вторник, 10 июля 2012 г.

Ինքնագիտակցված «բռնցքամարտիկը»


Հետաքրքիր է հետևել, թե ինչպես է աչքերիդ առջև ծնունդ առնում հասարակական ինքնագիտակցումը, հետևում ես այդ գործընթացին ու զմայլվում, տեսնում ես թե ինչպես է ձևավորվում նրա կամքը, արտահայտվում ու կամակոր մանկան նման իր կամքը պարտադրում, ստիպելով անհանգստացած կառավարությանը վազվզել իր առջև: Այո, այն դեռ ձևավորվում է, քանի որ տակավին դեռ չունի իր դեմքը: Այն ավելի շուտ նմանվում է մի բռունցքի, որը աջ ու ձախ ծնոտ է փնտրում իր հարվածները հասցնելու համար, բայց այդ հարվածները դեռ թույլ են, սկսնակ բռնցքամարտիկի նման, որը հաղթանակելու մտքով ոգևորված մոռանում է, որ իր հետ մենամարտողը՝ ռինգի պրոֆեսիոնալ է, թրծված, ուժեղ և բազմաթիվ նոկդաուններից գլխապտույտին ու սրտխառնոցին վարժված՝ պարզապես մկանների մի համակարգ, ով տիրապետում է մենամարտի բոլոր գաղտնիքներին և նույնիսկ խաբկանքներին, իսկ անհրաժեշտության դեպքում, նա կարող է սահել, սուզվել և հեռանալ ռինգի անկյունից:

Փոքրիկ հաղթանակները ոգեշնչում են և գովելի է այն կամքը, որը դանակը կոկորդին հասած՝ հասարակության ինքնակազմակերպված մի ստվար զանգված ստիպված եղավ արտահայտվելու: Բայց ինձ անհանգստացնում է այն փաստը, որ տակավին դեռ չկա ուղղորդված, նպատակային պայքար, այդ պայքարը ծրագրված չէ և նման է այն նետաձիգին, որ պատահական ուղղությամբ արձակված աղեղի շուրջ բոլորը նկարում է  թիրախ, համոզելով, որ հենց այդ թիրախն էր ընտրվել և նշանառության տակ վերցվել:
Հասարակության նման նախաձեռնությունները, ես ավելի շուտ նմանեցնում եմ հաշվեհարդարի, որովհետև տեսնում եմ, որ համընդանուր մթնոլորտի մեջ, ընդհանուր խնդրի դեմ պայքարելու փոխարեն, փորձում են հատ հատ արմատախիլ անել՝ թե արատը և թե արատավորին և թե արատ սերմանողին: Եթե երեկ դա Թեղուտն էր, ապա հետո Մաշտոցի պուրակը, այնուհետև «Հարսնաքարը», հետո ո՞րն է լինելու, դե եթե էսպես հատ- հատի հետևից ընկնենք, ուժասպառ կլինենք: Իսկ պրոֆեսինալ բռնցքամարտիկը լավ գիտի, որ եթե հակառակորդին շնչահեղձ անի, ստիպի մի կողմից մյուսը նետվել, վազել, ցատկոտել, աղաղակել, ապա շուտ կհոգնեցնի նրան և հաղթանակը երաշխավորված է: Արվեստը սիրում է զոհաբերություն, ես կասեի, որ կառավարությունը պատրաստ է մեկ երկու փոխզիջումների, նույնիսկ Հայրապետյանի նման մի երկուսին զոհ տալու: Նպատակը արդարացնում է միջոցները: Սարսափելին իրականում այն է, որ հայրապետյանի նմանները՝ լոկ զինվորիկներ են: Դե, եթե նույնիսկ նույն բանը կարելի է արտահայտվել նախագահի մասին, ապա այս փաստը ավելի հուսալքող է, որովհետև, եթե նույնիսկ հասարակությունը ձևավորվի և արդեն իշխի, այն շատ հեշտ կլինի կազմալուծելը, որովհետև այնտեղ, ավելի վերևում պարզապես ուրիշ հայացքներ, ծրագրեր և երազանքներ ունեն: Իսկ այս հասարակությունը դեռևս ամբոխ է, աղաղակող ու երբեմն էլ այնքան «ամբոխ», որտեղ, ոմանք պարզապես սողոսկելով ցանկանում են էժան հեղինակություն ձեռք բերել, մինչդեռ նույն ամբոխի մեջ գտնվում են անկեղծ, վրդովված և արդարությունը ծարավ՝ նվիրյալ քաղաքացիներ, ովքեր պարզապես ուղղորդվում են ամբոխի և ավելի շուտ՝ այդ «ոմանց» կողմից:
Քանի դեռ, այս հասարակության ինսուն ինը տոկոսը ծախված է, հուսալքված է, ինչ որ մեկի բարեկամն է և ինչ որ տեղ կոռումպացված է և դեգրադանում է, այն մի տոկոսը, որ փորձում է ինքնագիտակցման գալ՝ դեռևս միայնակ կլինի արդարության անվերջանալի պայքարում:
Անձամբ ես համակրում եմ այդ պայքարներին, բայց ո՞րտեղ եմ ես, դե տանը, իսկ տանը՝ իմ քաղաքում, մարդիկ սեփական քթից այն կողմ չեն նայում, նրանք մտահոգված են վաղվա օրվա համար, նրանց հայրապետյաններն ու ամեն օր տեղի ունեցող սպանություններն ու ինքնասպանությունները չեն հետաքրքրում, իսկ գիտեք ի՞նչու, որովհետև նրանք այնքան են ծանրաբեռնված հոգսերով, որ կյանքի երաշխիք չունեն, և վախ կա, որ այս երկրի հերթական կորուսը կարող է իրենք դառնան, իսկ այստեղ գործում է ինքնապահպանման բնազդը:  
Երբ ուրբանացման ծրագիրը կյանքի կոչեցին Հայաստանում, դրանից միայն Երևանը «օգտվեց», քանի որ մարզերը դատարկվեցին բնակիչներից, և թվում է թե մարզի աշխատուժը ներգրավվեց մեծ քաղաքների արդյունաբերական, տնտեսական և մի շարք այլ ոլորտների զարգացման մեջ, բայց արի ու տես, որ ոչ միայն աշխատուժը ձգվեց դեպի Երևան, այլ նաև քրեական էլէմենտները, ովքեր հափշտակելու, սպանելու, տիրելու, «բիզնես դնելու» և իշխելու «կենսունակ»  փորձն ունէին և Երևանը հանգեց այսօրվա նմանատիպ խնդիրներին: Այսինքն, ծնեց քրեաօլիգարխիկ իշխանություն:
Այսօր, սեփական հայրենիքում, քաղաքացին թրաֆիկինգի է ենթարկվում՝ հենց իր սեփական կառավարության կամ համաքաղաքացու կողմից, իսկ դա նշանակում է, որ այս հասարակությունը պարզապես անհրաժեշտություն ունի              ինքնակազմակերպման:
Եթե ժամանակին ԱՄՆ-ում Մարտին Լյութեր Քինգը պայքարում էր քաղաքացիական իրավունքների և ռասսայական անարդարության դեմ, ապա այսօր, Հայաստանին անհրաժեշտ է նման մի Լյութեր Քինգ, ով կպայքարի Հայաստանյան քաղաքացիական իրավունքների և սոցիալական անհավասարությունների համար և կկարողանա կազմակերպել և ուղղորդել ինքնագիտակցված հասարակությանը:

Հեղինակ՝ Մամիկոն Համբարյան
Տպագրվել է www.hraparak.am կայքում
http://www.hraparak.am/2012/07/10/martin-lyuter-king/

Комментариев нет:

Отправить комментарий