Զարմանում եմ ինքս ինձ վրա,
երբ հաճախ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ ինձ հաճախ է այցելում մանկության
հուշերը, ու ինչպես երազից հետո արթնացած մարդն է ցանկանում հասկանալ իր երազի
մեկնությունը, այնպես էլ ես, ցանկանում եմ հասկանալ թե ի՞նչի հետ է դա կապված:
Քաղաքի բուսաբանական այգում,
ուր այցելում էինք տոնից տոն, կար մի փոքրիկ շինություն զարմանալի անվամբ « Ծուռ
հայելիների թագավորություն », ուր տեղադրված էին հայլիներ: Այդ հայլիներին նայելիս,
հայլու արտացոլանքի մեջ դեմքդ ծամածռվում էր ու դու սկսում էիր ծիծաղել ինքդ քեզ
վրա, իսկ եթե հանկարծ աչքիդ ընկնում էր մեկ այլ այցելուի ծամածռված դեմքը, ապա
ծիծաղդ դառնում էր վարակիչ:
Ի՞նչու եմ ես սա հիշում:
Անցնում են ժամանակները, մենք
մեծանում, հայելիների այդ սենյակն արդեն գոյություն չունի, նա դարձել է
պատմություն, սակայն այսօր էլ կարելի է հաճախակի հանդիպել ծամածռված դեմքերի,
ովքեր ոչ թե ծիծաղ են առաջացնում, այլ մի տեսակ զղջում, ափսոսանք, զարմանք՝
մարդկային էության պլաստիկայի հանդեպ, որը որ կարող է զարմանալի արագությամբ եվ
հաճախակիությամբ փոփոխվել ու ընդունել տարբեր
դիմագծեր:
Ես պատկանում եմ այն
սերունդին, ով մեծացել է Ռոբին Հուդ, Չինգակչկուկ, Դ՝Արտանյան եվ երեք
հրացանակիրները, Կապիտան Նեմո, Թիմուրը եվ իր ջոկատը, Զորավար Անդրանիկ, Դրո եվ
այլ հերոսներին՝ մանկական խաղերի ժամանակ կրկնօրինակելով, դաստիարակվել նրանց
արժեքների համակարգով, որը ձեվավորել է ժամանակի սերունդի պատկերավոր աշխարհն ու
մտային հորիզոնը, ու հիմա այն թույլ չի տալիս շատերին համակերպվել ներկայի հետ:
Ոչ մի կերպ հնարավոր չէ
համակերպվել ներկայիս հասարակության դեգրադացիայի հետ, երբ ամեն բան խառնվել է
իրար ու սպառնում է ձեվավորել մի նոր հասարակություն, որը պարզապես կլինի արժեքազրկված՝
ընտանեկան, ընկերային, մարդկային, գործնական եվ այլ հարաբերություններում:
Ցանկանում եմ մի քանի օրինակ
բերել ու ցույց տալ թե ի՞նչպես ենք փոխվել եվ ի՞նչպես ենք մենք արձագանքում
հասարակությունում հաճախակի տեղի ունեցող երեվույթներին:
Օրինակ՝
Վերջին մի քանի ամիսների
ընթացքում, համացանցերում եվ տղամարդկանց գիշերային էրոտիկ երեվակայության մեջ տեղ էր գտել մի սկանդալ, կապված
դերասանուհի Անժելլա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարների հետ: Ի՞նչպիսի
քննադատության ասես, որ այն չարժանացավ ու մի դերասանուհու նեղ անձնական սեռական
կյանքը դարձավ բոլորի քննադատության, պարսավանքի, վարքաբեկության եվ ասեկոսների
թիրախը: Ես նույնպես քննադատում եմ նման երեվույթը, նամանավանդ, որ այն քայքայիչ
վնաս է հասցնում ընտանիքի ինստիտուտին, որը հանդիսանում է առողջ հասարակության
կորիզը, եվ ավելին, երբ այն նեղ անձնականից դուրս գալով դառնում է հասարակության
խնդիրը: Սակայն հանուն արդարության, կարիք ունենք բարձրաձայնելու նաեվ մի այլ՝ ոչ
ավել ոչ պակաս երեվույթներ, որը՝ շատերը վախենում են բարձրաձայնել, նախ, որ դրանց
հերոսները քրեաօլիգարխիկ աշխարհի ներկայացուցիչներն են իրենց քաղաքական գործչի՝
դեպուտատի անձեռնմխելիության մանդատով, իսկ երկրորդ՝ ավելի անվտանգ է հետապնդել
ժողովրդի քննադատությունից վախեցած մի դերասանուհու, քան թե ժողովրդին ստրկացնող
նրա հեղինակություններին: Զարմանում եմ, թե ո՞րքան անհուսալի են մեր քաղաքական
գործիչները, թե ի՞նչպիսի հաճախականությամբ եվ զարմանալի ճարպկությամբ են փոփոխվում
քաղաքական մի բանակից մյուս բանակն ու ամեն անգամ զարգացնում օճառի ծառայությունից
օգտվելու իրենց հմտությունները: Վստահե՞լ նրանց, ավելի շուտ կվստահեի դոնդողին,
քան թե նրանց պես սահուն ու լպրծուն անձնավորություններին:
Ի՞նչու չի բարձրաձայնվում եվ
քննադատվում այն արատավոր երեվույթը, երբ սաունաներում կամ հյուրանոցային
թանգարժեք համարներում պոռնիկների ու բոզերի հետ օրգիայի մեջ, թմրանյութերի
ընկերակցությամբ զվարճանում ու իրենց խրախճանքն են անցկացնում քաղաքական
գործիչները: Կազինոներում կամ թղթաղաղի մեջ տանուլ տալիս այնպիսի գումարներ, որով
կարելի էր մի ամբողջ քաղաք ոտքի հանել փլատակներից: Ո՞վ է քաջալերում այլասերված
սեքսի քարոզչությունը եվ փչացնում սերունդը, երբ պարզապես կարելի էր արգելել
համացանցերում պոռնոսայթերի տարածումը եվ գործունեությունը, իսկ ծխախոտը եվ ոգելից
խմիչքները հասանելի դարձնում անչափահասների համար: Դե պարզ է, նա, ով սրանցից
շահույթ ունի: Դե պտուղն էլ ծառից հեռու
չի ընկնում, ինչ տեսնում են, այն էլ կրկնում են ու նույն բախտին են արժանանում
նրանց վիժվածքները: Փոխարեն այն բանի, որ քաղաքական գործիչները՝ իրենց անբասիր
կենցաղավարությամբ ու բարոյական արժեքների համակարգով պիտի ձեվավորեին այս ազգի
կերպարը:
Հերոսներ, այս սերունդը կարիք
ունի հերոսների: Տվեք նրան հերոսներ, ծնեք նրանց՝ այս սերունդի համար:
Հաջորդը:
Ի՞նչու մենք մի բանը, մի
անգամից չենք հասկանում: Համեստ մի մարդ, ով իր գործունեությամբ ապացուցել է, որ
նա իր ազգի արժանի զավակն է, այսօր հավակնում է հերոս դառնալու, բայց արի ու տես,
որ մենք հերոսներին հետմահու ենք պատվում: Գնա մեռի արի սիրեմ: Շառլ Ազնավուր,
մարդ ում նկատմամբ համակրանք եմ տածում, նամանավանդ երախտապարտ եմ նրան իր
աջակցությամբ հետերկրաշարժյան օրերին այս ազգի կողքին լինելու ու այս ազգի դարդով
տապկվելու համար (Ինչպես ասում էր ժողովուրդը): Վերջերս իր տված հարցազրույցի մեջ
ասել էր այն, ինչ նա մտածում էր, ինչում նա համոզված էր: Իսկ Հայաստանում, այդ
ժամանակ…: Դե, քաղաքական գործչին վայել չէ քննադատել մի կառավարություն, ում
ներկայացուցիչը հանդիսանում էր նա: Ու գ՜նա՜ցցցցց, ամեն մեկը սկսեց յուրովի
մեկնաբանել, ասել որ դա թարգմանչական սխալ է, կամ, նա ի նկատի չի ունեցել դա, կամ
այս կամ այն: Շառլն ասաց, Շառլն արեց: Հիմա ուզում են համոզել նրան, որ նա հետ
կանգնի իր ասածից: Ժողովուրդ ես ցնցված եմ, մ՞իթե մեծն Շառլը տառապում է ծերության
ախտանիշով, կամ նա չի հասկանում թե ի՞նչ է ասում: Դե, եթե դա թարգմանության խնդիր
է, ուրեմն ընտրեք ուսյալ եվ կոմպիտենտ թարգմանչի, իսկ եթե դա լրագրողի անձնական
ընկալման եվ հարցազրույցի սուբեկտիվ ընկալում է, ապա հարկ է պահել այնպիսի
լրագրողների, ովքեր կկարողանան օբյեկտիվ ներկայացնել իրադարձություններն ու ճիշտ
մեկնաբանել հարցազրույցները, իսկ եթե, ոչ մեկը, ոչ էլ մյուսն է մեղավոր, ապա գիտեցեք
թե ու՞մից եք հարցազրույց վերցնում:
Իսկ ի՞նչու չի քննադատվում
մեր դեպուտատների անգրագետ ու լկտի արտահայտություները՝ արված փողոցային
լեքսիկոնով ու խուժան պահվածքը ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ դահլիճում, ժողովի ընթացքում, որը
հեռարձակվում է հեռուստատեսությամբ: Ախր ի՞նչպես նրանք հայտնվեցին այնտեղ, ախր
ի՞նչպես ենք մենք հանդուրժում որ նրանք որոշեն այս ազգի բախտն ու ապագան: Գիտես,
հարցերիս շարանը լոկ հետաքրքրություն չէ, այլ զարմանք, եվ քեզ մտախոհելու
հնարավորություն, որ սթափվես եվ լուրջ մտահոգվես քո եվ այս ազգի ապագայով ու
այսուհետ կատարես ճիշտ ընտրություն:
Հա, ի դեպ, այսօր բոլորին
հուզում է գենդերային խնդիրները: Դա լավ է, որ ցանկանում են հստակեցնել կնոջ դերը
հասարակության մեջ: Թեեվ չեմ կարծում, որ դա այսօր հրատապ հարց է, ավելի շուտ
կարելի է դիտարկել որպես ուռչեցված խնդիր: Ինչ վերաբերվում է եկեղեցու
դիրքորոշմանը, ապա որոշ քահանաների՝ այս հարցի շուրջ արտահայտված ոչ հստակ
ձեվակերպումը կարելի որակել որպես անգիտություն եվ ոչ թե եկեղեցական դիրքորոշում:
Կարծում եմ, որ ես որպես հոգեվոր հովիվ, իրավասու եմ ներկայացնել քրիստոնեական եկեղեցիների՝
իսկ տվյալ դեպքում ավետարանական ընտանիքի դիրքորոշումը այս հարցի շուրջ: Իսկ
դիրքորոշումը այսպիսին է:
Եկեղեցին հակված է պահպանելու
ոչ թե տարածաշրջանային՝ ազգային մշակույթային առանձնահատուկ մոտեցումը այս հարցին,
ինչպես որ ոմանք փորձում են բերել այս հարթության վրա, այլ փրկության ուսմունքի
Աստվածաշնչյան կոնցեպցիան, որտեղ Քրիստոսը հավասարություն դրեց տղամարդու եվ կնոջ
միջեվ եվ դրանով քանդեց հասարակության մեջ կնոջ սոցիալական դերի՝ հրեական
պատկերացման կարծրատիպերը: Այսօր, դա ավելի շատ ֆունկցիաների՝ դերերի բաշխում է
քան թե սոցիալական դասակարգում: Իսկ թե այդ դերերի մեջ, ո՞վ եվ որքանո՞վ է թերանում կամ չարաշահում իրեն
հատկացվող առավելությունը, ապա կարծում եմ, որ դա ավելի շուտ դաստիարակության խնդիր է:
Այս անգամ այսքանը, ամենի
մասին միանգամից չի լինի, իսկ քանի կա նման արատներ, պետք է բարձրաձայնել, թե չէ
մեկ էլ տեսար կորցրինք այն թանկարժեքն ու ցանկալին՝ մեր իրական դեմքը, այն է մարդ
մնալու մեր հնարավորությունը:
Բայց ի՞նչ լավ է, որ «Ծուռ
հայելիների թագավորությունը» մի տարածություն է, սահմանափակ, որն ինչպես որ մուտք
ունի, այնպես էլ ելք:
Ես հույս ունեմ, որ մի օր,
Հայաստանն էլ դուրս կգա այդ սենյակից, ու նրան
հաճելի կլինի իր շրջապատում տեսնել նորմալ դեմքեր, իսկ սենյակ՞ը, իսկ
սենյակը կփակի իր դռները, երեվի թե այս անգամ ընդմիշտ ու չի լինի այնտեղ վերադարձի
գայթակղություն:
Комментариев нет:
Отправить комментарий