Արտագաղթի խնդիրները շարքից
Ճանապարհներ, ճանապարհներ, երկար ու կարճ, հույսով
լեցուն և երբեմն էլ հուսահատ ու մոլոր: Թվում է թե , ամբողջ երկիրն առջևդ է, ու
ուր ուզում ես կարող ես գնալ ու մի պահ մտովի գնում ես՝ սլանում հեռուները, սակայն
ճախրանքիդ ժամանակ բախվում ես սահմաններին ու երազանքներդ փշուր փշուր են լինում
աչքիդ առջև, իսկ բեկորները շաղ գալիս աջ ու ձախ:
Երևի
թե, մենք հայերս՝ հոգով կոսմոպոլիտ ենք, տիեզերքի քաղաքացի: Սիրում ենք
ազատությունը, ազատությունը՝ ոչ թե հարաբերական, այլև իր ամբողջական նշանակությամբ
և իմաստով: Դրա համար էլ, մենք կարող ենք պարծենալ, որ չկա մի վայր, որտեղ հայը
ոտք չի դրել: Պատկերացնում եք, եթե չլինեին արգելքները և չլինեին սահմանափակումները
և չլինեին սահմանները, ապա այդ ոտքը՝«խերով» լիներ թե ոչ, ինչեր կարող էր անել: Սակայն,
ամեն բան ունի իր սահմանները և դա
օրինաչափություն է: Սակայն, այս օրինաչափությունների անվերջանալի ցուցակում կա մի
բան, որն իր ազատություն տենչանքն ունի: Դա մարդկային հոգին է, թեև մարմնում
սակայն աստվածային: Այն հնարավոր չէ ստրկացնել այն միշտ ել մնում է ազատ: Նա չի
ճանաչում սահմաններ բացի՝ իրեն պարփակող, մի տեսակ գերող մարմնից:
Երբ
հայտնվում ես պետությունների սահմանային անցակետերում, հոգիդ նվաղում է քեզանում, որտեղ, ինչպես սառը ցնցուղից հետո,
գիտակցում ես, որ դու պարզապես գերի ես, և քո ամեն քայլափոխը վերահսկվում է: Եվ
ժամեր տևող ստուգումներից ու նվաստացնող վերաբերմունքից, կասկածանքով լցված՝ քեզ
հառած հայացքներից և անվերջանալի թվացող հերթերից հետո, վերջապես հաղթահարում ես
մի արգելքը՝ պատրաստվելով մյուսին: Մի պահ, պարզապես մտքովս անցավ հետևել սահմանային
անցակետում խռնված մարդկանց, նայել նրանց դեմքերին, հետևել նրանց շարժումներին:
Զարմանալի է, թե ինչպես են մարդիկ իրենց պահում, դե հիմա չեմ ուզում հոգեբանական
վերլուծություն կատարեմ, պարզապես տեսնել է հարկավոր, թե ինչպես են մարդիկ իրենց
անձնագիրը տալիս ստուգման ու մինչ անձնագրային կետի սպան ստուգում է այն, մարդիկ՝
ում փաստաթղթերի հետ որևէ խնդիր չկա, իրենց զգում են գողի նման, ինչպես մաքսանենգ՝
ում ուր որ է կբռնեն: Ու՞ր է անհետանում այն ազատության զգացողությունը: Այո
զգացողությունը, քանի որ ազատությունը մի բան է իսկ ազատության զգացողությունը՝ մի
ուրիշ: Ազատությունը չեն զգում, այն ապրում են, այն վիճակ է և ոչ թե լոկ
զգացողություն:
Յոթ
սարերից այն կողմ, յոթ գետերից այն կողմ, կա մի քշված մոլորված երկիր: Չգիտեմ
ինչու, սակայն շատերը կարծում են, որ դա Ավստրալիան է, երևի թե հիմնվելով ինչ որ
մեկի դասական գրվածքի վրա: Բայց դե մենք գիտենք թե դա որ երկիրն է: Եվ այսպես,
ամբողջ աշխարհում, միայն այստեղ է, որ մարդիկ իրենց զգում են «ազատ»: Այս երկրի
բնակիչները « ազատատենչ » են և նրանք ամեն վարկյան խոսում են այդ ազատության
մասին, հրճվում, օտարների մոտ պարծենում են այդ ազատությամբ և իրենց անկախությամբ:
Շարահյուսելով լեգենդներ՝ պատմում են իրենց նախնիների մասին, ովքեր երազել են
տեսնել իրենց սերունդներին այս վիճակում ու երազախաբ լինելով մահացել են կամ էլ նահատակվել:
Այսօր էլ բան չի փոխվել, քանի որ, նույն ախտանիշով դեռ շարունակում են մահանալ այս
ազգի զավակները:
Շատերն
են փնտրում հայրենիք, երևի ավելի լավը քան իրենցն է: Ասում են, թե հայրենիքի
հարցում չի կարելի վիճել, որովհետև գոյություն ունի միայն մի պատասխան՝ հայրենիքը
չեն ընտրում , այն միակն է, որի հետ դու կապված ես հոգով ու մարմնով:
Խորհրդրանական
ընտրություններից մինչև այսօր, մօտ հիսուն հազար մարդ է լքել Հայաստանը: Լքման
փաստը ես անձամբ եմ հաստատում, սակայն թվերը ոչ: Ես չեմ խոսում միայն աշխատանքային
միգրացիայի մասին, այլև մշտական բնակության նպատակով՝ ընտանիքների արտագաղթի
մասին:
Պարադոքս
է ստացվում, Հայաստանում պետք է, որ ապրեր
երեք միլիոն մարդ, սակայն, արի ու տես, որ մեկ ու կես միլիոնը լքել է այն: Մի
տեսակ հակակշիռներ է ստացվում: Հիմա, ո՞վ է սրանցից ճիշտը և մի՞թե իմ հարցն ունի
պատասխան և նույնիսկ ավելին, կարելի է այդ հարցում վիճել: Ես կարող եմ ասել, որ
ինձ հանդիպած գաղթածներից ոչ մեկը կեղծ հայրենասիրություն չի դրսևորել, բոլորն էլ
ուրախ են եղել հայրենիքից հեռանալու համար, ոմանք նույնիսկ վիրավորված հայհոյել են,
թողնելով քեզ գուշակել, թե ում է հասցեագրված հայհոյանքը, իսկ ոմանք էլ՝ պարզապես
լռել են ու մի տեսակ, կարծես թե հետ դառնալու տեղ են պահել իրենց համար, որ
վերադարձի բարոյական կամուրջներ ունենան: Զարմանալի է, թե ինչպիսի
դժավարությունների միջից են մարդիկ անցնում օտարության մեջ ու եղունգներով
կառչում իրենց ընձեռնված յուրաքանչյուր
հնարավորությունից՝ միայն թե նորից չվերադառնան հայրենիք: Վլադիկովկասում, մի
խանութի տերը հայ էր, իմացավ, որ արդեն վերադառնում եմ ու մի տեսակ քմծիծաղով
նայեց վրաս, հարցրի ի՞նչ, ցանկանում ե՞ք, որ մեր հողին ձեր բարևը տանեմ, ծունկի
գամ՝ հողն համբուրեմ ու մի կուշտ սառնորակ ջրից խմեմ ձեր փոխարեն: Ծիծաղեց ու բա,
այ ախպեր էդ էր պակաս: Մի՞թե հայրենիքը նրանց այդքան խորն է դառնացրել: Սրտի ցավով
եմ տեսնում, թե ինչպես է մի նոր սերունդ մեծանում է օտարության մեջ՝ առանց մայրենի
լեզուն իմանալու ու քեզ հետ հաղորդակցվում է՝ իրեն համար արդեն «մայրենի»
ռուսերենով: Այս ամենը՝ միգուցե այդքան ցավալի չլիներ, եթե այն չունենար այսօրվա
Հայաստանյան՝ անտաղանդ քաղաքականության, ավերված տնտեսության կամ համատարած արտագաղթի
կոնտեքստը:
Մեկը
չէ՝ այլ շատերն են, որ թվում է թե ճիշտ ժամանակին
են լքել Հայաստանը և նրանց հետ
հանդիպելիս՝ ինձ տրվող հաճախակի հարցերից մեկն այս է, թե ե՞րբ է վերջապես
Հայաստանը ոտքի կանգնելու ու մի տեսակ ինքնաարդարացման և իրավացի լինելու կիսահպարտ
ու դառնացած հայացքում կարդում եմ ափսոսանք, որ նրանք նորից իրավացի են և ստիպված
են անվերջ թվացող ազգասիրական վեճերից խուսափելու համար՝ մատնացույց անել հենց այս
խնդրի փաստին: Չեմ վիճում նրանց հետ, լռելն ավելի իմաստուն քայլ է, քան թե նորից
ազգասիրության սին գաղափարախոսությունը բթել՝ առանց այն էլ սրտխառնոցից՝ փխսոցի
պատրաստ ստամոքսի կամ էլ ամեն ինչից հոգնած ուղեղի մեջ:
Մի
դիտարկում պատմեմ ձեզ: Հայաստանում, երեք տղամարդ իրար գլուխ գալիս՝ խոսում են
քաղաքականությունից ու գործազրկությունից, իսկ Ռուսաստանում՝ պատկերացնո՞ւմ եք,
երեք հոգի իրար հանդիպելիս, խոսում են իրենց մեքենաներից և ուշադրություն՝
պարծենում մեքենայում ունեցած վերանորոգման գործիքների (ключи) կոմպլեկտի
տեսականով և որակով: Սկզբից, երբ այդ զրույցներից մեկին ականատես եղա,
ուշադրություն չդարձրեցի, կարծեցի թե սովորական զրույց է, բայց այնուամենայնիվ
հաջորդող նման հանդիպումներից մեկի ժամանակ՝ ի զարմանս ինձ բացահայտեցի, որ այդ
մարդիկ ուրիշ թեմա չունեն խոսելու և նրանց այլ խնդիրներ չի էլ հուզում:
Ճամփորդությունս
հասավ իր վախճանին և ես ուրախ եմ տուն վերադառնալուս համար, սակայն տխուր, որ ինձ
դիմավորում են «աչքալուսով», թե մի ամսվա մեջ հիսուն հազար մարդ է լքել Հայաստանը:
Թվում էր, թե եղեռնից՝գրեթե մի դար հետո, մի արտառոց իրադարձություն էր տեղի
ունենալու ու մի տեսակ հավատքով էի լցվել, թե մեր սփյուռքի հայրենասերները կլսեին
մեր նախարարի աղերսանքն ու տուն կվերադառնային, կվերադառնային նաև մեր գաղթյալները:
Մտովի հաշվարկում էի, թե դրանից հետո մի տաս տարվա մեջ որքան կփոխվեր և կզարգանար
մեր ազգը, սակայն…
Հովիվ՝
Մամիկոն Համբարյան
Տպագրվել է zham.am, hraparak.am և blognews.am կայքերում
Տպագրվել է zham.am, hraparak.am և blognews.am կայքերում
Комментариев нет:
Отправить комментарий