среда, 25 июля 2012 г.

Ձեզ դրել էք Աղվան Հովսեփյանի տեղը



Այն, որ այսօր արտագաղթը Հայաստանում հասնում է աղետալի չափերի՝ գաղտնիք չէ, սակայն դրա պատճառները, որոնք հաճախ առաջ են քաշվում, միշտ չէ, որ նույնն են լինում:
Ընդհանրապես ցնցողն այն է, երբ նման դեպքերում, որոշ մարդկանց կողմից փորձ է արվում Հայաստանը լքողներին` ներկայացնել վատ լույսի ներքո, հասարակության մեջ սերմանելով թշնամանք նրանց նկատմամբ՝ իբր թե մեկնողները հայ չեն կամ հայրենասեր չեն: Վերջերս մի հոդված կարդացի, երբ մի լրագրող գրել էր, թե մարդիկ փախնում են Հայաստանից, ինչպես առնետներն են լքում խորտակվող նավը: Շեշտադրումը հոդվածում դրված էր ոչ թե նավի կամ նավավարի սխալների և խորտակվելու պատճառների վրա, այլ՝ «առնետների»:  
Ժողովուրդը մի լավ խոսք ունի, նա ասում է,- « Կուշտը սովածին՝ խոշոր է բրդում»:
Դե սա այն մասին է ասում, որ թե այդ հոդված գրողը և թե շատերը, իրականում անտեղյակ են աղքատի, չքավորի կամ անճարի ապրած ու քաշած կյանքից: Մի խորհուրդ տամ ձեզ, նախքան դատելն ու ինչ որ մեկի հայրենասիրության պրկված լարերի վրա ձեր անտաղանդ «ծնկլտոցը» նվագելուց առաջ, փորձեք ուսումնասիրել արտագաղթի ամենաբարձր ցուցանիշ ունեցող աշխարհագրական տեղանքը, մարդկանց սոցիալական և բարոյահոգեբանական վիճակը, տնտեսական ցուցանիշն ու հետո նոր կատարեք ձեր եզրակացությունը:
Ի՞նչու են իրականում մարդիկ հեռանում իրենց հայրենիքից: Մեզ բոլորիս հայտնի բոլոր քննարկվող պատճառներից բացի` կարծում եմ, որ կա ևս երկուսը, դե սրանք ավելի շուտ ներքին հոգեբանական են, քան թե արտաքին տնտեսական, սոցիալական կամ այլ բնույթի:
Պատճառները, որի մասին ուզում եմ խոսել, կոչվում են ապահովության  և կայունության զգացողություն: Վերջին քսան տարիներին, ողջ աշխարհում և առավել ևս Հայաստանում տեղի ունեցող զարգացումները՝ փոփոխությունները, բնական աղետներն ու պատերազմները, տնտեսության անկումն ու շուկայական գնային անկայունությունը և սրանց նման մի շարք այլ բաներ՝ ցնցում են մարդկային հոգեբանությունը, մարդու մոտ առաջացնելով ապահովության և կայունության զգացողության բացակայություն: Իրադարձությունները շատ արագ են զարգանում՝ ալեկոծելով ողջ աշխարհը և մարդը հոգեբանորեն չի հասցնում հարմարվել իրավիճակներին և առավել ևս ճիշտ արձագանքել դրանց:
Ինչպես ասացի, սրանք առկա խնդիրների՝ ներքին հոգեբանական կողմն են, որոնք առանց բացառության ուղիղ և անմիջական կապ ունեն արտաքին՝ տեսանելի խնդիրների հետ, որ է սոցիալական, տնտեսական, քաղաքացիական իրավունքները և այլն:
Հաշվի առնելով այն, որ մարզերում մարդիկ իրականում հուսալքված են և գրեթե քսան տարի ենթարկվում են հոգեբանական բռնության, թրաֆիկինգի՝ թեև ես սրան նույնպես ազգային անվանումը կտայի, դե այն արդեն դառնում է մեր էթնիկական էությանը բնորոշ ներմուծություն, քանի որ, հաճախ քաղաքացին բռնության է ենթարկվում ազգակցի կողմից և այդ կապեր ունենալու պատճառով՝ ի նկատի ունեմ որ հարազատն է աշխատացնում և զրկում արդար վաստակից և ինչպես կասեր ժողովուրդը՝«Արյունը ջուր են դարձրել», ապա իրոք որ դա մի սարսափելի երևույթ է, որովհետև նման դեպքում ու՞մ բողոքես և ու՞մից, մնում է լռել և համբերել: Չմոռանանք, որ մեր երկիրը հիմնված է բարեկամական կապերի վրա և այս ֆոնին զարգանում են կլանները, ովքեր հասարակության մեջ գերիշխող դիրքերի են ձգտում: Նման հոգեբանական անդադար լարվածությունը, մարդուն հասցնում է մի սահմանի, որից այն կողմ նրա մոտ զարգանում են մի քանի հոգեբանական խնդիրներ: Օրինակ՝ ահընդհատ զարգացող տագնապի զգացողությունը, ապահովության զգացողության բացակայությունը և իհարկե ամենակարևորներից մեկը՝ կայունության զգացողության բացակայությունն է:
Դե, պատկերացրեք, որ այս խնդիրները դարձել են խրոնիկական բնույթի և մարդը հոգնելով նման «անելանելի» վիճակից, որոշում է սեփական ջանքերով լուծել այն և ի հարկե ամենահեշտ և արագ կատարվող փոփոխությունը՝ տալիս է արտագաղթը, որն իր մեջ պարունակում է այս խնդիրների լուծումը:
Ինչպես ասում է ժողովուրդը « Վերքը տիրոջն է ցավ տալիս»:

Ապահովության զգացողության բացակայություն:
Առաջին. Եթե վերլուծենք Հայաստանյան իրականությունը, ապա մենք կտեսնենք, որ այս զգացողությունը վերապրելու բավական պատճառներ կան: Օրինակ՝ Ղարաբաղյան չլուծված հակամարտությունը, որը ցանկացած պահի կարող է վերսկսվել, ուստի այս չլուծված խնդիրը քանդում է ցանկացած ներդրումներ կատարելու ցանկությունն ու հիմքերը, որովհետև ենթադրում է ֆինանսական կորուստների ռիսկային ենթատեքստը: Հավատացեք, որ ոչ ոք չէր ցանկանա սնանկ հայտարարվել: Նման դեպքերում բանկերը հաշվի չեն առնում ձեր երդումները, թե դուք կվերադարձնենք վերցված վարքերը, իսկ վատագույն դեպքում ձեր ձեռքից կխլեն ձեր վերջին ունեցվածքը, այդ հարցում դատական կատարածուները լավ փորձառություն ունեն:
Հայաստանում ամեն օր կարելի է արձանագրել մարդու իրավունքների սահմանադրական և օրենսդրական խախտումներ: Եթե քաղաքացուն չի երաշխավորվում նրա իրավունքերի պաշտպանությունը սեփական երկրում, ապա ձեր կարծիքով՝ այլևս ի՞նչ կարող է ակնկալել քաղաքացին՝ իր պետությունից կամ իշխանություններից: Արտագաղթի պարագայում սա նույնպես երաշխավորված չէ, սակայն հոգեբանական վերաբերմունքն այդ խնդրին՝ այլ է: Դե օտարը օտար է, բայց քո իշխանության մտրակը վերք է բացում:
Երկրորդ- Աշխատաշուկայի բացակայությունը ենթադրում է գործազրկություն: Այսօր, հազարավոր երիտասարդներ ավարտում են բուհեր և ստանում տարբեր մասնագիտական կրթություն և բարձրաստիճան կոչումներ: Սակայն, պարզվում է, որ  տարիների տքնաջան աշխատանքը զուր էին, քանի որ չկա աշխատանք, իսկ առկայության դեպքում, գործատուն պահանջում է աշխատանքային փորձառություն և ստաժ: Կարծեմ սա ձեզ ծանոթ է: Երբևէ տեսե՞լ եք հուսահատ երիտասարդի, ով հայտնվել է այս իրավիճակում, կամ երիտասարդ աղջկա, ով ժամերով արտասվում է բարձը գրկած: Ուրեմն հասկանում եք ինձ: Ես ամեն օր հանդիպում եմ մարդկանց, ովքեր աշխատանք են փնտրում ոչ իրենց  մասնագիտության շրջանակներում, այլ դրանից դուրս՝ շուկայում, այո շուկայում՝ որպես վաճառող կամ հավաքարար կամ բանվոր:
Կայունության զգացողություն- սա գրեթե նույնն է ինչ ապահովության զգացողության բացակայությունը, պարզապես որոշակի նյուանսներով:
Արթնանալ մի օր ու զգալ, թե ինչպես է ոտքերիդ տակից փախնում հողը և այն ամենը, ինչ թվում էր հաստատուն և մնայուն՝ հոդս են ցնդում:
Աշխարհն այնպիսի տատանումներ ունի, որ ցանկացած ցնցում անհետևանք չի անցնում: Օրինակի համար ասենք, փոխվեց նախագահը՝ վերջ, փոխվում է համակարգը և այս ամենը իր ողջ շղթայական հետևողականությամբ: Առաջ է գալիս նոր քաղաքականություն, նոր փորձարկումներ, նոր կադրեր, նոր վարքեր և այլն: Հին իշխանությունների պարտքերը չմարած՝ ժողովուրդը նոր պարտքերի լուծն է վիզն առնում:
Իշխանավորներն ու հարուստները՝ վեր են այս տատանումներից և գտնվում են ամենաապահով օղակում, թեև նրանց համար ավելի ճակատագրական անակնկալներ էլ կարող են լինել, սակայն դրա ռիսկայնությունը հասցված է նվազագույնի: Դրամի անկում, դոլարի թանկացում, ոսկու գների բարձրացում կամ նվազեցում, նույնը պարենի շուկայում: Մեկը հարստանում է մյուսը աղքատանում, իսկ երրորդը դառնում չքավոր: Այս աստիճանը մեկ վեր է տանում մեկ էլ տեսար վար:
Երբ ցնցումը ուղղորդված է վերևից ներքև, ապա ցնցման տատանումը ներքևում վերածվում է ավերող ալիքի: Այս իրավիճակները և նաև նրանք, որոնց հնարավոր չէ այս մի հոդվածում անդրադարձ կատարել, իրենց հետևանքներն են թողնում մարդկային հոգեբանության վրա:
Ես պարզապես ցանկանում եմ, որ նախքան ժողովրդին պիտակավորելը և բաժանության թշնամական սերմեր ցանելը, մի պահ կանգ առնեք, մտնեք արտագաղթողների իրավիճակի՝ չէ, ավելի լավ է կաշվի մեջ, մի օր ապրեք նրանց կյանքով և այնուհետև կատարեք եզրակացություն:
Դեռ կհանդիպենք, իսկ այսքանը` ձեզ խորհրդածության նյութ:

Մամիկոն Համբարյան

Տպագրվել է zham.am կայքում



Комментариев нет:

Отправить комментарий