Հիսուսն ասում էր,-« ի՞նչ որ ուզում ես, որ մարդիկ քեզ անեն, այն էլ
դու նրանց արա» : Ոսկե կանոն՝ սակայն չափազանց վտանգավոր հետեվանքներով: Շատերն անգամ
չեն էլ պատկերացնում, որ գործ են ունենում բումերանգի կամ բումերանգի կանոնի հետ: Բումերանգը
նետելիս պետք է զգոն լինել, քանի որ այն միշտ էլ վերադառնում է իր թռիչքի նետման նախնական
կետը: Կարելի է ասել, որ բումերանգի նետմամբ գրեթե ոչ ոք չի զբաղվում, դե որտեղից զբաղվեն,
նամանավանդ, որ այն չի մտնում այսօրվա ռեյտինգային խաղերի կամ զբաղմունքների էլիտար
ցանքում: Այստեղից էլ ցավալի հետեվանքներ, քանի որ չզբաղվելով այս մարզաձեվով, միեվնույնն է մենք ավելի հաճախ ենք առնչվում այս
խաղի կանոնի հետ, քան բուն գործիքի՝Բումերանգի:
Միանգամից ասեմ՝ չարությունը, որը մենք հաճախ ենք արտանետում
մթնոլորտ, հետապնդում է կոնկրետ նպատակակետ՝ զոհի: Մենք նշանառության լայն թիրախի մեջ
ենք ընդգրկում շատերին, երբեմն անխտիր բոլորին: Հնարավորության դեպքում մենք կիրառում ենք մեր հնարամտությունը՝ մտովի, լույսային արագությամբ գրում ենք վրեժի լուծման սցենար, հաշվարկում հասցվող վնասն ու ստացած շահը: Մի խոսքով, մենք
կանգնում ենք գլխավորելու՝ մարդկությունը կործանող
բանակի հրամանատարությունը: Այստեղ կանոններ եվ սահմանափակումներ չկան, թույլատրվում
է ամեն ինչ, ինչը կարող է երաշխավորել հաջողությունը: Որպես օրինակ ասեմ մեզ ծանոթ
մի շարք միջոցներ, որից ավելի հաճախ ենք օգտվում քան նույնիսկ պատկերացնում ենք: Բանբասանքներ,
վիրավորանքներ, հեղիանկազրկում, հայոյանքներ, անեծքներ եվ վարքաբեկումներ, սուտ՝ հնարովի
պատմություններ, երեվակայության հուսախաբ երազանքի խաբկանքներ, թուղթ ու գիր ու մի
շարք պառավական ու սնոտի միջոցներ: Մենք հետապնդում ենք շահ, մեր եսին հագուրդ տալու համար: Կրակը քաշում մեր բաղաջի
տակը, ուրիշի ապրելը չենք ուզում, մեր ծառը կտրողի անտառն ենք կտրում, մեր ոտքը կոխողի
գլուխն ենք կոխում: Ազգային կերպար, երեվի միակն ու անկրկնելին ամբողջ աշխարհում: Իսկ
մի գուցե սա ուղղակի առասպել է, մտացված լեգենդ, թե մենք իրոք այսպիսին ենք: Ո՞վ է
այսպես ասում: Դե մենք, ինքներս, էլ ո՞վ կարող էր համարձակվել, որ մեր մասին այսպիսի կարծիք հայտներ:
Սա ի միջիայլոց: Մեր ազգին բնորոշող հատկանիշներից է սուրճ
ըմպելու ծիսակատարության ժամանակ զբաղվել բումերանգի նետմամբ: Չէ, խնդրում եմ ինձ ճիշտ
հասկացեք, ես դեմ չեմ սուրճ խմելուն առավել եվս խմողներին: Ես դեմ եմ երեվույթին, որն
ուղեկցում է բուն սուրճ ըմպելու պրոցեսիային: Հիշում եմ մի հաղորդում, որտեղ Ժիրինովսկուն
հարցնում են, թե ի՞նչ կարծիք ունի նա հայերի մասին: Ժիրինովսկին պատասխանում է, -«
դրական, ես ունեմ լավ ընկերներ հայերի մեջ, միայն թե հայերը բանբասանքչի են, կխմես
նրանց հետ մի բաժակ օղի եվ ահա քեզ, սկսում են բանաբասել ավելի՝ քան կանայք»: Դե, սա
օբյեկտիվ կարծիք մեր մասին՝ իրականություն, որի պատճառով չարժե ոչ մեկին մեղադրել կամ
նեղանալ:
Սա բանբասանքի ոլորտն էր, թերեվս ստորջրյա խութի նման, որի
վրայով առանց կասկածելու սահում է կյանքիդ նավակն ու հանկարծ՝ «բաբախ», ջարդվում ու
նավաբեկության ես ենթարկվում, ու մնում է, որ
կյանքիդ փոթորկվող ալիքների՝ դատարկ ու սպիտակ փրփուրներին ձեռքդ գցես: Դե,
պետք է մեզ հաշվի առնել այն փաստը, որ այսօր ամբողջ աշխարհում քարոզվում է ինդիվիդուալիզմը:
Ո՞րտեղից այսքան պատերազմները, դե լավ լավ, համաձայն եմ,
պատերազմները մի քիչ գլոբալ ստացվեց: Լոկալացնեմ:
Ո՞րտեղից այսքան վեճեր, կռիվներ, բաժանություններ, զրկանքներ, հափշտակություններ, օրինազանցություններ,
կաշառակերություններ, հանցագործություններ, գողություններ, թալան, բռնաբարություներ, սպանություններ եվ էլի մի շարք « ություններ »:
Այս ցանքն անվերջ է, այ օրինակ՝ եթե փորձենք թվել այն ամեն լավն ու բարին, որ հնարավոր
է, որ լինի մեր շրջապատում, որը կարող է մեզ պարուրել, ջերմացնել, արթնացնել մեր հիշողության թոզոտ ու բորբոսնաց
արխիվային գրադարակներում հանգրվան գտած հիշողությունները, ապա վաղեմության պատճառով
հնարավոր է, որ մենք ստիպված լինենք դրանք, որպես խոտան ուտիլիզացնել: Թերեվս ստիպված
լինենք դիմել լրատվությանը, քանի որ նրա արխիվներում են պահպանվում եզակի տեսանյութերը,
որտեղ ցուցադրականորեն հրատարակվում է այս կամ այն «մեծն», «Ազգի բարերար»-ների բարեգործությունները, որոնք ավելի հաճախ նրա բիզնեսի՝
եթերային թանկ գովազդի աշխարհում, ընդհամենը էժանորեն ձեռք բերված գովազդային հոլովակներ են, քան թե անկեղծ եվ անշահախնդիր
ազգային շահերի հետապնդում՝ սրտացավ հայրենասերից: Բումերանգ: Մենք քաղում ենք մեր
սերմածի պտուղները եվ վախենում խոստովանել, որ մենք ենք այսօրվա իրականության սցենարիստները,
մեղավորները: Մեր ցանածը դառն է գալիս մեր քիմքին: Երբ Աստված հարցրեց Ադամին, թե այս
ի՞նչ էր որ արեցիր, Ադամն ասեց,- ես մեղավոր չեմ, կինը որ տվիր՝ նա ասաց,- կեր: Այլ
կերպ ասաց,-Դու էիր մեղավոր ով Աստված, դու՝ քո ստեղծած կինը, չստեղծեիր՝ նա էլ չխաբվեր:
Հիմա մենք էլ Ադամի նման ասում ենք, դե երկիրը երկիր չի, կյանքը կյանք չի, սա էս չի,
էն էնենց չի, ու էսպես մեղքը բարդում ուրիշի վրա, ու՞րիշի, թե՞ Աստծո: Ի՞նչու էսպես
չարացանք:
Մայր Թերեզան, այդ նուրբ ու փխրուն կինը, ում մեջ ամբողջանում
էր ողջ մարդկության իմաստությունն ու Աստվածային բարությունը, ասում էր,-«Ինձ մի կանչեք
հանրահավաքների ընդդեմ պատերազմի, ես չեմ գնա, ինձ կանչեք հանրահավաքի հանուն խաղաղության,
եվ ես կգամ»:
Կռիվը ծնում է կռիվ, չար նայվածքը ծնում է վեճ, վեճը՝ բորբոքում
է ընդհարում, բախում, բողոքը՝ բողոք է ծնում, նախանձը ծնում է հափշտակություն: Եվ այսպես
ահընդհատ եվ շարունակ: Բումերանգ:
Այս իրավիճակում որքան դժվար է ասել մի խոսք՝ խոսք, որ կյանքի
նման արարող է: Պարգեվել մի ժպիտ՝ հույսի լրումով սնված: Պարզել մի ձեռք, ձեռք օգնության՝
ջլապինդ ու ամուր բազկի հենարանով: Կռնակ տալ, հավատ պարգեվել, երջանկացնել, տալ ապահովության
թանկ ու սպասված երաշխիքը: Վերջապես կյանքն այն է, ինչն անկրկնելի է, եզակի, ուրույն,
պարգեվ Աստվածային: Ես ասում եմ կյանքին ԱՅՈ: Ես նետում եմ իմ բումերանգը: Բաց եմ թողնում
իմ հացը ջրերի երեսին, որ մի օր այն իմ առջեվ վերադառնա: Ես նետում եմ իմ բումերանգն
ու աղաղակում ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ: Ես նետում եմ իմ բումերանգն ու օրհնում, օրհնում իմ
երկիրը, հողը, ջուրը, ծառը, ամուսնությունն ու ընտանիքը, մայրն ու հայրը, ծնունդն ու
մահը, կինն ու տղամարդը, ջահելն ու ահելը, աշխատանքն ու հանգիստը:
Կյանք հանգրվանիր Հայաստանում, որ մահվան ոգին հեռանա:
Աստված իմ օրհնիր իմ երկիր Հայաստանը:
Վեր. Հովիվ՝ Մամիկոն Համբարյան
Комментариев нет:
Отправить комментарий