суббота, 3 марта 2012 г.

Մեծ Պահք կամ Մահ իմացյալ՝ անմահություն


                              Հասարակության դեգրադացիայի խնդիրները շարքից

Վերջերս անրադարձա մի խնդրի, որի պատճառով ընտանիքիս և հայրենիքիս ապագայի նկատմամբ ունեցած պատկերացումներիս ձևավորման փուլում արձանագրեցի արգելակում, նույնիսկ հետաճ: Փորձեցի վերլուծել, ախտահանել, երևակել պատճառները և ի զարմանս ինձ, թվում է թե կատարեցի հայտնագործություն՝ ամեն բան, ինչ կատարվում է շրջապատում՝ լինի դա քաղաքական կամ հասարակական գործոն, լինի տնտեսական կամ սոցիալական, կրոնական կամ այլ ոլորտներում առկա վիճակը, բոլորը հուսալքող են, մի տեսակ դավադիր և դավաճան, անվստահելի և բառի բուն իմաստով՝ մարդուն Սուիցիդի  հասցնելու լավագույն կատալիզատոր:
Կարդում եմ լուրերը, առավել ևս դրանց տակ տեղադրված մեկնաբանություններն ու արտահայտությունները ու զարմանում, եթե այս ամենը հասարակությունը ընկալում է սուբյեկտիվ և հաշվի առնելով, որ հիմա Հայաստանում բնակվում է երկու միլիոն մարդ, ապա պատկերացրեք, որ այս իրադարձությունները ընկալվում են անհատապես  ու դրանք ստանում են իրենց արձագանքը՝ նույնպես անհատապես և ավելին, չկա դրանց համընդհանուր ընկալումը, ապա վատատեսության դիրքից ահազանգելով աղաղակեմ՝ տագնաաապ, սպասվում է քաոս: Օրինակի համար ասեմ, փորձեք մի բան գրել համացանցում և դուք կհամոզվեք, որ ձեր տեսանկյունը կընկնի բազմաճակատ հարձակումների տակ և նշանառուները ոչ մի կերպ չեն խնայի ձեզ, եթե նույնիսկ դուք բարձրաձայնում էք բոլորին հայտնի խնդիրները: Թշնամությո՞ւն, այն էլ մի բուռ ժողովրդի մեջ: Այո, պետք է փաստել որ իրար ենք ուտում: Փորձեմ հեգնել, դե մեղավորը համաշխարհային տնտեսական ճգնաժամն է, կամ էլ անտաղանդ ղեկավարությունը, կամ էլ մարդիք պարզապես ցանկանում են գոյատևել և այդ իսկ պատճառով, նրանց մոտ զարգանում է ընտանեկան՝ ոհ, ներողություն՝ կլանական միասնականության հասկացողությունը:
Մարզերում, ավելի շուտ՝ աղքատ մարզերում, եթե տեղականացնեմ դա, ապա առավել ևս գյուղական համայնքներում՝ զարգանում է ծնելիությունը: Դե սա ինքնին սքանչելի փաստ է: Սակայն, հիմա ի՞նչ, ասենք որ դարը շատվորանցն է, թ՞ե պարզապես աղքատության նպաստի կամ ծնելիության միանավագ գումարի մեջ է գաղտնիքը: Դե իհարկե, ոչ մի կերպ չենք կարող պնդել, թե հասարակությունը հասկանում է դեմոգրաֆիկ խնդիրը և լուծում տալիս դրան: Անձամբ ես տեղյակ չեմ, մի գուցե ինչ որ մեկը ազգին համաշխարհային տեսիլք է տվել՝ ծնել և հետագայում արտագաղթի միջոցով վերաբնակեցնել աշխարհը հայերով: Չեմ կարծում, թե այս հարցում հրեաներից առաջ կանցնենք, այս հարցում՝ նրանք բացահայտ առաջատարներ են:
Երեկ ինձ մի պահ թվաց, թե սովետական կարգերն են հետ եկել: Խանութներից մեկում, երեսուն դրամով ձու էին վաճառում: Առաջին միտքը, որ եկավ՝ մտածեցի, սովետն է հետ եկել, երկրորդը՝ մի քիչ սթափեցնող էր, երևի առաջիկա ընտրություններն են պատճառը, սակայն երրորդ միտքը՝ չէ դրանք էսպիսի … ուտի: Հետո հասկացա, որ Մեծ Պահքն է և ձվի պահանջարկ չկա և թռչնաբուծական ֆերմաները ընկել են ցայտնոցի մեջ, ուստի հոտեցնելու և թափելու տեղը կարելի է էժան վաճառել, դե եթե էդպիսի բան հնարավոր է, ապա էժանացրեք, գոնե մարդիկ ձուն կուտեն ու կգոյատևեն: Երանի թե, էդ ցայտնոցը տևէր դարեց դար: Պատկերացրեք, որ այսօր էլ տեսա, թե ինչպես էին մարդիք մի քանի հարյուր հատով ձու կրում տները, իսկը էսօր՝ Զատիկն անելու ճիշտ օրը կլիներ, զարմանում եմ, թե մի ամիս էդ ձուն ի՞նչպես են պահելու, մինչև որ Զատիկը նշենք:  Մեկն էժանացնում է, իսկ մյուսը հակառակը՝ թանկացնում, հիմա էլ ալյուրի գինը բարձրացրեցին, որ ընտրության օրերին կաշառք բաժանելու փող ունենան:
Նողկանք եմ ապրում այս մտքից, առավել ևս երևույթից:
Նրանք, ովքեր նախապատրաստվում են ընտրություններին, արդեն սկսել են չարչու նման ընկնել դռնե դուռ ու իրենց ցուցակները ճշտել: Մարզերից մեկում, սոված մարդկանց արբանյակային ալեհավաքներ են բաժանում, որ մարդիք իրենց ընտանիքներով՝ ալեհավաքի ափսեից միասնական ճաշ ուտեն: Մեր ժողովուրդը մոռանում է ժողովրդական խոսքը՝ « ինչ բրդես չանախը, էն էլ կգա գդալը»:  Վեբ կայքերից մեկում՝ մի այսպիսի հոդված կար, « Շիրակում ձայների ընտրակաշառքը տատանվում է 1000-5000 դրամ »: Ծիծաղեցի, արդեն բարձրաձայն և հանրորեն սահմանում են գին, գոնե մարդիք մի քիչ թանկ « ծախվեին»՝ ծախվելուց հետո:
Էս ո՞ւմ հաշվին են քեֆ սարքում, ժողովրդից խլում ու «ժողովրդի համար»՝ տալիս ժողովրդին, մի տեսակ ազնվական ավանտյուրա է ստացվում, սակայն այստեղ համամիտ կլինեմ ձեր հայհոյանքներին: Ես դեմ եմ հայհոյելուն բայց միևնույնն է դուք դա անելու էք: Այնպես որ, թե իմ և թե ձեր թերացումը արդեն իսկ բացահայտ է:
Սակայն մխիթարանք կա, քանի որ մեծ Պահքի շրջան ենք մտել: Թեև շատերի մոտ այս Պահքի մասին թյուր հասկացողություն կա, բայց սրա մասին կխոսեմ մի քիչ ներքևում:
Նրանք ովքեր գիտեին այս մասին, հասցրեցին մի լավ սևացնել իրենց հոգիները, որ Պահքով այն մաքրեն: Մեկի սև սիրտը, մյուսի վարդագույն … չէ, չէ, ես ի նկատի ունեմ երազանքները: Սակայն, ինչպես ասում է ժողովուրդը,-«Ինչ լավ է, որ գոնե ընտրություններից առաջ կարող ենք վարժեցնել մեր ստամոքսները՝ ընտրություններին հաջորդող՝ երաշտի տարիներին»:
Վերջերս, մի խումբ երիտասարդների հետ զրուցեցի Պահքի թեմայի շուրջ: Նամանավանդ, որ նրանք ոգևորված էին Սուրբ Սարգսի՝ սիրահարների հովանավորյալի տոնի առիթով և այս ոգևորումով մուտք էին գործում Մեծ Պահք: Ինձ համար բացահայտեցի, որ դիցական աստվածները վերադարձել էն: Եթե այսօր քրիստոնեական եկեղեցիներում արդեն կա սիրո հովանավոր, ապա հետագայում կլինեն պտղաբերության և ռազմի, ինչպես նաև այլ հովանավորյալներ՝ աստվածիկներ: Եթե այսպես շարունակվի, ապա անհապաղ աստվածների պանթեոններ պետք է կառուցենք և ողջունենք հեթանոսության հարությունը: Իսկ կեդանաբանական այգիներում, բազմացնենք բազեիկներ և արծվիկներ, որպես հզորության խորհրդանիշ: Եթե թռչնագրիպի վիրուսը թույլ չտա, որ այս աստվածահաճո գործը գլուխ բերվի, դե մենք փիղ պսակող ու նրա « առաջին գիշեր»-ով զմայլվող ազգ ենք, ապա ես դեպքում էլ մի հնարամտություն կգտնենք: Սակայն վերադառնամ այս երիտասարդներին: Հարցնում են, ճիշտ է Պահք պահելը թե ոչ: Հարցը դժվարին է և երկիմաստ: Պահելը ճիշտ է, սակայն դրդապատճառները՝ որոնք քարոզվում են՝ սխալ:
Սոված ժողովուրդը տարին տասներկու ամիս պահքի մեջ է, այսինքն՝ ինքնին է պաս պահում, քանի որ նրանց համար, այդ մթնոլորտը արդեն պատրաստի է: Մինչ ոմանք անկեղծորեն Պաս են պահում, ոմանք դավադրաբար սա որպես հնազանդեցման միջոց են դիտարկում: Սակայն ինձ զարմացրեց երիտասարդների պատասխանը, թե նրանք ի՞նչու են պաս պահում: Պարզվում է, պահում են, որ իրենց հոգիները մաքրվի: Դե, եթե դու կարող ես քո հոգին մաքրել, ապա այլևս Քրիստոսի թափված արյան կարիքը չկա: Ուրեմն, նրան զուր տեղը խաչեցի՞ն: Էս ո՞րքան ենք հեռացել Աստվածաշնչի ճշմարտություններից, թե Քրիստոս, մեր մեղքերի համար պատարագվեց և իր թափած արյունը մեզ սրբում է ամեն մեղքից:
Դեգրադանում է հասարակությունը և այդ թվում նաև կղերականությունը, թեև չէի ցանկանա վերջինիս առանձնացնել հասարակությունից: Ո՞վ է այս ամենի հաղինակը: Մի գո՞ւցե, այս Պահքը հայտարարվի միայն իշխանավորների համար, կամ կղերականների համար, որ իրենց գոտիները մի քիչ ձգեն և զբաղվեն իրենց հոգիների մաքրությամբ, իսկ ժողովրդին թույլ տան, որ իրենց հոգին՝ Քրիստոսի արյունով մաքրեն և ճաշակեն իրենց Արարչի պարգևած հանապազօրյա բարիքները: Որ նրանք զավակներ ծնեն Աստծո օրհնության պատճառով և ոչ թե աղքատության նպաստի համար: Իշխանավոր ընտրի Աստծո հաճությամբ և ոչ թե էժանագին կաշառքով: Իր երկիրը կառուցի և տուն գա ծառ տնկելու համար, փոխարեն, որ ուրիշի երկիրն է շինում ու ուրիշի կանանց: Իր բանակին զավակ տա՝ հայրենի հողը պահպանելու համար և ոչ թե պատերազմի միջոցով հարստացող գեներալների անհագուրդ ագահությանը՝ իր անգին կյանքը զոհելու համար:
Ասում են, թե շատերն են բարձրաձայնում առկա խնդիրները, սակայն քչերն են առաջարկում ելք: Ես կարծում եմ, որ բարձրաձայնվող խնդիրներն արդեն իսկ բավական են, որ յուրաքանչյուր մարդ ճիշտ արձագանքի իր մասնագիտական ոլորտում ծագող խնդրին և լուծումը տա դրան: Մեզ ամենևին էլ պետք չէն դիկտատորներ, ովքեր կկարողանային ստիպել կամ պահանջել լուծումները:
Կիզակետ, ամեն բան սրան է տանում, իսկ հետո՞... :

Հովիվ Մամիկոն Համբարյան
http://lragir.am/armsrc/society-lrahos61844.html 


Комментариев нет:

Отправить комментарий