пятница, 4 мая 2012 г.

Մեկ ոչխարի գնին՝ հինգը


Հասարակության դեգրադացիայի խնդիրները շարքից

Գալլեյի գիսաստղի նման, այս ընտրությունները գալիս ու գնում են, ափսոս միայն, որ դրանց հայտնվելը տեղի չի ունենում գիսաստղի նման՝ 75 տարին մեկ: Եվ ինչ~եր է տեղի ունենում այդ օրերին մեր երկրում՝ միայն Աստծուն է հայտնի, մյուսները բանից անտեղյակ են: Կարծես օրհասական հոգևարք լինի և որքանով, որ ընտրությունների օրը մոտենում է, այնքան կրքերը բորբոքվում են, իսկ ցայտոցն ավելի արտահայիչ դառնում:
Իմ ազգ, մի՞թե քո ազգային արժեքների շտեմարանում ՝ պատիվ, նամուս, ամոթ, արժանիք, նախանձախնդրություն, հայրենասիրություն և այլ բարոյական արժեքներ չկան: Եթե չունես կամ չի մնացել, ապա ի՞նչպես անվանել քեզ, ո՞վ ես դու:

Խնդրում եմ, ասեք ինձ այն մարդու անունը, ով այս խոսքերի հեղինակն է.
« Քաղաքականությունը պոռնկություն է, իսկ դրանով զբաղվողները՝ պոռնիկներ»: Հը~, կասեք, ուզում եմ բռնել նրան՝ ճակատն համբուրել: Ինչ էլ դիպուկ ու տեղին խոսքեր են: Բայց, ե՞րբ այն դառավ այդպիսին, մի՞գուցե երբեք, այլ միշտ է այդպիսին եղել: Իսկ եթե միշտ է այդպիսին եղել, նշանակում է, որ այլ ընտրանք չկա ու այդ բառը դառնում է անիմաստ, իսկ եթե կա, ուրեմն դառնում է ճշմարտություն:
Ինձ ասում են, որ սուր քննադատություն ունեմ ու բառերիս ազատություն եմ տալիս: Ախր, ի՞նչպես իրերն իրենց անուններով չասես: Դե, եթե մարդու երեսը դարձել է ուղտի կաշու նման հաստ, իսկ խիղճն այնքան է դաղվել, որ դառել է մազոլ, ապա կարծում եմ, որ միայն սուր և տեղին խոսքը կարող է իր նպատակին հասնել ու երևի թե սթափեցնել մարդուն:
Փողը տվին՝ ձայնը առան:  Հարցնո՞ւմ ես՝ ո՞վ, դե բոլորը, կոնկրետ ես ուզում, կասեմ Կոալիցիայի մասնակիցներից՝ յուրաքանչյուրը: Անհավանական է, դա ի՞նչպես կլինի, դե ես ել եմ ասում՝ ի՞նչպես: Ամեն մեկը բարձր ամբիոնից խոսում է , հորդորում, թե,
« Ժողովուրդ ջան փող մի վերցրեք ամոթ է, մի ծախեք ձեր ձայնը, ձեր խղճով գնացեք ընտրության»: Խղճո՞վ գնացեք, այդ խիղճը այնքան սոված է, որ ամեն լեղի բան կուլ կտա, ու այդ կեղտոտ ու արյունոտ փողդ նույնպես: Կոկորդին էլ չի կանգնի, դե իր հնարավորությունն է եկել՝ շնից մազ պոկելու, իսկ նա, բաց չի թողնի դա իր ձեռքից:
Ասում ես, ո՞վ է վերցնողը, անո՞ւն ես ուզում, դե բոլորի անունն ինչպես տամ,  այսինքն ինչքան որ ցուցակ կա, 99%-ը վերցնող է, դե, էլ ում մեղադրեմ կամ ցույց տամ: Տեսնել է պետք է~ տեսնելԻնչպես երգում էր մեծն  Արթուր Մեսչյանը՝ «Բոլորն են վաճառվում և վաճառում են ամեն ինչ»:
Միշտ էլ այսպես է եղել, պատվիրում է նա, ով վճարում է:
Վա~յ քեզ Հայաստան, հույսդ մեռավ: Սրան՞ք են քեզ պահելու: Ապագայի նկատմամբ հավատք են քարոզում, բարձր ամբիոններից ամպագոռգոռ հայտարարություններ են անում ու ստորաբար, դավանենգ հարված հասցնում քո ժողովրդին՝ քանդելով նրանց հավատքի ու բարոյականության հիմքերը:
Զարմանում եմ, ի՞նչպես է, որ հեռուստատեսությունները՝ մինչև հիմա ոչ մի դեպք չեն արձանագրել, իսկ ոստիկանները ոչ մեկին չեն դատել: Կամ սրանք՝ շատ լավ քողարկված են անում իրենց գործը, կամ վերջիններս են՝ ինչ ինչ պատճառով լռում: Ողջ համացանցը հեղեղված էր այն փաստով, որ ՕԵԿ-ը ջեմ, սուրճ, ալեհավաքներ է բաժանել, ոմանք նույնիսկ հեռախոս, մյուսներն էլ ընտրողի Խանութի պարտքը կամ բանկի ապառիկն են փակում: Ինձ համար զարմանալի է, այդ ինչպես է, որ նման տեղեկություններին՝ ոստիկանությունը չարձագանքեց: Մի՞թե դրանք, միայն՝ արժանապատիվ քաղաքացու կամ կուսակցության նկատմամբ բամբասանք ու անհիմն մեղադրանքներ են: Ծիծաղս գալիս է: Հայտարարում են ու տալիս հեռախոսահամարներ՝ թեժ գիծ զանգահարելու և նման փաստերը ներկայացնելու համար: Մի կին, միամտությամբ զանգահարել է ու նեղացած ասել, բա բալա ջան բերին հարևանիս տանը փող բաժնեցին, ինձ չտվին, եսիմ, ժողովուրդն է պատմում: Դե բամբասելով ճշմարտությունն է տարածվում, բայց դե արձագանքող չկա:
Դե, եթե ոստիկանությունն է լռում ու փոխանակ, որ իր շներին բաց թողներ քաղաք ու գյուղ կամ ավան, բա տեսնեինք չէ՞ին գտնի նման դեպքեր: Բայց որ գտներ, արդեն ազգային աղետ կլիներ, այդքանին դատել կլինե՞ր: Իսկ քաղաքացին լռում է, քանի որ փող վերցնողն ինքն է, դե մի երկու հոգիներ կան, որ չեն վերցնում, բայց անճարությունից հավաքում են ճամպրուկները: Ապարդյուն ջանք և զուր հավատք:
Ես ուզում էի հավատալ, ուր որ է կհավատայի, բայց դադարեցրի հավատալս:
Ժողովուրդն է ինձ հիասթափեցնողը և ոչ թե կուսակցությունները, սրանց վաղուց չէի վստահում: Ամաչում եմ իմ ժողովրդի համար: Նայում եմ նրանց աչքերին, նույնիսկ իրենց արարքից չեն ամաչում: Չկա վախ Աստծուց, իսկ մարդկանցից՝ ամոթ:
Ծախված ու կոռումպացված ժողովուրդ, համակարգ, պաշտոնյա, իշխանություն ու պետություն: Կաշառակերության դպրոց իմ Հայաստան: Ուզում եք արմատախիլ անել կոռուպցիան, բայց ձեր ձեռքերով եք սովորեցնում այս ժողովրդին, որ ոչ ոք երբևէ խոսելու տեղ չունենա ու լռի, փակի իր բերանը: Ինչպես պատգամավորներից ոմն մեկն էր ասել, մի ոչխարի գին տվի հինգ  ոչխար առա:
Չեմ հավատում ձեզ, փորձեցի, բայց տեսա, որ կարմիր կովն իր կաշվից դուրս եկողը չէ: Մի բան եք ասում՝ բացարձակապես հակառակն անում: Համադրում եմ ձեր ելույթները ձեր գործավարների արածի հետ, բացարձակապես իրարամերժ են: Դե, մածնի գողին որ բռնում են, բերանն է մաքրում ու ասում՝ ես չեմ:
Աղքատից սկսած մինչև երևելի հարուստով վերջացրած, բոլորն էլ նախընտրական կրքերով բորբոքված՝ խալաթով ու չուստերով, հեվ ի հեվ վազելով՝ ինչպես քրտնած ձին, չէ, չէ այլ շնագայլը, ոհմակ ոհմակ՝ իրար խռնված, փողի հոտը քթներում, շքամուտքից շքամուտք են վազում ՝ մի պատառ փախցնելու համար: Քթներիցդ է գալու, իսկ եթե չեկավ՝ կբերեն, դեռ սպասեք:
Քրիստոնեության հազար յոթ հարյուր ամյակ ենք տոնում, ու զարմանում եմ, թե ուր է մեր քրիստոնեական արժեքները: Եկեղեցի, բա ազգային ես դու, էլ  ուր մնաց քո քարոզչությունը, քո դաստիարակությունը, ուր է քո հանդիմանությունը, թ՞ե ձայն բազմաց՝ ձայն Աստծո: Հա էլի, դրա համար էլ լռում ես, դե դու լռի-լռի: Հազիվ թե ինձ նման մի երկու քահանա աղաղակեն, ամոթով տան, բացատրեն որ այդ արարքը մեղք է՝ Աստծո և մեև սերունդների առջև: Բայց, դե ասողին՝ լսող է պետք: Գլխներին քարոզ ես կարդում, ասում է վայ՝ թող գնամ, փողս բերին:
5-10 կամ մի քանի հոգիներ ավելի, ոտքի ելան պուրակ պաշտպանեցին՝ բուտիկ քանդել տվին, հալալ է՝ ինչպես կասեր պապս, բայց դուք խաբար չունեք, որ այդ մի քանի բուտիկները, ոչինչ են մի ամբողջ ազգի բարոյալքման և ստրկացման դիմաց: Սա մասսայական բնույթ ունի, ի՞նչպես սրա դեմ պայքարել: Ինչպես մյուս արատների դեմ կռիվ տալ, որից սկսել և որով վերջացնել: Ձուկը գլխից է հոտաց լինում:
Վերլուծեք այս իրավիճակը և առաջիկա ընտրությունների  արդյունքները պարզ կդառնան:
Մեզ սպասվում է խորը միջնադար, երանի թե առանց ինկվիզիցիայի:

Մամիկոն Համբարյան

Комментариев нет:

Отправить комментарий