вторник, 20 марта 2012 г.

Գյումրվա նախընտրական տրամադրություններ


Հասարակության դեգրադացիայի խնդիրները շարքից

Ու՞մ եմ ընտրելու ես: Այս հարցը դեռևս մի ամիս  տալու եմ ինքս ինձ, մինչև կողմնորոշվեմ: Ու՞մ կընտրեմ, իսկ կընտրեմ արդյո՞ք ես ընդհանրապես:
Մի ձայն ունեմ, որը տարին տասներկու ամիս աղաղակում է բայց լսող չկա, բողոքում է՝ բանի տեղ դնող չկա ու հանկարծ պարզվում է, որ ինչ որ մեկին այն պետք է: Ի՞նչ որ մեկին, հիմա ի զրմանս ինձ ձայնիս կարիքը հանկարծակի պետք եկավ բոլորին ու հիմա ինձ խնդրում են, որ ձայնս իրենց տամ ու չգիտեմ, որին տամ իսկ որ մեկին՝ ինչպես մերժեմ: Ախր էնքան լավիկն են, ժպտերես, մի տեսակ քծնող, մանկան պես սիրուն, ջինջ աչքերը ճպճպացնում են ու թախանձագին հայացքը սևեռելով շուրթերիդ, սպասում պատասխանիդ: Սիրտս թպրտում է, ուզում եմ բոլորին էլ ասել այո, մի՞թե մեր մանկության մուլտֆիլմի, Լեոպոլդ կատվի « Ребята давайте жить дружно » խոսքերը կատարվեցին: Բայց դե, Ստանիսլավսկու՝ « Չեմ հավատում» թևավոր խոսքը, խրոնիկական հիվանդության պես մխրճվել է ուղեղումս ու սրտիս մեջ ու խանգարում է մարդկանց՝ ոչ, ոչ թե մարդկանց, այլ քաղաքական գործիչների մեջ, տեսնել անձի առաքինիության՝ վաղուց սպասված, հանկարծակի արթնացումը :
Մարդն ամբողջ կյանքում կանգնած է երկընտրանքի առջև: Եվ թվում է թե այլ տարբերակ նա չունի: Ո՞րն ընտրել, ո՞րն է լավը կամ ինչպես տարբերակել մեկը մյուսից: Թվում է, թե երբեմն ընտրությունը կատարվելու է չարի և բարու միջև: Ճիշտ ընտրությունից կախված կլինի հետևանքը՝ապագան, որի հետ այդքան հույս ես կապում իսկ սխալ ընտրության դեպքում երբեմն ստիպված կլինես թանկ վճարել: Ամեն դեպքերում էլ ստիպված ես ընտրություն կատարել և միակ բանը, որը դու չես ընտրել, դա քո ծնունդն է՝ բացառիկ դեպք, երբ քո փոխարեն են որոշել՝ ծնվես թե ոչ, ապրես, թե ընդհատեն հղիության ընթացքը: Թերևս չհամաձայնես ասածիս հետ, բայց երբեմն պատահում է այնպես, որ քո փոխարեն են ընտրում և դու մի կողմի քաշված, անտարբերության թույնով՝ Լետարգիկ քունի մեջ նիրհում էս, իսկ քո կողքից անցնում գնում են քո կյանքի տարիները, որը քո փոխարեն ուրիշն է տնօրինում և վայելում: Սարսափելին էլ հենց դա է, որի պատճառով գողացվում է ոչ միայն քո կյանքը,  այլև քո զավակներինն էլ և դա այն ժամանակ, երբ դու պետք է գնահատես կյանքը, արժանապատիվ ապրելու փափագով ներդրված ջանքերդ ու երբեմն էլ քաշածդ զրկումները՝ հանուն այդ կյանքի և դա այն դեպքում,  երբ դու ունես հնարավորություն փոխելու քո և ընտանիքիդ ապագան: Ասում են, հույսը վերջում է մահանում: Էս վերջերս ՖԲ-ում, մի հոդվածի տակ մեկնաբանություններ կարդացի, որտեղ ոմն մեկը փորձ էր արել հեգնել մի հոգևորականի, թե «էս մեր քահանան հուսահատության եզրի՞ն է»: Մի՞թե մարդիկ չեն հասկանում, որ քահանան էլ է մարդ և հույս ունի, որ ինքն էլ կապրի մի երկրում, որտեղ ապրելը կհամարի իրեն համար պատիվ և ոչ թե անպատվված իր օրերը կարշ կտա: Դուրս եկեք ձեր շենքի բակ, կանգնեք քուչում հավաքված ծերերի կողքին և ականջ դրեք նրանց զրույցներին և դուք կհամոզվեք, որ ժողովուրդի համար վաղուց հույսը մահացել է և նրանք ապրում են առանց հույսի, դե վարժվել են արդեն նրա բացակայությանը: Ո՞վ կընտրվի, ո՞վ կհաղթի, նրանց համար բացարձակ միևնույնն է, իսկ նրանք, ովքեր այդ օրերին մի տեսակ դուրս են գալիս սառնարյունությունից ու ակտիվություն են ցուցաբերում, դա նրանից է, որ մի ոսկոր են ուզում փախցնել, դե միս չէ, այլ ոսկոր, նրանց միս տվողն ո՞վ է:
Տեսել ե՞ք, Գյումրու փողոցներում պաստառներ են կպցրել՝ հիմար հարցերով, որի պատասխանը նույնիսկ պաստառի հեղինակները չունեն, ձեռ են առնո՞ւմ: «Ի՞նչպես Գյումրին դարձնել հարուստ և բարգավաճ» կամ « Ի՞նչպես ներդրումներ կատարել Գյումրիում» կամ էս մեկը «Ի՞նչպես Գյումրին դարձնել արդյունաբերական քաղաք»: Էս ու՞մ է ուղղված էս հարցերը, մ՞իթե խեղճ ու աղքատ ժողովրդին, ով չգիտի թե կեսօրին ինչ է ուտելու, իսկ երեկոյան ընդհանրապես՝ պասն է մտքներն ընկնում: Սպասեք հլը, կարո՞ղ է գտել են էս հարցերի պատասխանը, հ՞~ը:


Գիտե՞ք, ընդհանրապես ընտրությունը կատարում են, երբ կա ընտրելու բան, իսկ երբ չկա, ստիպված էս լինում կուրորեն՝ չարյաց լավագույնը ընտրելու: Մեկի տանն էի վերջերս, ասում է, կընտրեմ նրան, ով փող կտա, միևնույնն է, թե ով կլինի: Ասում եմ, բա քո կարծիքը, քո ազատությունը, քո ազատ անկախ ձայնը, ախր կկորցնես քո ինքնությունը, էս ի՞նչի էս վերածվում: Հոգնած ու միապաղաղ աչքերով, որի մեջ ստամոքսի դատարկությունն էր թափառում՝ նայում է աչքերիս ու  հյուծված ժպիտով գլուխը տմբտմբացնում: Հասկանում եմ նրան, չեմ դատապարտում, նրա ազգասիրության լարերը վաղուց կտրվել են, թե չէ կփորձեի դրանց վրա նվագել, բայց մտնում եմ նրա վիճակի մեջ ու զգում վրաս՝ նրա ուսերի վրա բնակված ճնշումների ծանրությունը: Ու՞մ ընտրեմ, ախր ո՞վ կկարողանա նրա ու նրա պես երկու միլիոն հայի հոգսը հոգալ: Դե, եթե նրանց մեջ գտնվի մեկը, ով իրոք ցանկանում է բան փոխել, նրան ձայն կտամ, նրա հետևից կգնամ, նրան աջակից կլինեմ, կհավատամ նրան: Բայց, Ստանիսլավսկի ջան, ախր չեր լինի, որ էդ թևավոր խոսքերդ չասէիր, որ արմատները չմխրճեր իմ մեջ, որ հիմա ուզում եմ մերժել ու գտնել փաստարկներ, որով կկարողանայի հակառակն ապացուցել: Բայց դե տաղանդավոր որտեղից գտնեմ, բոլորն էլ դերակատար են, մեկը լավ, մյուսը վատ, իսկ էն մեկը սրանցից անտաղանղ:
Հայաստանում մնացել է մոտ երկու միլիոն մարդ ու ըստ ՀՀ Արդարադատության նախարարության, պետ ռեգիստրի 2012 թվականի տվյալների՝ էսքան մարդուն բաժին է ընկնում 70-ից ավելի կուսակցություններ: Սրանք էնքան ազգասեր են, որ ազգն են պառակտում: Իսկ սրանց, աղանդներից ի՞նչով կարելի է տարբերել: Դե, ինկատի չունեմ գաղափարախոսությունը և հավատամքը, այլ գործունեությունը, մի տեսեք ինչպես են հոգևորսությամբ զբաղվում, հինգ հազար դրամից մինչև նույնիսկ արբանյակային ալեհավաք են  բաժանում: Բայց դե լավ է, որ « հոգևորսության մասին օրենք »-ը չմտավ ազգային ժողով՝ « Վենետիկի հանձնաժողով »-ի կողմից մերժված լինելու պատճառով, թե չէ պատկերացրեք, ինչ աղմուկ կբարձրանար ու որքան կուսակցություններ դատարանները կընկնեին:
Քանի դեռ ՕԵԿ-ը ջեմ չէր բաժանել, գյումրեցիները քաղցրանում էին Շանթի հեռուստասերիալի հերոսուհի՝ գյումրեցի տիկին Ջեմիկով, միգո՞ւցե հենց մեր տիկին Ջեմիկն էլ մտահաղացում տվեց ՕԵԿ-ցիներին: Էլ ի՞նչ մտքեր կարելի է փոխանցել էս մեր կուսակցություններին: Միևնույնն է, մեր ժողովրդի համար գոյություն ունի մի թևավոր խոսք ու մի սխալ տրամադրություն, նրանք  ասում են,- « շնից մազ պոկելը քյար է, ընտրեմ թե չընտրեմ մեկ է, անցնելու է նա, ով որ անցնելու էր» ու մի կում անում՝ ՕԵԿ-ից բաժին հասած սուրճը:
Դե ինչ, պետք է հավատանք, որ փոխենք, փոխե՞նք, թ՞ե փոխվենք, միգուցե երկուսն էլ: Ամերիկացիների գործը հեշտ է և նախանձելի, իրենց մոտ կամ հանրապետական էն կամ դեմոկրատ: Դաաա, ինչպես ասում է ռուսը, իսկ մենք ասում ենք «էս ու՞ր ենք հասել»: Փոխվել է պետք « опять власть меняется »: Նայում եմ մեր քաղաքական շախմատիստներին ու նրանց « ракировка » լինելուն ու ինքս իմ մեջ մտածում,-« Բա ասում են Հայաստանում քամելյոններ չկան, կան, էն էլ ինչքան, դրանց բազմանալու համար բարենպաստ պայմաններ են ձևավորվել»:
Կամայազուրկ ազգ, ով հոգնել է դիմադրելու ջանքերից, կանգնած է Շեքսպիրյան Համլետի ընտրության առջև, « Լինե՞լ, թ՞ե չլինել, ահա թե ինչում է հարցը»:
«Ազգ որ խաչված է ճակատագրով, խաչքար է կերտում վաղվա հավատքով» Շարլ Ազնավուր:
Ես աղոթում եմ Ձեզ համար և հույսով եմ, որ դուք կկատարեք ճիշտ ընտրություն և թույլ չէք տա, որ ձեր փոխարեն ընտրություն կատարի « Թումանյանը» կամ ավելի վատ՝ «Չարենց»-ները: Պարզապես կատարեք ընտրություն՝ հանուն արժանապատիվ ապագայի և թող, որ ձեր թեկնածուն արժանի լինի ձեր ձայնին, որ դուք ընտրեք առանց երկմտելու և խղճի խայթոցի:

Комментариев нет:

Отправить комментарий