суббота, 10 декабря 2011 г.

Գալիք պատուհաս կամ ֆիրմային նոր բրենդ


Մի մտահոգություն ունեմ, որն ինձ հանգիստ չի տալիս գիշեր ու ցերեկ: Ուղեղումս է, դրանով եմ տարված ու այդ մտահոգությունը ստիպում է ինձ պարփակվել ինքս իմ մեջ: Գիշերների լռության մեջ, այն սառնություն է պատճառում ինձ, ու ես փորձում եմ մի կայծ գտնել, վառել մի բոց ու կրակ ստանալ, սակայն այդ սառնությունը հանգցնում է կայծի միտքն անգամ:   Սակայն, մտքի ահավորությունը պարալիզացնում է ինձ՝ իր ահեղ տեսարանով, ցնցում ամեն մի երեվակայություն, հոլիվուդյան մտքի եվ երեվակայության սցենարների համակարգչային  ձեվավորումն անգամ՝ նրա ֆոնին թվում է գյուղական թատրոնի բեմական դեկոր:
Անխուսափելի ապագա: Շուտով, շատ շուտով


Ի՞նչպես է եռում կյանքը: Վերջին երկու հարյուր տարվա մեջ մարդկությունն իր զարգացման հազարամյակների մեջ գրանցել է ռեկորդ: Կյանքն ավելի է բարդացել՝ թվացյալ հեշտանալու եվ պարզունակ դառնալու փոխարեն: Թվում է, թե գիտության զարգացման առաջընթացը կանչված է լուծելու մարդկության հանապազօրյա խնդիրներն ու պահանջները: Սակայն արի ու տես, որ այս ամենի մեջ մարդն ընդամենը դառել է իր ստեղծագործության գերին: Ի՞նչն է ստիպում մեզ կույր ձեվանալու: Ու՞մ աչքերին ենք թոզ փչում: Խափում ենք ինքներս մեզ եվ համոզում գալիք սերունդներին, որ սա է կյանքը եվ սա է միակ ճշմարիտ ապրելաձեվը: Ես ասացի գալիք սերունդների՞ն: Ոհ ոչ, ահա՝ նորից այդ միտքը:

Ի՞նչ սքանչելի է երկիր մոլորակը: Միլիոնավոր տարիների միջից մեզ հասած եվ հազարամյակների մեջ գիտնականների ու արկածախնդիրների կողմից ուսումնասիրված լինելով հանդերձ տակավին դեռ զարմացնում է մեզ իր գեղեցկությամբ, ցուցադրում իր ուժը, որի դեմ մենք այնքան թույլ եվ տկար ենք երեվում, եվ իր հզորությամբ գերում է մեր հիացմունքը: Այն եղել է մարդկանց պաշտամունքի առարկա, սակայն ավելի մեծ եվ զարմանալի է եղել մեզ համար նրա Արարչի հայտնությունը՝ մեզ նման մահկանացուներին, ու՞մ մտքի եվ զորության արտահայտումը միայն խոնարհաբար նրան երկրպագելու ցանկություն է առաջացրել մեզանում: Մ՞իթե երբեվէ այս աշխարհը կարող է դադարել գոյություն ունենալուց:
Ահա, նորից այդ միտքը:

Որքան կցանկանայի, որ սա լիներ պարզապես մտքերի հոսք, որը կարելի կլիներ կասեցնել, սակայն ասում են, որ միտքը նյութական է դառնում, երբ այն արտանետվում է տիեզերք եվ տիեզերքն իր արձագանքն է տալիս, վերադարձնելով քեզ մտքիդ մարմնացումը:
Կանգ առ, բավական է, մ՞իթե սա իմ մտքերն են, ո՞րտեղից դրանք ծնվեցին իմ մեջ: Ոչ, դրանք իմ մտքերը չեն, ես չեմ դրանց հեղինակը, դրանք մտքեր չեն, այլ հավաստի ինֆորմացիա, իրադարձություններ, որոնք սպասվում են այս մոլորակին:  Սակայն ե՞րբ են դրանք կատարվելու, ո՞րքան է մնացել:
Մեխանիզմը արդեն թողնված է:

Հետաքրքիր է սակայն փաստ, գինեգործությունն այսօր զարգանում է Հայաստանում եվ երբեմնի նահապետ Նոյը, ով համարվում է գինեգործության գյուտարարը՝ դարձել է պարզապես ֆիրմային բրենդ՝ պիտակ: Սակայն քչերն են, որ հիշում են Նոյի անվան հետ կապված պատմությունը, որն իր նմանը չի ունեցել աշխարհի սկզբից մինչեվ հիմա: Ջրհեղեղ, մ՞իթե ողջ մարդկությունը մահացավ ջրի կատաղի ալիքների մեջ, մ՞իթե մարդկության պատմությունը նոր սկիզբ ունեցավ Նոյի եվ նրա ընտանիքի միջոցով: Դե իհարկե: Սակայն ի՞նչն էր պատճառը, որ Աստված զղջաց, որ ստեղծել է մարդուն եվ որոշեց կործանել մարդը եվ այն ամենը ինչ ստեղծել էր նա:

Բոլոր նրանք, ովքեր ունեն համակարգիչ կհասկանան ինձ: Երբ ասեմ «վիրուս»՝ ինձ անմիջապես կասեն, որ դա ծրագիր է, ստեղծված նենգամիտ կամ չարագործ մարդու կողմից, ում անվանում են « խակեր »՝ ուղղորդված գողանալու համակարգչից կամ համացանցից օգտվող մարդկանցը պատկանող տեղեկությունները կամ խափանելու նրանց համակարգիչները՝ հասցնելով նյութական եվ բարոյահոգեբանական վնաս: Ավելի հաճախ է պատահում, որ համակարգիչում նստեցված հակավիրուսային ծրագիրը անզոր է դառնում պայքարելու «վիրուսի» ավերիչ գործունեության դեմ: Երբ « վիրուսի » պատճառած վնասները անդարձելի է դառնում, մնում է համակարգիչը փրկելու մի տարբերակ, այն է « Վերբեռնել» կամ համակարգչային լեզվով ասած 
« format » անել այն:
Ես հիմա եմ հասկանում, թե ինչու Աստված որոշեց վերբեռնել այս աշխարհը: Մեղքը անդարձելի վնաս էր հասցրել Նրա ստեղծագործությանը:
Աստվածաշունչը ասում է, որ վերջի օրերում կլինի ճիշտ Նոյի ժամանակների պես: Մարդիկ կապրեն իրենց ուզած կյանքով, առհամարելով Աստծո սահմանած օրենքները եվ պատվիրանները՝ դրանց  օրինաչափությունը  որոշելով՝ մեղքով վարակված, խանձված խղճի համրությամբ, այլասերված մտքի բաց թողնված երասաններով, որն իր կործանմանն է ընդառաջում՝ ամենաթողության ազատությամբ արբեցած:
Նայում եմ շուրջս, վերլուծում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, քննում ժամանակները, հետեվում եմ մարդկանց կենցաղավարությանն ու  ավելի եմ համոզվում, որ վերբեռնման գործընթացը սկսված է: Եկեղեցին, որն իր  բնույթով հակավիրուսային գործընթաց է կատարում, այլեվս ի զորու չէ կասեցնելու մարդկության սրընթաց անկումը:
Ոչ, այս անգամ գլոբալ ջրհեղեղ չի լինելու, իմաստ չունի տապան կառուցել, այս անգամ լինելու է կրակ, որն իր բոցով հալեցնելու է ամեն ինչ եվ մաքրելու է նոյից հետո՝ դարերի ընթացքում շերտավորված մարդկային հանցանքների  նստվածքները, որի վրա ամեն մի սերունդ կառուցել է իր ներկան, չկասկածելով, որ իր քաղաքակրթության հիմքերը խախուլ են, ենթակա փլուզման եվ կործանման:

Կործանման միտքն սահմռկեցուցիչ է, սակայն՝ եթե համեմատենք մարդկության վայրագությունների, գազանությունների կամ այլասերվածության հետ, ապա աշխարհի վերջի մասին եղած փաստն իր զազրելի տեսարանով կդիտվի լոկ փրկություն, փրկություն հենց մարդկության համար: Կարծու՞մ եք չկա փրկություն: Աշխարհի վերջի մասին՝ կինոռեժիսերները նկարահանել են բազմաթիվ ֆիլմեր, որտեղ այլմոլորակային եկվորները զգուշացնում են մարդկությանը վրահաս կործանման մասին, կամ էլ փրկում: Շատերը այդ ֆիլմերը դիտելիս հիացմունք են արտահայտում, հիացմունք ռեժիսորական մտքի կամ համակարգչային գրաֆիկայի համար: Սակայն քչերն են, որ գլխի են ընկնում, որ այդ ֆիլմերում « ՈՒՂԵՐՁ » կա, ուղերձ մարդկության համար: Դե մենք զբաղված ենք հանապազօրյա հոգսերով, կամ էլ ռոմանտիկ հարաբերություններ փնտրելով եվ ուղերձ վերծանելու ժամանկ չկա, այդ խնդիրը մեզ չի հուզում: Անտարբերություն, ինչպես ասում էր քսան երրորդ դարի մեծն ավետարանիչ Բիլլի Գրեհեմը « Անտարբերությունը մեր ժամանակաշրջանի ամենամեծ մեղքն է»: Մ՞իթե կործանման միտքը քեզ չի հուզում, իսկ ե՞թե հուզում է, ապա ի՞նչ ես պատրաստվում անել սեփական փրկությանդ համար:
Ի՞նչու է աշխարհի վերջի մասին միտքն ինձ վախ պատճառում: Ես մտահոգված եմ մարդկանց համար, իմ ազգականների, սիրելիների, ընկերների, ծանոթների եվ այլոց, ում ճակատագիրը միեվնույնը չէ ինձ համար: Վախենում եմ, որ նրանց փրկության հնարավորության մասին լուրը փոխանցելու համար  ինձ հատկացված ժամանակը վերջանա, սպառվի ու ես չհասցնեմ նրանց պատմելու այդ մասին: Վախենում եմ նրանց համառությանը կամ մերժմանը հանդիպելու: Վախենում եմ, երեվի սա ճիշտ բառը չէ, որ կարելի է այստեղ կիրառել, սակայն այն կարելի է բացատրել, վախենում եմ ոչ թե իմ համար, այլ նրանց, քանի որ ոչ մի կերպ չէի ցանկանա նրանց կորուստը տեսնել: Ես սիրում եմ նրանց, գոնե այն պատճառով, որ Աստված էլ է նրանց սիրում եվ նրանց կործանումը չի ցանկանում, սակայն Նրա արդարությունը պահանջում է արդար դատաստան՝ իր կողմից սահմանված օրենքների խախտման պատճառով, մ՞իթե կարելի է այսպես այլասերել աշխարհը կամ անպատժորեն թափել մարդկային արյուն՝ լոկ հարստանալու կամ այլասերված ցանկություններին հագուրդ տալու համար: Մ՞իթե միայն օրենքների, ոչ իհարկե, այլ իր Հայրական սիրո մերժման համար: Այո, արդարանալու տեղ չկա: Մենք մերժում ենք Նրան եվ ինչպես նա է մեզ մեղադրում, մենք միայն մեր շուրթերով ենք նրան մոտենում, եվ ոչ թե սրտով:
«Մեղքի վարձքը մահ է» Հռոմեացիս 6:23h: Նրա որդու մահը, որը մեր մեղքերի վարձը վճարելու համար եղավ, մերժվում է մեր իսկ կողմից: Միթե կարելի է ծաղրել նրան, ով մեզ համար մեռավ: Դարձրել ենք նրան պատմական կերպար, իսկ ոմանք նույնիսկ՝ հորինծու հերոս: Ոչ մի կերպ չենք ցանկանում ընդունել, որ Նրա Որդին է մեր միակ փրկությունը: Մ՞իթե կա ելք, դե իհարկե: Մեղքի գիտակցում, զղջում, խոստովանություն եվ ապաշխարհություն: Աղոթքով աղերսված ներում եվ Սիրով ընծայված փրկություն:
Ես ունեմ երաշխավորված փրկություն, ի՞նչ կասես դու քեզ համար:

Աստծո Շնորհաց դռները դեռ բաց են: Այսօր դեռ կա ժամանակ:

Հա, իսկ վե՞րջը, իսկ վերջը շուտով, շատ շուտով, մի քիչ էլ եվ…

Հովիվ՝ Մամիկոն Համբարյան

Комментариев нет:

Отправить комментарий