քաղաքացիական նախաձեռնություններ շարքից
Քաղաքիս
գովք, վաղեմի հուշեր: Մի քաղաք, որը կենդանի էր և նրանում կյանքն էր եռում: Արվեստի
և արհեստի քաղաք, հումորի, երգ ու պարի քաղաք, հանճարների օրրան և դյուցազների կռատուն:
Այս քաղաքում՝ խոսքն օդում բանաստեղծություն էր դառնում, ծիծաղը՝ ստեղծագործություն,
լացը՝ խինդի կոչ, մահը՝ կյանքի փիլիսոփայություն, ծնունդն հույսի շող, աշխատանքը՝ երջանկություն,
հանգիստն առողջ կենսակերպ:
Մեռավ
իմ քաղաքը 1988-ին և նրա հետ միասին կյանքը մեռավ: Նրա փլատակների վրա, հիմա մի այլ քաղաք է վեր բարձրանում,
մեզ անծանոթ, մի տեսակ մեռած ու անկյանք, թղթե, անտեսք ու կեղտոտ, իսկ մարդիկ այնքան
տարբեր՝ տարբեր նրանցից, որ էին և որ էլ չեն լինելու:
Ժամանակը
խռոված բաժանվեց երկու մասի՝ անցյալի և ապագայի, ապագայի, որը դեռ կառչած է անցյալից:
Ու մարդիկ բաժանվեցին, ոմանք մնացին անցյալում, իսկ ոմանք պարզապես խռովեցին ու թողեցին
գնացին: Գնացին ապագան փնտրելու, իրենց փնտրելու, իրենց գտնելու, կյանքը՝ կյանքի կոչելու:
Ջնջեք
իմ հուշերը, ներկայի ճնշումներից՝ դրանք սեղմվում են ինձանում ու ցավ պատճառում ինձ:
Դեռ
երեկոն վրա չհասած, մարդիկ վազում են տուն: Փողոցում կարելի է հանդիպել վազող մարդկանց,
ովքեր ինչ որ գործի պատճառով ուշացած՝ վախվորված, շտապում են ժամ առաջ հասնել տուն:
Ժամանակը չի շտապում, քանի որ դեռ ժամը վեցն է և թվում է, թե օրը նոր պիտի սկսվեր,
մինչդեռ մարդիկ ավարտելով աշխատանքային օրը շտապում են ավարտին հասցնել այն, կարծես
թե օրն այլևս սպառել է իրեն: Փողոցները դատարկվում են՝ ձայները հետզհետե մարում, քաղաքի
վրա կուտակված փոշեկեղտ զանգվածը հանդարտ իջնում է քաղաքի վրա, որպեսզի հաջորդ օրը նորից վեր բարձրանա: Շենքերի պատուհաններից
ներս, իրար հետևից սկսում են վառվել ճրագները և բաց պատուհաններից դուրս են հորդում
հեռուստացույցով ընթացող այս կամ այն հեռուստասերիալի ձայնը, որը ընտանեկան վեճ է հիշեցնում:
Բազմաթիվ պատուհաններ և նույնքան էլ վեճեր:
Ի՞նչու
են շտապում այդ մարդիկ, ու՞մից են փախնում նրանք, ու՞ր են վազում և մինչև ե՞րբ: Ինչպես
արբեցող մարդը, ով գինու մեջ խեղդում է իր վիշտը, այնպես էլ ողջ քաղաքն է իր դառը կյանքը
մոռացության տալիս գիշերվա քունի մեջ:
Բյուր
է թշնամին՝ կերպարանքն ահավոր: Աղքատություն են կոչում նրան, մասնագիտությամբ գործազուրկ
է, վախեցնում է արտագաղթով, Իր ուժն է օրինազանցությունը: Ցնցվում է երկիրը նրա ոտքերի
տակ ու ժողովուրդը՝ նրա ահից:
Այլաբանությունից
մի պահ դուրս գալով, ներկայացնեմ, այդ թշնամու
իրական պատկերը թվերով:
Գործազրկությունը Հայաստանում
ըստ Gallup-ի: Իրականում գործազուրկ է կանանց 73 և տղամարդկանց
62 տոկոսը:
Պաշտոնական տվյալներով 2011-ի դեկտեմբերի դրությամբ
մեր երկրում գործազուրկների թիվը կազմել է 6 տոկոս՝ տարեսկզբի համեմատ նվազելով 1 տոկոսով:
Կանանց գործազրկության ցուցանիշը՝ 70,9 տոկոս, շարունակել է բարձր մնալ: Հայաստանում
2011 թ. մայիսին, ըստ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, պաշտոնապես գրանցված
էր 75 հազ. գործազուրկ, որոնցից` 52 հազարը` կին (մոտ 70 տոկոս): Տվյալները վերցված
է՝ tert.am/am/news/2012/07/06/gallup-unemployment-2011/
Աղքատությունը Հայաստանում
հասել է 46 տոկոսի: Իսկ բնակչության ծայրահեղ աղքատության ցուցանիշը հասել է 3.8 տոկոսի: Սա, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի: Տվյալները վերցված են http://www.armtown.com/news/am/nws/20110906/73196/
Արտագաղթի մակարդակը Հայաստանում
20,3 տոկոս է; Սա ըստ Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանի: Տվյալները վերցված է http://news.am/arm/news/7366.html :
Ինքնասպանությունները, ըստ՝ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի ու իրավունքի ինստիտուտի տնօրեն պն. Պողոսյանի, 2009-2010
թվականներին աճել է 9%-ով, իսկ 2011թ.-ի համեմատ այդ ցուցանիշն աճել է 30%-ով»: Տվյալները վերցված է http://www.tert.am/am/news/2012/07/30/suicide/:
Այս ցանքը դեռ շարունակելի է, սակայն այսքանն այս պահին բավարար: Այս
իրականությունն իր թմբիրի մեջ է առել մեզ:
Դարձյալ
ցավոտ հուշեր: Քսաներեք երկար ու խավար տարիներ՝ տառապանքների և նեղությունների, գործազրկության
և աղքատության, նվաստացման և մերժվածության մեջ, սակայն փոփոխության ակնկալիքով՝ սպասումներ և հույսեր փայփայած
մի ժողովուրդ:
Սա, ընդհանուր Հայաստանյան պատկերն է: Հատուկ շեշտադրմամբ եմ նշում Հայաստանյան բառը, քանի
որ քիչ ներքևում կհասկանաք, թե ինչ ի նկատի ունեմ: Այս պատկերը ավելի գորշ է մարզերում, նամանավանդ Շիրակում, որտեղ վերը
նշած խնդիրներն իրենց գագաթնակետին են
հասել: Այստեղ, մարդկանց կենսակերպը՝ Երևանյան վարդագույն կենսակերպի հակապատկերն
է: Թվում
է, թե 120 կիլոմետր
հեռավորությունը, բավական չէ նման կոնտրաստներին բախվելու համար, սակայն իրական պատկերը տեսնելիս՝ համոզվում
ես, որ նույնիսկ մի քանի հարյուր մետրը կարող է բաժանարար լինել: Ինչպես քիչ առաջ վերևում
էի նկարագրում, որ երկրաշարժից հետո՝ ժամանակը բաժանավեց երկու մասի, այնպես էլ հարկ
է նշել, որ Հայաստանը բաժանվեց՝ Հայաստանի և Երևանի: Թվում է, թե գրածս տիպիկ «ռայոնցու»
մտածելակերպ և հոգեբանություն է, սակայն արի ու տես, որ սա իմ դիտարկումն է, թե ինչպես
է դասակարգվում և բաժանվում հասարակությունը՝
հենց իր ներսում, որտեղ երևանցիները անմեղորեն պիտակավորում են մյուս մնացածներին՝
«ռայոնցիներին»: Հարց է ծագում, ի՞նչու: Կենսակերպի մակարդակների տարբերության մեջ
է խնդիրը, որն էլ իր հերթին է հարցեր առաջացնում: Իսկ այս պարագայում պատասխանը բազմաբնույթ
է և ինչ վարկած ասես, որ չենք կարող առաջ քաշել: Կարող ենք մեղադրել կառավարությանը
կամ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, գլոբալացումը, հայաստանյան անտաղանդ քաղաքականությունը
կամ ուրիշ ինչ որ մի բան, կամ մի՞գուցե ինչ որ մեկին: Ինչ էլ որ լինի պատճառը, թերևս
ամեն բան կենտրոնանում է մեծ քաղաքում և մարդիկ՝ մի տեսակ կախարդված, ձգվում են դեպի
այնտեղ, որտեղ կյանքն ավելի կենսունակ է և վառ գույներով համեմված՝ շարունակ զարգացման
միտումով:
Իսկ
իմ քաղա՞քը, նա տակավին դեռ հույսեր է փայփայում ու վառ, գունավոր երազներ տեսնում:
Նա կկառուցվի ու կլինի
ավելի լավը, քան
երբևէ եղել է: Մենք դա դեռ
կտեսնենք:
Խավարը
թանձրանալիս՝ լույս է ծնում, լույսը ծնում հույս, հույսը ծնում տեսիլք, տեսիլքն ապագա,
իսկ ապագան ծնեց ներկա սերունդը՝ մտածող, փնտրող գտնող պայքարող, չհամակերպվող, չլռող,
ով խավարից ծնված լույսն է՝ ժամանակի պահանջով: Մի հույս կա ու մի առկայծող պատրույգ:
Շուտով:
Ես
եմ, դու ես, մենք՝ մի բազուկ, մի կռնակ ու մի հենարան, ամուր ու անվարան, իսկ ասպարեզում՝
բազմագլուխ մի ախոյան, իսկ մեր բազկում մի սուր՝ օրենքի ու կամքի ուժով օժտված: Գործ
կա անելու, անձնուրաց գործ, շա~տ գործ:
Նոր
միտք, մի նոր սերունդ, նոր ուժ ու նոր քաղաք ու երազած մի նոր երկիր: Շուտով:
Մամիկոն Համաբարյան
Տպագրվել է lragir.am; shirakcentre.org; blognews.am և hraparak.am կայքերում
Комментариев нет:
Отправить комментарий