր քաղաքացիական ինքնագիտակցությունը, հազարամյակների գզվռտուքներից հետո, վերջապես կսովորենք համախմբվել առանց արտաքին թշնամու կամ աղետի սպառնալիքի դրդրման: Կսովորենք հարգել ուրիշների կարծիքն ու կհանդուրժենք բազմակարծությունը: Թույլ չենք տա մեզ բաժանել մերոնցականների ու ձերոնցականների, հայրենասերների ու հայրենիքի դավաճանների և նման այլևայլ պիտակների: Կփոխվենք մենք, կփոխվի մեր շրջապատը, մեր երկիրը:
Երեկվա արդյունքում ունենք այն ինչ եղավ, այսինքն երդում կերած նախագահ: Չէ թե կոչ եմ անում համակերպվել, բայց կարծում եմ,որ արդեն ցիտրուսային սեզոնի փակման ժամանակն է: Իսկ փոփոխությունների, հաղթանակների ձգտումը, թերևս այլ հարթություններում և մակարդակներում շարունակել:
Հակիրճ և ամփոփ: Կարծիքս և մոտեցումներս վերջնական չեն: Առայժմ:
10.14. 2013
Նկարը վերցված է www.epress.am կայքից 
Հրապարակվել է blognews.am կայքում

Комментариев нет:

Отправить комментарий