Ապրելու համար հարկավոր է
վճարել, թանկ վճարել: Բառիս բուն իմաստով եմ
ասում և ոչ թե փոխաբերական: Կյանքը
դարձել է էժան,
իսկ ապրելը՝
թանկ: Դանակը հասցնում են ոսկորիդ, դե, կարո՞ղ ես՝ դիմացի: Իմ մի կաթիլ համբերությունը ու քո մի կաթիլ բարկությունը, ծով է մեզ, դե, որ հորդեց հեղեղի նման կլինի, կավերի ու կապականի, մինչև իր ողջ բարկությունը դուրս տա, հանգստանա:
Հաշիվներ, պարտքեր, նիսյաներ ու նորից հաշիվներ՝ ներկայցված ապրածդ կյանքի համար,
որի համար պիտի վճարես, ու՞մ, դե բոլորին՝
գազի մարդուն, լույսի մարդուն, աղքատության նպաստը տվող կեսգրագետ «տիկնոջը» կամ էժանագին կոստյումով «Պարոնին», թոշակը
բաժանող փոստատարին, ով լկտի հայացքով, առհամարական քմծիծաղն այլանդակ դեմքին՝ նայում է քեզ, սպասելով, որ գլխի
ես ընկնելու «հարկդ» վճարելու համար, կամ բյուրոկրատ քաշքշուկների վերահսկիչ քարտուղարուհուն,
ով չի տա քեզ տեղեկանք մինչեվ 5 դրամանոց A4 ֆորմատի թղթի դիմաց՝ քեզանից չպոկի առնվազը
հարյուրապատիկ ու դրան էլ մի հատ գումարած՝ աղբի մաքրման ծառայության դիմաց գանձվող գումարը, որը սակայն երբեք էլ չի
կատարվում և աղբանոցում
իրենց երջանիկ մանկությունն են անցկացնում
առնետիկներն ու մարդկային կերպարանքը կորցրած չքավորները: Աղքատության նպաստ ստանալու համար, առնվազը երեք ամսվա նպաստը պետք է տաս սոց ծառայության աշխատակցին, որ օրենքով քեզ հասանելիքդ՝ անօրինաբար քեզ հասցնի, չտվիր՝ վայ քեզ: Հարկավոր է վճարել բոլոր կոմունալ ծառայությունների ծախսերի դիմաց, էլ չեմ ասում երեխաներիդ կրթության, դպրոցում գրքերի և այլ բաների համար: Վճարել, վճարել, վճարել ու էլ վերջ չկա այս մղձավանջին:
Սիրտդ կտոր կտոր է լինում, երբ առնետի նման կյանքդ կրծում են, տիզի նման ծծկում արյունդ,
սղոցի նման սղոցում են նյարդերդ ու անճարությունից նայում ես քաղցած երեխաներիդ սփրթնած դեմքներին ու հեծկլտոցը կոկորդիդ դեմ
առած հայհոյում ես քեզ տղամարդ ասողին, զգում ինքդ քեզ նվաստացած, անօգնական ու անիծում
կյանքն ու ծնվածդ օրը: Բոլորը քեզանից բան են ուզում ու դու տալիս ես: Թվաբանության
մեջ գյուտ ես անում ու գիտակներին զարմացնում, թե ինչպե՞ս կարելի է մի քանի տասնյակ հազար
դրամով վճարել առնվազը մի երեք հարյուր հազար դրամ ընտանիքի կարիքների դիմաց՝ կատարածդ ծախսի համար: Դե, դա քո գաղտնիքն է, դու ոչ մեկին
չես ասի, նամանավանդ տնտեսագետ վարչապետիդ, նույնիսկ երբ նա ամեն գնով փորձում է գաղտնիքը
քեզանից դուրս կորզել ու հնարամտորեն քեզ քամելու այլ միջոցներ է փնտրում:
Դու հերոս ես, արժանի
հարգանքի՝ նույնիսկ, երբ ոտնահարում
են քո իրավունքներն ու քամակիդ քացի տալիս, թղթերը խոթում բերանդ ու ստիպում, որ
լռես մինչ քեզ բռնաբարում են: Դե, ի՞նչ ձայն հանես, երբ բռնաբարված օրենքն է
լռում՝ սուս ու փուս կուչ գալով պետությանդ մի փախած անկյունում, որ չբացահայտվի
իր թաքստոցը, իսկ արդարության աչքերին
փալաս են գցել ու մինչ նա փորձում է հասկանալ, թե ինչ պատահեց ու ցայտոցի
մեջ աչքակապից է փորձում ազատվել, նրա հավատարիմները իրենց սև գործն են հասցնում անել: Նման է 90- ականների թաղային
կռիվներին, երբ «կոդլով» վրա էին հասնում ու ծեծում, մինչ դու հասցնում էիր ուշքի
գալ գոռում էին «մենտերը» ու փախնում՝ թողնելով քեզ
շվարած ու արնաթաթախ:
Երևի միակ մխիթարությունը քեզ շրջապատող բախտակիցներդ
են, ովքեր չեն դատապարտում քեզ,
հասկանում ու թախծոտ հայացքով գլխով են անում, թե՝ հասկանում եմ քեզ,
«մի տանից չենք,
բայց մի հալի ենք»:
Ու չկա մեկը էս խեղճ ու ծեծված ժողովրդի թասիբը քաշելու:
Արդարության ծարավից կոկորդտ
չորացել է ու ձայնդ բերանիցդ դուրս չի գալիս, ի՞նչ դուրս գա, երբ նրան հինգ հազար
դրամով վաճառեցիր քեզ ստրկացնողին՝ խաբվելով նրա հմայիչ ժպիտին ու նենգությունը վարպետորեն
քողարկած պլպլացող աչքերին, չկարդացիր դատավճիռդ՝ մահ: Ապա սիրտդ «սիրտ առնելով» ՓՈԽՀԱՏՈՒՑՈ՜ՒՄ աղաղակեց, ներսիդ պատերին
բախվելով արձագանքեց ու մարավ անպատասխան:
ՍԽԱԼՎԵՑԻՆՔ, դե մարդ ենք, անսխալական չենք կարող լինել, բայց ինչո՞ւ սխալներից դաս
չքաղեցինք ու կարծես թե մեր սխալվելը դարձավ խրոնիկական
բնույթի՝ անբուժելի: Դե հիմա լռի ու
հանդուրժի:
Հույս, նրա նշուլն անգամ
ամբողջական հույս է: Որտե՞ղ կորցրեցինք նրան, ինչո՞ւ: Ախր նա մեզ հետ էր, մեր
կողքին: Նա տալիս էր մեզ հավատ ապագայի հանդեպ, սեր՝ իրար սիրելու և հարգելու համար, ուժ և կորով՝ աշխատելու համար: Մենք նրանով զմայլվում էինք ու վեհ, գլուխներս դեպի
ապագան բարձրացրած,
քալում անհողդող, անվարան:
Հիմա գլխիկոր, ոտքներիս տակ
ենք ման գալիս նրան, օրը ցերեկով վառում լույս՝ նրան գտնելու համար: Հույսի
տաճարում նրան ման մի արի, նրան էնտեղից վաղուց են վռնդել, տեսնու՞մ ես աշտանակի
մոմերը, դրանք վառվում են որպես փարոս, որպես ուղեցույց, որ նա տեսնի աղերսող սրտի՝ դեռևս առկայծող
հավատքի կայծն ու տուն գա:
Հույս, ու՞ր էս է~, ձայն հանի:
Մամիկոն Համբարյան
Տպագրվել է zham.am և hraparak.am
կայքերում
Комментариев нет:
Отправить комментарий