(արտագաղթի
խնդիրները շարքից)
Հունական առասպելների մեջ կա
այսպիսի մի պատմություն, երբ նավագնացները անցնում են մի կղզու մոտով, որտեղ բնակվում են կես կին կես ձուկ արարածները, որոնց նրանք անվանում էին Սիրենա (ջրահարսներ),
ապա նրանք իրենց գեղեցիկ ձայնով դյութում էին նավագնացներին կանչելով իրենց մոտ,
եվ կախարդված նավաստին նավի ղեկը դարձնում էր դեպի կղզին ու իզորու չլինելով
տեսնելու խութերը` նավը տանում կործանման:
Դե իհարկե սա գեղեցիկ
պատմություն է, սակայն այս պատմությունը այլաբանություն է, քանի որ խորհրդանշում է
աշխարհիկ կյանքի բարքերը, երբ հաճախ այդ դյութիչ կյանքի գայթակղությունից խաբված
կործանվում են հազարավոր կյանքեր եվ ընտանիքներ: Փորձեմ բացատրել, թե ես ի՞նչ ի
նկատի ունեմ:
Ամեն օր հեռուստատեսությամբ
քարոզվում է ապրելաձեվի հոլիվուդյան մոդել, երբ ֆիլմի հերոսը իր կյանքը վատնում է
գիշերային ակումբներում գեղեցիք կանանց հետ, վարում է թանկարժեք մեքենա եվ այդ
կյանքը հնարավոր է դառնում հեշտ գումար վաստակելու միջոցով, երբ դրա համար շատ
ջանք չի թափվում, նրա վրայից չի բուրում քրտինքի հոտը եվ նա իրեն նվաստացած չի
զգում՝ ինչ որ մի սեվ աշխատանքով գոյատեվելու համար փող աշխատելիս: Բնականաբար
իրականությունը այս պատկերի հակառակ՝ սեվ կողմն է: Համատարած գործազրկություն,
ապրուստի գումար վաստակելու խնդիր, կուտակված պարտքեր եվ ամեն օր տան դուռը թակող
պարտքատեր, ով ոչ մի կերպ չի կարող այլեվս սպասել, եվ նման այլ տեսակի խնդիրներ:
Արդեն ձմեռ է, եվ որպես կանոն
մեր խոպանջիները գալիս են տուն՝ ամանորը ընտանիքում անցկացնելու սիրելի կանանց ու
երեխաների հետ, դե, տարվա մեջ դա միակ շաբաթն է, որ կարելի է կնոջը հավաստիացնել,
որ իրենից բացի ուրիշը չունի էս կյանքում, ու որ իր նասկիներն ու հագուստը ինքն էր
լվանում ամեն օր, ու ամեն օր ինքն էր իրեն համար ճաշ պատրաստում վառված
մակարոններից: Իսկ հետո, մի ուրիշ օր ու ուրիշ տեղ սկսում են պատմել իրենց
ընկերներին իրենց պանդխտության հեքիաթները, թե, հո գործ չեր՝ պարապություն, տան
տերն էլ մի սիրուն աղջիկ կամ կին ուներ ու սա խփնվել էր վրաս, ամեն օր սաունա էինք
գնում, ինձ իր տանն էր պահում, կերակրում ու ես իր հոր տունը աշխատանքի իրեն
մեքենայով էի գնում, ասում էր մնա՝ միասին կապրենք: Դե, նկարագրելով տան տիրոջ շիկահեր,
Քիմ Քարդաշյանի ֆիգուրայով, սեքսուալ, կրակոտ աղջկան կամ կնոջը, բնականաբար մեր
խոպանջի հերոսը չեր խնայում վառ գույների օգտագործումը ընկերների աչքին սեփական՝
ընկած ինքնարժեքը բարձրացնելու համար: Եթե սրան ավելացնեք ձեր լսած պատմությունն
ու համեմատեք հունական առասպելի Սիրենաների հետ, ապա կհասկանաք, թե ես որքանով եմ
ճիշտ: Թեեվ չեմ էլ բացառում իրականությունը, քանի որ հատ ու կենտ պատահում են նման
պատմություններ ու ինչ որ մեկի բախտը բերում է ու մեծ շահում ունենում: Սակայն արի
ու տես, որ ամեն գալացող խոպանջի նույնն է պատմում: Հաա, ըստ պատմածի գայթակղիչ է, աշխատանք, որը ջանք չի պահանջում,
գրպանումդ լիքը փող, դե էդ մի քանի հազարը, որ ուղարկում ես տանը հավատարմորեն
սերիալներով սնվող ու փողի ղադրը չիմացող կնոջդ, ով երեխաներիդ է դաստիարակում ու
հարեվանների մոտ պարծենում նոր գնած զիզի բիզի բաներով՝ հո գրպանդ չի դատարկի:
Ես խոսում եմ ընտանիքավոր տղամարդկանց մասին, իսկ դուք
պատկերացրեք երիտասարդին, ով դեռ չի կայացել այս կյանքում, չունի որոշակի
պատասխանատվություններ եվ համատարած այս գործազրկության ու պարապության հեռանկարն
աչքի առջեվ ունենալով հուսահատության անդունդի հատակում հայտնվելով, ձեռքը գցում է
առաջին իսկ պատեհ առաջարկին, առանց ծանր ու թեթեվ անելու՝ առաջարկի հետ կապված
խնդիրներն ու հետեվանքները: Ոմանք, նույնիսկ ներարկում են իրենց երակների մեջ
էժանագին թմրանյութ՝ բենզինից եվ լուցկու թույնից կազմված, միայն թե գեթ մի քանի
րոպե կտրվեն կյանքի գորշ եվ անհույս պատկերից: Լավ լավ, չեի ուզենա խորանալ եվ
այսքան թունդ գույներով ներկայացնեի իրականությունը, թեեվ այն ավելի մութ է քան ես
եմ նկարագրում:
Ստեղծվում է կոնտրաստ այս
կյանքի եվ հոլիվուդյան գայթակղիչ կենսակերպի միջեվ եվ երիտասարդը բախվում է
ծայրահեղությունների միջեվ ընտրություն կատարելու խնդրին:
Վերջերս, մի քանի շաբաթով մեկնել
էի Մոսկվա գործնական հանդիպման, եվ պտտվելով Մոսկվայում՝ հաճախակի էի հանդիպում
հայերի, ովքեր ռուսական ցրտին՝ Մոսկվայի փողոցներն էին վերանորոգում: Հանդիպում էի
հայերի, ովքեր աշխատանքից էին վերադառնում ուշ երեկոյան, հոգնած, չսափրված դեմքին
ու չկտրված եղունգների տակ ծեփամածիկի մնացորդներով: Հագ ու կապի մասին էլ չեմ
ասում: Սիրտս կտոր կտոր էր լինում, որ շենական հայը՝ օրվա հացի համար պանդխտության
ճամփան է բռնել ու օտար երկրներում դառել ղարիբ:
Սիրտս ցավում է, երբ տեսնում
էի թե ինչպես էին վերաբերվում նրանց՝ մեր բարեկամ եղբայր ռուսները: Հայերը նրանց
համար երկրորդ սորտի մարդիկ էինք, նույն կատեգորիայի, ինչ ուզբեկն ու տաջիկը: Ես
այլ ազգերին դեմ չեմ, ուղղակի հիշատակելով այս ազգերին ի նկատի ունեմ, որ նրանք կատարում էին այն սեվ
գործը, որին ոչ մեկն անգամ չեր մոտենա:
Գիտեք, համաձայն եմ, դե կան
նաեվ հարուստ հայեր, ովքեր հարգանք են վայելում օտար երկրներում, ունեն բիզնես եվ
այլն, սակայն նրանք այնքան քիչ են համեմատած սեվագործ խոպանջիների, առավել եվս երբ
նրանք են շահագործում իրենց իսկ հայ եղբայրներին, իսկ Երբեմն նաեվ ենթարկում թրաֆիկինգի:
Չափազանցնու՞մ եմ, գոնե ես լսել եմ Մոսկվայում կարի արտադրության ցեխի մասին,
որտեղ աշխատում են հայ կանայք, ով նույնիսկ իրավունք չունի դուրս գալու քաղաքում
պտտվելու, ի՞նչու, դե որովհետեվ գործարարը չի հանել նրանց համար աշխատանքի
թույլտվություն, կամ ռեգիստրացիա: Բա՜ա:
ՀՀ կառավարությունը համատեղ
Սփյուռքի նախարարության հետ, մշակել է ծրագիր բավական սրտաճմլիկ անվանմամբ « Արի
տուն»: Անվանման մեջ աղերսող երանգ է հնչում, կարծես թե պանդխտացածի կողմից
մոռացված երկրի թախանձագին խնդրանք լինի, սակայն արի ու տես, որ օլիգարխիկ
իշխանության ներկայացուցիչների « կոկորդիլոսի արցունքներն » -են: Մարդիք փախնում
են այս երկրից, գերադասելով ստրուկ լինել օտարի համար, քան թե մնալ ստրուկ իր
սեփական երկրում իր հայրենակիցների կողմից: Որեվէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել իրար
հակասող այս ծրագրերի էությունը, ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ՝ ինչպես է ՀՀ
կառավարությունը ծրագրում հայրենակցի վերադարձը օտարությունից, երբ միեվնույն
ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ պետ բյուջե յոթ հարյուր միլիոն դոլլար
գումար է մուտք գործել օտարության մեջ գտնվող իր պանդուխտ հայրենակցից: Կարծում եմ
իրար հակասող շահերի բախում է տեղի ունենում, կամ էլ դրանցից մեկը բլեֆ է:
Բլե՞ֆ է թե ոչ, ցույց կտա
ժամանակը, թեեվ չարժե սպասել, բավական է գլխի ընկնել, թե ո՞րն է: Ինչեվէ, եթե
այսպես շարունակվի, իրոք որ մեր երկիրը կդառնա խոպանացած ու անտեր, բայց արի ու
տես, որ խոպան մեկնելու առաջարկը մնում է նույն գայթակղությամբ ու նույն
հրատապությամբ:
Ահա տեսնու՞մ եք,
պարծենկոտությունն ու ցանկալին իրականության տեղ դնող մարդկանց շնորհիվ գովազդվում
է արտագաղթը, որը սակայն մակերեսային կողմն է դառը իրականության, որն առկա է
Հայաստանում: Ուստի, սրա դեմն առնելու դատարկ քարոզչությունը՝ խնդրի լուծման ելք
չէ, նամանավանդ երբ կառավարությունը խթանում է արտագաղթը եվ մեծացնում
գործազրկության արագ զարգացող տեմպը:
Կասեմ, որ ցանկացած տղամարդ
ոչ մի դեպքում չէր լքի իր հայրենիքը, չեր հեռանա իր ընտանիքից, այլ կգերադասեր
երեկոյան վերադառնալ աշխատանքից, ընկերակցել կնոջը մի բաժակ սուրճի սեղանի շուրջ,
խաղալ իր երեխաների հետ եվ մասնակցություն ունենալ նրանց դաստիարակության մեջ,
գիշերը քնել սպիտակ եվ մաքուր անկողնում, եթե միայն՝ մեր կառավարությունը շահագռգռված
լիներ աշխատատեղերը պահպանելու եվ նոր տեղեր ստեղծելու հարցում:
Ի՞նչի է կարոտ մեր
ժողովուրդը, մտածել էք երբեվէ, թույլ տվեք ասեմ, թե ես ի՞նչ եմ մտածում:
Կայունություն, ահա թե ինչ կցանկանար մեզանից յուրաքանչյուրը: Ունենալ սիրած
աշխատանքը, ամեն առավոտ գնալ աշխատանքի եվ վերադառնալ երեկոյան, ստանալ կայուն
աշխատավարձ եվ չմտահոգվել, թե առավոտյան որպես ո՞վ ես արթնանալու եվ այդ օրն
ի՞նչպես եվ ի՞նչքան գումար ես հայթայթելու: Զգալ քեզ տղամարդ, ընտանիքի հայր, հարգված
ամուսին: Աշխատանքը բարձրացնում է մարդուն, կասեի ավելին, այն աշխատանքը, որը
հարկադրված չէ, նվաստացնող չէ, սեփական արժանիքներդ չի ոտնահարում եվ վարձատրում է
քեզ կատարածիդ համեմատ:
Երեվի թե ընկա երազանքների
գիրկը: Գիտես, վախենամ, որ մի օր էլ մեզ են գործազուրկների ցուցակում հաշվառելու:
Այդ ժամ, միգուցե ես եվ դու կհոգնենք այս կոնտրաստներից եվ ճարահատ կորոշենք
խոպանջի դառնալ: Համենայն դեպս ասում եմ քեզ առայժմ, Աստված չանի, որ մի օր
ինքնաթիռում հանդիպենք:
( Խոպան-բառային
նշանակությունը- անմշակ, դատարկ, պարապ; ըստ Ա.Սուքիասյանի հոմանիշների բառարանի:
Խոպանջի- ժողովրդի
մեջ տարածված բառ է, որը նշանակում է՝ էժան
աշխատուժ, օտար երկրի քաղաքացի, որը ներգրավված է արդյունաբերական կամ շինարարական
աշխատանքի կատարման, եվ այդ ոլորտի զարգացման մեջ ):
Հովիվ՝ Մամիկոն Համբարյան
http://www.lragir.am/armsrc/society57673.html
http://www.lragir.am/armsrc/society57673.html
Комментариев нет:
Отправить комментарий