среда, 11 апреля 2012 г.

Ես, իմ մարզը ու իմ խոհերը

Հասարակության դեգրադացիոն և նախընտրական տրամադրություններ շարքից

Ծառայությանս տարիներին, զորամասերում, որտեղ ծառայել եմ, գոյություն ուներ «զեմլյաչեստվո» հասկացողությունը: Բավականին զարմանալի էր ու չէի կարող հասկանալ, թե ինչպես կարող է հայկական բանակում այդպիսի հասկացողություն լինի, քանի որ «զեմլյաչեստվո»-ի հասկացողությունը, ծնունդ է առել Խորհրդային բանակում, որտեղ, մի զորամասում իրար հետ կարող էին ծառայել տարբեր ազգերի ներկայացուցիչներ ու սրանց՝ իրար հետ համախմբվածություն պահելն ու կարիքի դեպքում մեկին բան ասողի դեմ խմբով դուրս գալը մեկ էր լինում:

Այո, անցան այդ տարիները, չկա խորհրդային բանակ, բայց արի ու տես, որ էդ գաղափարը մնացել է ու հիմա էլ տեղայնացվել: Դե, ինչ որ ասելու եմ, չի վերաբերվում մեր հայոց բանակին, թեև այնտեղ հաստատ այդ հասկացությունը կա, ուղղակի ես ի նկատի ունեմ Հայաստանում այդ հասկացողության լայն ՝ մեծ տրամաչափի առկայությունն ու գործածությունը: Դե, կարծում եմ, որ երիտասարդը բանակից տուն է գալիս, շարունակում ուսումը, կարիերայի աստիճաններով բարձրանում, և մի օր էլ նրան տեսնում ենք քաղաքականության մեջ՝ կառավարությունում ու… Ու «զեմլյաչեստվոյի»-ի գաղափարով ներծծված ու երևի թե բանակից իր մեջ մնացած աբիժնիկությամբ, իրականացնում է իր քաղաքական կամ կառավարական գործունեությունը:
Նայում եմ պատուհանից դուրս, ինչ գեղեցիկ է մեր Արագածը, դե եթե մի քիչ վեր բարձրանանք, հնարավոր կլինի տեսնել Մասիսը, բայց դե դա մերը չէ: Չէ, թուրքինն էլ չէ, բա ու՞մն է: Նրանը, ով իր պատուհանից՝ առանց ճիգ թափելու տեսնում է այն: Իսկ մերը Արագածն է, խոնարհ ու մի տեսակ հասարակ՝ ինչպես այս ժողովուրդը: Ես չեմ դրել այդ սահմանները, այլ ուրիշները՝ նրանք, ովքեր զատում, բաժանում են Հայաստանը մարզերի ու տենչում կայանալ՝ ռայոնցիների վրա իշխելով:
Իմն է Շիրակը՝ իսկ Հայաստա՞նը: Չեմ համարձակվում ասել, որ Հայաստանն իմն է, դե ոչ էլ քոնն է, այլ ուրիշին է պատկանում: Այո, անկախացրին նրան, ազատեցին՝ ազատեցին ժողովրդից, որ պատկանի մի երկու հոգու՝ մաքսիմում երեք: Դե, իսկ որպեսզի այն նորից ժողովրդին չանցնի, սկսեցին բաժանել մարզերի ու մարզ«պետ»ներին էլ իրենք սկսեցին նշանակել: Ցանկանում եմ մտաբերել գոնե մի Շիրակցու, ով մարզպետ է եղել, դե ես չեմ հիշում, միգուցե դուք հիշեք: Դե իսկ մայրաքաղաքից նշանակված մարզպետները գալիս են ու գնում՝ ժողովրդի մոտ ոչինչ չփոխելով, դե քանի որ իրենցը չէ, ուրեմն իրենց հոգսն էլ չէ, թե ինչ կլինի ժողովրդի հետ: Այո, տեսնում ես, նորից «զեմլյաչեստվո»:
Ուզում եմ հասկանալ, Շիրակիս մեղքը ո՞րն է, որն է նրա զարդի՝ Գյումրու մեղքը, որն է մեր՝ հասարակ մահկանացուներիս մեղքը: Գիտես՝ մի նեղացի, ես չեմ ուզում մեզ առանձնացնել, դե գիտեմ, որ դու էլ նույն դարդն ունես, պարզապես արի՝ դարդ դարդի տանք և ոչ թե մարզը՝ մարզին: Ի դեպ, քո մարզում ազգականներ ունեմ, կբարևես նրանց: Ես էլ ձերոնց կփոխանցեմ բարևներդ: Իրարից հեռու չենք, բայց դե մոտ էլ:
Պատգամավորներից մեկի՝ չէ չէ, մեր մարզից չէ, նախընտրական քարոզարշավի կարգախոսներից մեկն այսպիսին է. Պարտադրիր, դու ես կառավարությունը:
Ո՞ւմ պարտադրեմ, ի՞նչ պարտադրեմ: Մեկն ասում է՝ Հայաստանը դու ես, իսկ մյուսը, թե՝ կառավարությունը դու ես: Հիմա ո՞րն եմ ես, դե, եթե մեկն եմ կամ մյուսը՝ բա էլ ինչո՞ւ եմ ես մտածում պանդխտանալու մասին, միգուցե սկսեմ երազել, թե ինչպես վայելեմ Հայաստանն ու կառավարական իշխանությունը: Մեծ քթիս ծայրը կտեսնեմ, բայց դա չեմ տեսնի: Այո, պետք է մտածել պլաստիկ վիրահատության մասին:
Ազգի մտավորականներին գլխատեցին, իսկ հասարակ ռամիկ ժողովրդին դարձրին փիլիսոփա: Դե, փիլիսոփան էլ ընկավ իր մտախոհության գիրկն ու խորհում է կյանքի՝ արդար լինելու ու չլինելու մասին: Լինե՞լ, չլինել, լինել, թե չլինել, Աստված չարասցե, որ ծաղկի թերթիկը վերջանա չլինելու ընտրության վրա:
Շենքերի բակերում, կամ գյուղամիջին ակտիվ վիճում են մեծահասակները: Բանավիճում ու կրքեր բորբոքում, ձայն բարձրացնում, մատ թափ տալիս ու քաղաքականությամբ զբաղվում ու թվում է՝ թե ստեղծում են քաղաքականություն: Ամեն մեկն իր թեկնածուին է գովում, իր նախընտրած կուսակցությանը ու քարոզարշավի ելքն արդեն պարզ է: Ի՞նչն է էսպես ոգևորում մեր ժողովրդին, մի՞թե Հայաստանը ժողովրդին հետ բերելու երազանքը, թե օլիգարխների՝ վայ, ես ինչ եմ ասում՝ պատգամավորների փողերը: Փողը միշտ էլ լույս է տալիս խավարում: Այ քեզ բառեր, դրա վառ ապացույցը տեսնում եմ լուսավորված քաղաքում, ուր օրը ցերեկով կարելի է քայլել լապտերը ձեռքին և մտածել, ինչու վառել լապտեր, երբ փողն էլ է լուսատու: Դե լապտերով օրը ցերեկով մարդ են ման գալիս, իսկ փողով ՝ ձայն վաճառողի:
Մարզը մի ամբողջ երկրի փոքր մոդելն է: Այն, ինչ կատարվում է երկրում, նույնն էլ պարզապես արտացոլվում է մարզերում: Երկրի սիրտը մայրաքաղաքն է, մայրաքաղաքի սիրտը կառավարությունը, ժողովուրդը արյունն է, որ միշտ շրջանառվում է մարմնի մեջ: Եթե սիրտը խնդիրներ ունի, ապա ողջ մարմինը կունենա խնդիրներ, սիրտը կանգնեց՝ մարմինը կմահանա: Անցավ բժշկության այն տգետ ժամանակները, երբ կարծում էին, որ մարմնից արյուն թողնելով, կարելի է մի շարք հիվանդություններ բժշկել: Հիմա սիրտն է կարևո՞ր, թե արյունը:
Թերևս հիմա երկուսն էլ հնարավոր է փոխել: Այո, հնարավոր է փոխել ժողովրդին և կառավարությանը: Պարզապես թքել ու հեռանալ:
Իմաստուն խոսքե՞ր, թե խորհրդավոր, հասկացողը կհասկանա: Բազմապատկիր ինձ և իմ խոհերը՝ մի ամբողջ մարզի բնակչության վրա ու քո ստացած պատասխանը՝ հավասար կլինի արտագաղթին: Սա էլ քեզ ռեբուս:
Հովիվ Մամիկոն Համբարյան
Lragir.am Նորություների կայքից.
http://www.lragir.am/armsrc/society63103.html

Տեղադրված է. 18:06:07 - 11/04/2012

2009 (c) Lragir.am News. All rights reserved.

Комментариев нет:

Отправить комментарий